Մեզ միայն այս փորձանքն էր պակասում

Արթուր Հայրապետյան Փետրվար 23, 2021

Այսօր տեղեկություններ տարածվեցին, որ Հայաստանում գրանցված՝ ամերիկյան արտադրության Boeing-737 ինքնաթիռը հայտնվել է Իրանում: Թե ինչ հանգամանքներում է այն փոխանցվել կամ վաճառվել Իրանին, դեռ պարզ չէ: Ինքնաթիռը մի քանի օր առաջ պետք է վայրէջք կատարեր Հայաստանում, բայց հայտնվել է Թեհրանում: Որոշ օգտատերեր էլ գրել էին, որ ինքնաթիռը առևանգել են:

Այս լուրերի առթիվ ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնել է, որ ինքնաթիռի առևանգման փաստի մասին պաշտոնապես հաստատված տեղեկատվություն չի ստացել համապատասխան մարմիններից: 

«Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ Կոմիտեն տեղյակ է օդանավի գտնվելու վայրի մասին և ներկայումս սերտ համագործակցում է առնչվող պետությունների ավիացիոն իշխանությունների հետ»:

 

«ՉԻ». Երևի տեսել կամ կարդացել եք, թե ինչպես են տեղի ունենում պատվիրված սպանությունները: Քիլլեր են վարձում, սա հետևում է զոհին, հետո մի տեղ հարմարեցնում, կրակում է նրա վրա: Վերջում էլ պարտադիր ստուգողական կրակոց է արձակում զոհի գլխին:

Հիմա մեր պետությունը ոնց որ այդ զոհի վիճակում լինի: Ամեն օր գլխին ստուգողական կրակոց են արձակում: Իբր մեր խնդիրները քիչ էին, հիմա էլ նոր պատմության մեջ գցեցին: Չգիտենք, է՞լ ինչ օյինների դեռ պիտի «ռաստ գանք»:

Ընդհանրապես, այս իշխանությունները կարո՞ղ են մեզ հասկանալի լեզվով բացատրել, թե ինչ է կատարվում, ինչ վիճակում ենք, ուր ենք հասել: Վերջապես, իրենք գիտե՞ն, թե աշխարհում ինչ է կատարվում, ներսում ինչ կա, մեր ունեցածը հիմա ինչ է, ինչ կարող են անել, ինչը ի վիճակի չեն անել: Ուր են տանում Հայաստանը, ինչ է մեզ սպասվում:

Հասկացանք, Սերժն ու Ռոբերտը վատն են, դաշնակներն էլ՝ հետը, հասկացանք, իրենք անընդունելի են հասարակության համար, բայց հո կրակը չե՞նք ընկել ձեր ձեռքը: Սրա վերջը ո՞րն է: Մնացել էր, որ մի հատ էլ ԱՄՆ-ը մեր դեմ սանկցիաներ կիրառի: Ցանկացած ընկերություն կամ պետություն, որը Իրանին կփոխանցի կամ կվաճառի այն ապրանքատեսակները, որոնք ամերիկյան օրենսդրությամբ արգելված են, կարող է շատ լուրջ պատժամիջոցների ենթարկվել: Իսկ Boeing-737-ը այդ ապրանքատեսակների թվում է, ընդ որում՝ արգելված է ոչ միայն ինքնաթիռի, այլ նաև դրա պահեստամասերի վաճառքը կամ փոխանցումը Իրանին: Վերջը էնքան են անելու, որ և՛ ԱՄՆ-ի «դռբի» տակ ընկնենք, և՛ Իրանի: 

 

https://4rd.am/news/mez_miayn_ays_pordan

Կիսվել