«Մամ… էդ բառն անընդհատ իմ մեջ կրկնում եմ, որ ձայնը հանկարծ չմոռանամ»,-ասում է տանկիստ Սերգեյի մայրը

Արթուր Հայրապետյան Դեկտեմբեր 17, 2020

«Մամ… էդ բառն անընդհատ իմ մեջ կրկնում եմ, որ ձայնը հանկարծ չմոռանամ»,-ասում է տանկիստ Սերգեյի մայրը Նոննա Մելքոնյանը սրբում է արցունքներն ու պահարանի վրայից վերցնում զոհված որդու՝ տանկիստ Սերգեյի լուսանկարները։ «Մեռնեմ բոյին, հլը աչքերն ինչ կլոր են, տոչնի հերն ա, բարի… բարի։ Իրա նման երկրորդը չկա։ Ամբողջ օրը քաղաքով գնում եմ, սենց նայում եմ՝ տենամ իրա նմանը կա՞։ Չեմ տեսնում։ Որ տեսնեմ, կկանգնեցնեմ մեքենան, կնայեմ երեսին… բայց չկա»։ Սերգեյի դին ճանաչեցին հոր ծննդյան օրը։ Սերգեյն ընտանիքին չէր ասել, որ մասնակցում է պատերազմական գործողություններին։ Վստահեցրել էր՝ իրենք լավ են, ապահով:

