Նա գիտեր, որ իր կյանքը իմ կյանքն է, իր ծնողների կյանքն է, բայց մեզ բոլորիս մատաղ արեց Հայրենիքին

Արթուր Հայրապետյան Մարտ 26, 2021

ՈՏՔԻ՛ ԿԱՆԳՆԻՐ

Գևորգ պապի աչքերը մետաղի գույն ունեն՝ ցավի գույն: Անփայլ ու անլույս:

-Նարեկն իմ ընկերն է, մենք միասին ենք քնում,- ասում է Գևորգ պապը, նա ներկա ժամանակով է խոսում թոռան մասին,- քի՞չ է պատահում, որ ԴՆԹ հետազոտության տվյալները սխալ լինեն: 99, 9 տոկոսը դեռ 100 տոկոս չէ, ու հնարավոր է, որ Նարեկս գա: Մի օր դուռը թակի ու ներս մտնի: Ասի՝ պա՛պ, ի՞նչ կա-չկա, ինչպես հարցնում էր ամեն օր քնելուց առաջ:

Ես գլխով եմ անում: Հույսը բարակ ճյուղ է, ու Նարեկին ողջ տեսնելու երազանքը՝ փոքրիկ տերև՝ կախված բարակ ճյուղից, իսկ դրսում մարտն է, ու ձյունախառն անձրևը շամփրում է պատուհանը: Եվ որքան ուժեղ է զարկվում, ես այնքան եռանդով եմ թափահարում գլուխս.

-Իհարկե, 99,9 տոկոսը դեռ 100 տոկոս չէ…

-Նարեկն ուրիշ է, Նարեկի նմանը չկա: Ինձ Նարեկն է սեր ու ջերմություն տալիս, Նարեկը բարության ծով է, Նարեկը օգնական է, Նարեկը հավատարիմ ընկեր է, իմաստուն խորհրդատու է: Նարեկը ազնիվ է, արդար է…Նարեկը…

Եթե ես ինչ-որ բա չասեմ, պապը Նարեկի առաքինությունները կշարի կողք կողքի, կթվի, կթվի, ու ամեն բառի հետ աչքերի տխրությունը կմգվի, վիշտը կապարի պես կկախվի կոպերից:

-Նա գիտեր, որ իր կյանքը իմ կյանքն է, իր ծնողների կյանքն է, բայց մեզ բոլորիս մատաղ արեց Հայրենիքին: Այս պատերազմում զոհվածները միայն ռազմի դաշտում ընկածները չեն: Նրանց հարազատները ավելի մեծ ու ցավոտ զոհեր են: Դե, հիմա հաշվենք էն գինը, որ վճարեցինք էս պատերազմում:

Ես չգիտեմ՝ ինչ ասեմ:

-Հաշվելն ի՞նչ կտա,- կմկմում եմ կիսաձայն:

-Հաշվենք, որ չկորցնենք հաղթելու հավատը, որ չմոռանանք մեր պարտքը, որ իրար ասենք՝ ոտքի՛ կանգնիր, որքան էլ ցավն ուժեղ լինի, ու առաջ գնա...

Ակնարկն ամբողջությամբ կարդացեք այստեղ http://www.hayzinvor.am/85176.html

Կիսվել