Մենք տաքացանք նույն վառարանի շուրջ ու կերանք գտնված հացի նույն կտորը

Արթուր Հայրապետյան Սեպտեմբեր 21, 2021

Մենք տաքացանք նույն վառարանի շուրջ ու կերանք գտնված հացի նույն կտորը: Մանկությունն ինձ ստիպեց սիրել մթից, խարխափից, երկրաշարժի անդնդահերձ դղրդոցից, պայթող ռումբերից ահմռած, ահաչոր եղած ու հազիվ շնչող իմ բռաչափ երկիրը. աշխարհի կենտրոնն այն տեղն է, որտեղ ես ծնվել եմ: Ոչ թե նրա համար, որ ես եմ ծնվել, այլ որ ինձ տրվեց հնարավորություն այնտեղ ծնվելու: Իմ ամենատունկ այգին ու այգեպանը: Բաժին խմորը: Սրտի սիրածը: Անապակ շեմը, դեպի ուր վազում ենք մեղքաթաթախներս: Մուրազիս երիվարն ու ամպհովանին: Իմ հատակն ու առաստաղը: Վերն ու վարը: Կոկորդումս չհալչող շաքարը: Ոչ ոք ինձ չսովորեցրեց փողոցը հատել անցումով: Սպասել մինչև լուսացույցի կարմրելը: Ներկել բակի նստարանները: Աղբը պահել քրտնող ափի մեջ: Հանրակառքում զիջել նստատեղը հղի կանանց: Ասֆալտին կավճով արև ու այգ նկարել: Ջրել բակի նորատունկ ծառերը: Շնորհակալ լինել տվողին, ժպտալ վերցնողին: Գումար դնել աղտակալած գլխարկների ու ձեռքերի մեջ: Ինձ ոչ ոք չսովորեցրեց սիրել իմ տունն ու իմ կարկատված քաղաքը: Մանկությունս ստիպեց սիրել Նրան։ 

 

#էս_էլ_իմ_հայրենիքը

#ես_այս_երգը_երգում_եմ_կանգնած

 

Արմինե Բոյաջյան

Կիսվել