Ժամկետային զինծառայող Սերգեյ Մելքումյանը զոհվեց հոկտեմբերի 13-ին՝ անօդաչու թռչող սարքի հարվածից։ Ծառայակիցների պատմելով՝ Սերգեյը 8 տանկ էր խոցել, հետդարձի ճանապարհին, սակայն, անօդաչու թռչող սարքը հարվածել էր նրանց տանկին, պայթեցրել։ Մայրն ասում է, որ որդու մահվանից առաջ կանխազգացում է ունեցել։ «Մի օր հեռուստացույց էի նայում, տեսնեմ մի հատ տանկ պայթեց։ Ասեցի՝ վայ, Նառա…. Ասեց՝ մամա, ի՞նչ ա եղել։ Ասեցի՝ նայի, տանկը տրաքեց։ Ինքն էլ մի տեսակ դարձավ։ Ասեցի՝ սիրտս էնքան վատ ա, էրեխես տանկիստ ա, կարո՞ղ ա ինքն էլ ա կռվում»։ Որդու մահվան օրը Նոննայի սիրտն անհանգիստ էր։ Պատմում է, որ վաղ առավոտից ծնկները դողում էին։ Այդ օրը պարբերաբար գալիս-գնում էին բարեկամներն ու ընկերուհիները, իրեն համբուրում։ Նրան տարօրինակ էին թվում այդ այցերը: Զգում էր՝ իրենից բան են թաքցնում։ «Հետո որ խնամիս եկավ, գլուխս գրկեց, ասեց՝ Նոննա... Ասեցի՝ Մարինա, ի՞նչ ա եղել։ Ասեց՝ ի՞նչ ասենք։ Ըտեղ հասկացա, որ երեխուս մի բան ա եղել»։ Սերգեյը վերջին անգամ ընտանիքի հետ խոսել էր հոկտեմբերի 11-ին։ Երկու օր ընտանիքը նրանից զանգ չէր ստացել։ Սերգեյի հեռախոսահամարն անհասանելի էր։ Անհանգստանալով՝ երկու օր անց մայրը զանգահարել է որդու ընկերոջը, խնդրել հեռախոսը փոխանցել Սերգեյին։ Ընկերն ասել է՝ Սերգեյն իրենից շատ հեռու է։ Նոննային տարօրինակ է թվացել այդ պատասխանը։ Ծառայակից ընկերներից մեկը ևս Սերգեյի հորը չի կարողացել հայտնել որդու մահվան բոթը։ Երբ հայրը՝ Սեյրանը, հարցրել է՝ տեղյա՞կ է, որ որդին մահացել է, ընկերը լռել է, ապա, չկարողանալով որևէ բան պատասխանել, անջատել հեռախոսը։ Վերջին անգամ մոր հետ խոսելիս Սերգեյը զինվորական նոր հագուստ է ուզել։ Հաջորդ օրը հայրը Ռուսաստանի Դաշնությունից գումար է ուղարկել։ Մայրը պետք է գնար որդու համար զինվորական նոր հագուստ գներ, բայց այդ օրն արդեն տեղեկացան Սերգեյի մահվան մասին։ «Մի անգամ ասեցի՝ Սերգե՛յ, պա՛հ մտի, դուրս չգա'ս, մի քիչ շուստրի' եղի։ Ասեց՝ մամ, եղածը եղած ա։ Էդ խոսքի վրա երեք օր վատ վիճակում էի։ Խնամիս ասում էր՝ Նոննա, ինչի՞ ես սենց մթնվել, ունքերդ ուրիշ ձև են, էլ չես ծիծաղում։ Ասեցի՝ երեխեն ինչու՞ ասեց՝ եղածն եղած ա»։ Զրույցի ընթացքում մայրը մեծացնում է իր հեռախոսում որդու լուսանկարները՝ նայում նրա ձեռքերին, դեմքին, աչքերին։ Որդու դիակը ճանաչելիս տեսել էր նրա այրված ձեռքերը։ Մելքումյանները Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղից էին։ Գյուղն արդեն ադրբեջանական բանակի հսկողության տակ է։ Սերգեյը ժամկետային ծառայությունն ավարտելուց հետո որոշել էր շարունակել ծառայությունը, սիրում էր զինվորական կյանքը։ Մորն ասել էր, թե մտադրություն ունի Ֆիզուլիում ծառայել, տանկային գումարտակի հրամանատար դառնալ։ «Ասում էի՝ դու ինձ փո՞ղ ես տալու, ա՛յ տղա։ Ասում էր՝ բա ի՞նչ եմ անելու, ամուսնանալու եմ, փողս քեզ տամ, որ կնգաս համար մատանի, շոր առնես։ Նենց ուրիշ երեխա էր։ Կյանքիս ամենավատ երազում անգամ չէի պատկերացնում, որ իմ երեխան կզոհվի, մի օր չի լինի»,- ասում է Նոննան։ Երբ դեռ նոր էր ծառայության անցել, հրամանատարը մոտեցել է շարքում կանգնած Սերգեյին, ձեռքը դրել ուսին, ասել՝ էս տղան պիտի տանկիստ դառնա։ Ասել էր՝ մա՛մ ջան, գիտես՝ ես տանկիստ եմ, եթե նահանջեմ, ազգի դավաճան եմ դառնալու։ «Ամեն օր սպասում եմ իրան, որ զանգի, ասի՝ մամ, ի՞նչ կա։ Մամ...մամ...էդ բառն անընդհատ իմ մեջ կրկնում եմ գիշեր-ցերեկ, որ իրա ձայնը հանկարծ չմոռանամ։ Երեխես ի՞նչ մեղք ուներ…»։ Օրեր առաջ ընտանիքը Հայաստանում՝ անձնագրային և վիզաների վարչությունում, պատահաբար հանդիպել է Արցախի զինվորականներից մեկին, ով Նոննայի հարցուփորձից հետո ճանաչել է Սերգեյին։ «Հարցրի՝ Մելքումյան Սերգեյին ճանաչու՞մ եք։ Ասեց՝ Սերգեյին ո՞վ չի ճանաչում՝ տանկիստը։ Լռեցի... Ասեցի՝ գիտեք, Սերգեյս զոհվել ա։ Ասեց՝ գիտեմ, ամեն ինչ գիտեմ։ Լացեցի։ Եկավ, գրկեց, ասեց՝ մի լացի, մայրիկ ջան, քո տղան հերոս ա։ Ասեցի՝ ինձ հերոս պետք չի, ինձ պետք ա որդիս կողքիս լինի»,-պատմում է մայրը։ Նոննան որդուն չէր տեսել ութ ամիս. կորոնավիրուսի պատճառով զինվորների այցերն արգելված էին։ Մայրը որոշել էր որդու 20-ամյակին՝ հուլիսի 29-ին, գնալ նրա զորամաս։ Հայրը Ռուսաստանից գումար էր ուղարկել, որ Նոննան գնումներ կատարի։ Բայց զորամասից ասել էին՝ այցերն արգելված են։ Հիմա Նոննան ափսոսում է, որ չի գնացել թեկուզ հեռվից որդուն տեսնելու։

ՀԵՏՔ

Կիսվել