Մենաստանի փոխարեն կարգեցին Վճռաբեկ դատարանի նախագահ

Արթուր Հայրապետյան Փետրվար 11, 2021

Երեկ ԱԺ-ն 102 ձայնով Վճռաբեկ դատարանի նախագահ ընտրեց Լիլիթ Թադևոսյանին: Մինչ այդ նա զբաղեցնում էր Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի պաշտոնը: Լիլիթ Թադևոսյանը Զելիմ Թադևոսյանի դուստրն է: Մեկի, որը հանդիսանում էր ապարանյան կլանի ներկայացուցիչ և կատարում էր իշխանության բոլոր հրահանգները՝ ընդդիմադիրների վրա գործ սարքելու առումով:

Այսինքն, իշխանությունը հերթական անգամ երկակի ստանդարտով գործեց: Վճռաբեկ դատարանի նախագահ Դավիթ Սարգսյանի որդուն հասարակական ճնշման ներքո հրաժարվեց ընտրել ՍԴ դատավոր, իսկ այ Զելիմի դեպքում գնաց մինչև վերջ:

Ցանկանում ենք մեջբերել «Հայկական Ժամանակ» օրաթերթի 29.09.2012 թվականի հրապարակումը այսօրվա Վճռաբեկ դատարանի նախագահի մասին:

 

«Երեկ Վերաքննիչ քրեական դատարանում մեկնարկեց Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստների վճռի վերաբերյալ վերաքննիչ բողոքով նիստը, որը նախագահում էր դատավոր Արմեն Դանիելյանը: Դատարանի կազմի մեջ էին նաև դատավորներ Մհեր Արղամանյանը և Լիլիթ Թադևոսյանը: Վերջինս հայտնի դատախազ Զելիմ Թադևոսյանի դուստրն է և ընդդիմության ներկայացուցիչներին մեղադրելու հարուստ փորձ ունի: Մասնավորապես, նա եղել է 2008 թվականի Մարտի 1-ից հետո հայտնի «7-ի գործով», ինչպես նաև նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի գործով մեղադրող դատախազներից մեկը: Լիլիթ Թադևոսյանը մեկ առանձնահատկություն էլ ունի, նա շատ փխրուն էակ է. օրինակ, Ջհանգիրյանի գործով առաջին նիստի ժամանակ, Գագիկ Ջհանգիրյանի նախատինքներին արժանանալով, նա սկսեց արտասվել: Ենթադրվում է, որ 21-31 տարեկան ընդդիմադիր երիտասարդների մեղադրական դատավճիռը կարդալուց հետո դատավոր Թադևոսյանը չի դիմանա, դեն կնետի դատավորի պատմուճանը և կտեղափոխվի մենաստան»:

Իսկապես անքննելի են աստծո գործերը:

Այդ տարիներին ՀԺ-ում իրավական թեմաներով գրում էր ներկայումս պատգամավոր Վահագն Հովակիմյանը: Հուսով ենք, որ միակ դեմ պատգամավորը հենց ինքն է եղել: Թեպետ, խիստ կասկածում ենք:

ՉԻ

Կիսվել