ՄԵՆՔ ԿՎԵՐԱԴԱՌՆԱՆՔ…

Արթուր Հայրապետյան Հունվար 22, 2021

-Ես դիտակետում էի, երբ սկսեցին կրակել: Հրթիռները թափվում էին կարկուտի պես: Հետո ես իմ տանկով գնում էի թշնամու վրա, բայց հրթիռը պայթեց տանկի կողքին: Տանկը խափանվեց:

…Հետո ես ուրիշ տանկով էի: Մենք կրակում էինք, բայց հրթիռն ընկավ ուղիղ տանկի վրա: Հրամանատարը տեղում զոհվեց, զինակից ընկերս վիրավորվեց: Ես ողջ մնացի: Տղան կկոցել է աչքերը. ուզում է ինչ-որ բան հիշել: Հետո գլխով է անում.

-Հա, խրամատային կռվի ժամանակ էր: Թուրքերը մոտիկ էին նկատվելու աստիճանի: Ես կրակում էի, երբ հրթիռը պայթեց ու ինձ թաղեց հողի տակ: Մի կերպ դուրս եկա: Ո՞նց ես՝ հարցրեց Ռոման, լավ եմ՝ ասացի: Չէի զգացել բեկորների հարվածը, որոնք քրքրել էին բուշլատս ու հավաքվել զրահաբաճկոնիս վրա: Հետո Ռոման վիրավորվեց: Թուրքերը մի քանի մետրի վրա էին: Մեր 17 հոգուց համարյա մարդ չմնաց: Վահեն ասաց՝ էս նռնակը կպահենք, հենց թուրքերը մոտենան, միասին կպայթեցնենք մեզ: Մի նռանկ էր մնացել:

…Հետո շատ ուժեղ պայթյուն լսվեց, ես տեսա, թե ինչպես ձախ ոտքս թռավ օդ, իսկ Վահեի երկու ոտքերը վերածվեցին տձև, արնաշաղախ մսագնդերի…. -Ուզում ես՝ էլ մի պատմիր… Էրիկի դեմքը կարմրել է, քթի վրա քրտինքի մանրիկ կաթիլներ են հայտնվել: Անընդհատ խորը շունչ է քաշում:

-Մի պատմիր…

-Չէ, թողեք վերջացնեմ:

…Հետո ինչ-որ մեկը ինձ քաշում էր հողի վրայով:

…Հետո մեքենայի մեջ էի, շուրջբոլորս մարմիններ էին: -Ո՞նց՝ մարմիններ,- ես սարսռում եմ: -Կատաղի կռիվ էր, ու կրակի գոտուց հանելիս ժամանակ չկար զոհվածին զատելու վիրավորից: Ես շարժում էի տղաներին, որ հասկանամ՝ ով է ողջ, ով՝ մեռած: Մեկ էլ ինչ-որ ձեռք շոյեց գլուխս, նայեցի, տեսնեմ՝ Վահեն է: Մինչև հասանք հիվանդանոց, մի քանի անգամ կորցրի գիտակցությունս….

-Վահեն…

-Ողջ է, նույնիսկ ոտքերն են փրկվել,- Էրիկն առաջին անգամ ժպտում է,- էն օրը եկել էր ինձ տեսնելու: Շատ էի ուրախացել: Մեկ էլ էդքան ուրախացա, երբ դիրքերում հանդիպեցի հորս: Նա 4 անգամ Արցախյան պատերազմի ժամանակ է վիրավորվել, 2 անգամ՝ վերջին պատերազմի ժամանակ, մինչև հիմա մարմնի մեջ բեկորներ կան առաջին պատերազմից… Էրիկը ինձ չի նայում է, դեմքին ցավի արտահայտություն կա, աննկատ տրորում է ոտքը:

-Ցավո՞ւմ է:

-Ես արդեն մարզվում եմ: Որ պրոտեզն էլ հագնեմ, խնդիր չեմ ունենա: …Ցավում է: Բայց այդ ցավը ի՞նչ է այն ցավի դիմաց, որ ընդամենը 20 տարեկան այս արցախցին կրում է իր հոգում: Ես որոնում եմ ամենատաք բառերը:

-Քո ընտանիքը այնքան բան է տվել Արցախի ազատագրության գործին,- ասում եմ, -դուք ձեր պարտքը հայրենիքի հանդեպ կատարել եք լիուլի:

-Ախր ամբողջը չգիտեք: Իմ հայրը Ասկերանից է, թուրքերը նրա տունը վառել են, երբ պապս, տատս, երկու հորեղբայրներս ու հայրս ռազմաճակատում էին: Այսինքն՝ ամբողջ ընտանիքը:

-Տա՞տդ,- մտածում եմ՝ սխալ լսեցի:

-Զինաիդա տատս այն ժամանակ տատ չէր, 48 տարեկան կին էր ու որսորդական հրացանով կռվում էր թուրքերի դեմ: Նա անհետ կորավ 1992-ի մայիսին: Հորեղբայրս կորցրեց ոտքը կռվի ժամանակ: Մենք հնարավոր ամեն ինչ արեցինք, որ Արցախը փրկենք թուրքից, ամեն ինչ, մենք ոչինչ չենք խնայել, բայց ամենաթանկը՝ մեր տունը, կորցրինք: Իմ ծննդավայրը…

Ակնարկն ամբողջությամբ կարդացեք այստեղ http://www.hayzinvor.am/83092.html

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024