Միասնական եւ խայտաբղետ ընտրազանգվածներ

Արթուր Հայրապետյան Ապրիլ 02, 2021

Իշխանության եւ ընդդիմության մարտավարությունների տարբերությունները առաջիկա ընտրություններում պայմանավորված է իրենց լսարանների, ընտրազանգվածների տարբերությամբ: Թե՛ «Իմ քայլի» եւ թե՛ իշխանությանը հարող խմբերի՝ Արման Բաբաջանյանի, Արամ Սարգսյանի, հնարավոր է՝ Գուրգեն Արսենյանի, Լեւոն Շիրինյանի եւ այլ գործիչների ղեկավարած կուսակցությունների հիմնական քարոզչական լծակն է լինելու վախը՝ եթե չլինենք մենք, կվերադառնան «նախկիններն» ու նորից կսկսեն ձեզ թալանել՝ գայլեր (նրանք) vs գելխեղդներ (մենք):

 

Պետք է ասել, որ այդ պարզունակ սխեման միանգամայն կենսունակ է, եւ կասկած չկա, որ այդ թեզի վրա հիմնված մարտավարությունն արդյունավետ կլինի, քանի որ ատելությունը «նախկինների» հանդեպ համատարած է: Դա նաեւ պարզեցնում է իշխանության խնդիրը. պետք չեն ինչ-որ ծրագրեր կամ ապագայի տեսլականներ՝ ցույց ես տալիս «նախկինների» խրտվիլակը, եւ հաջողությունն ապահովված է: Դեռեւս պարզ չէ՝ այդ բոլոր խմբերը հանդես կգան «Իմ քայլի» ցուցակո՞վ, թե՞ առանձին, բայց ակնհայտ է, որ նրանց թիրախային լսարանը կլինի միեւնույն փաշինյանական ընտրազանգվածը, որն ապրում է անցյալի թալանի հիշողություններով, ոչ թե ներկայիս ողբալի վիճակով:

 

Ընդդիմության խնդիրն ավելի բարդ է՝ այդ դաշտում պատկերը չափազանց խայտաբղետ է ե՛ւ կուսակցությունների քանակի, ե՛ւ ընտրազանգվածի տրամադրությունների տեսանկյունից: Նրանք, ովքեր համակրում են ԲՀԿ-ին, «Լուսավոր Հայաստանին», 16 կուսակցություններին (որոնք նույնպես շատ տարբեր են), ինչպես նաեւ այս կամ այն «բեւեռին»՝ այդ քաղաքացիների հայացքները խիստ տարբեր են, եւ ամենակարեւորը՝ նրանց դժվար թե միավորի միայն հակակրանքը Փաշինյանի հանդեպ: Այն մարդիկ, որոնք առաջնորդվում են ոչ թե բնազդային ատելությամբ, այլ ինչ-որ արժեքներով եւ գաղափարներով, ավելի խստապահանջ են իրենց նախընտրած կուսակցությունների հանդեպ: Եվ քանի որ չկա համախմբող «մերժումը», այստեղ արհեստական դաշինքները կարող են ոչ թե գումարել ընտրազանգվածներին, այլ նոսրացնել դրանք:

 

https://www.aravot.am/2021/04/02/1181355/

Կիսվել