Մարդիկ չէին ուզում տեսնել այդ հաղթանակը

Արթուր Հայրապետյան Հուլիս 01, 2021

Երբ 1994 թվականին մեր բանակին հաջողվեց ազատագրել հայրենիքի որոշակի մասը, դա մեր բնակչությանն առանձնապես չուրախացրեց: Մարդիկ չէին ուզում տեսնել այդ հաղթանակը, չէին ուզում փայփայել այն, նրանք կենտրոնացած էին պատերազմի ժամանակ իրենց կրած զրկանքների վրա եւ անսասան ատելությամբ էին լցված Տեր-Պետրոսյանի հանդեպ, այսինքն՝ պետության ղեկավարի եւ զինված ուժերի հրամանատարի հանդեպ, որի օրոք տեղի ունեցավ այդ պատմական հաղթանակը: Ճիշտ նույն ձեւով 2021 թվականին քաղաքացիների մեծ մասը չկարեւորեց խայտառակ պարտությունն ու կորուստները: Այն լիդերը, այն քաղաքական ուժը, որի պատճառով դա տեղի ունեցավ, դարձյալ ստացավ ձայների մեծամասնությունը: Ուրեմն՝ հայրենիքը, նրա անվտանգությունը չեն մտնում մարդկանց առաջնահերթությունների մեջ: Պատահական չէ, որ իշխանության ներկայացուցիչները, նրանց քարոզիչներն ու արբանյակները խոսում են ոչ թե այն մասին, թե ինչպես պետք է վերականգնել Արցախի եւ Հայաստանի տարածքային ամբողջականությունը, հոգ տանել տասնյակ հազարավոր փախստականների մասին. նրանց թեման է վեթինգը, լյուստրացիան, «պողպատե մանդատը», պատժելը, վրեժ լուծելը: Ինչո՞ւ են իշխանական շրջանակներն այդ ամենի մասին խոսում: Շատ պարզ. որովհետեւ այդպիսին է հասարակական պատվերը, նրանք ասում են այն, ինչ իրենց լսարանն է պահանջում:

Արամ Աբրահամյան

Կիսվել