Մկների նորընտիր ժողովը

Արթուր Հայրապետյան Հուլիս 25, 2021

От армянского радио

 

1941 թվականին Գերմանիան հարձակվեց ԽՍՀՄ-ի վրա և ավելի քան 4 տարի սովետական քաղաքացիները օրը սկսում էին՝ ականջները ռադիոյին գամած: Ու Լևիտանը սկսում էր. «От Советского Информбюро...» ու ներկայացնում իրավիճակը ռազմաճակատում: Տեղեկատվության այլ աղբյուր չկար:

 

Հիմա տեղեկատվության խնդիր չկա. ուզում ես, ֆեյսբուք մտիր, կարող ես հեռուստացույց կամ ռադիո միացնել, կայքերով անցնել: Բայց, եթե անկեղծ, դա ամենավերջին բանն է, որ ցանկանում ենք: Պարզապես փորձում ես հնարավորինս խնայել նյարդերը, որովհետև հենց լրահոսը բացում ես, նյարդերիդ հաջող ես ասում: Պատերազմ չէ, բայց պատերազմ է: Որովհետև եթե ամեն օր կրակում են, զինվորներ են վիրավորվում, տարածքներ են մտնում, դա պատերազմ է: Թեկուզև չհայտարարված:

 

Հիմա ասում են. մեր զինված ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները կասեցրել են հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևմտյան ուղղությամբ ԱԹՍ-ով ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձը: Մի քիչ լավ չենք հասկանում, թե ինչ ասել է՝ կասեցնել, որովհետև եթե ԱԹՍ-ն երկրի տարածք է մտնում, այն ոչնչացնում են: Գուցե այդպես էլ արել են, սակայն մեղմ են ներկայացնում: Բայց ավելի կարևոր է, որ Ադրբեջանը ԱԹՍ-ն ուղարկում է մեր տարածք: Իսկ ԱԹՍ-ն ինչի՞ համար է. հետախուզություն իրականացնելու: Իսկ ե՞րբ են հետախուզություն իրականացնում. ռազմական ակտիվ գործողություններից առաջ: Ադրբեջանն առանձնապես չի էլ թաքցնում, որ մտադիր է հնարավորինս զիջումներ կորզել Հայաստանից: 

 

Հիմա թե ինչպես պետք է այս մարտահրավերներին դիմագրավենք, չգիտենք: Այս իշխանությունների և ընդդիմության եռամյա գործունեությունը հուշում է, որ սրանք ավելի շատ մտահոգ են իրենց մանդատներով, քաղաքական հարցերը լուծելով, քան Հայաստանի գլխին կախված վտանգները չեզոքացնելով: 

 

Արդեն իրար շնորհավորում են մանդատ ստանալու առթիվ, պատրաստվում են նորընտիր խորհրդարանում զբաղեցնել իրենց տեղերը: Սրան են հանում, նրան են նշանակում՝ առանց որակական փոփոխության: Դրա համար էլ չենք ուզում լուրեր լսել: 

 

Հերոս ճառասացները

 

Սա իսկապես զարմանահրաշ երևույթ է. խորհրդարանում աշխատելու են այն ուժերը, որոնք 20 տարվա ընթացքում երկիրն այս օրը գցեցին: Ու ոչ մի լավ բան չենք սպասում նաև այն պատճառով, որ սրանցից ոչ ոք այս իրավիճակի համար իրեն պատասխանատու չի զգում: Քաղաքականությամբ զբաղվող մարդը, հատկապես պետական բարձրագույն պաշտոն զբաղեցնող, եթե անհաջողության է մատնվում, ասում է՝ գիտեք ի՞նչ, ես այս ու այս հարցում սխալվել եմ: Ոչ մի նման բան: Ամեն մեկը իրեն սուպերմենի տեղ դրած, քաղաքական թատերաբեմից վերանալու փոխարեն մի բան էլ ասում է՝ մենակ մենք կարող ենք փրկել: 

 

Գիտեք, չէ՞, որ ուրիշ ժողովուրդների մշակույթում չկան «Քաջ Նազարը» և «Մկների ժողովը» հեքիաթները:

 

Դրանք զուտ հայկական են: Ու որ նայում ես այսօրվա իրողությունները, կարծես այդ հեքիաթների բեմադրությունը լինի: Քաջ նազարները խորհրդարան են գնացել, որ «Մկների ժողով» անեն: Ամեն մեկը պատմելու է, թե ինքը ինչ հերոս է, ամբիոնից փառահեղ ճառ է ասելու, իսկ զանգ կախող չի լինելու: 20 տարի ճառ են ասել, իսկ զանգ կախելը թողել են... օրինակ, Ռուսաստանին, Եվրոպային, ԵԱՀԿ-ին, մարդկությանը, արդարությանը, նույնիսկ՝ Աստծուն: Չասենք, թե այդ հեքիաթների վերջում ինչ է լինում: 

 

ՉԻ

Կիսվել