«Նախորդ օրը՝ սեպտեմբերի 25-ին, իմացանք, որ թշնամին զորքերն առաջ է բերել։ Մյուս օրը՝ լուսուդեմին, ապահովության համար հելանք զորամասից։ Բայց իրանք իմացել էին, թե ուրդեղ ենք ու ամսի 27-ին «Սմերչը» գցեցին, բախտներս բերեց, որ շեղ էր»,- պատմում է գյումրեցի զինծ

Արթուր Հայրապետյան Դեկտեմբեր 17, 2020

«Ես էդ պահին կմտածեի՝ իմ մեջ ըդքան ուժ կգտնի՞մ, որ ընձի սպանեմ»,- պատմում է 20-ամյա Լեոն Սեպտեմբերի 26-ին հայկական բանակի՝ Ղուբաթլուում ծառայող զինվորներին հրամայվում է լքել զորամասը։ «Նախորդ օրը՝ սեպտեմբերի 25-ին, իմացանք, որ թշնամին զորքերն առաջ է բերել։ Մյուս օրը՝ լուսուդեմին, ապահովության համար հելանք զորամասից։ Բայց իրանք իմացել էին, թե ուրդեղ ենք ու ամսի 27-ին «Սմերչը» գցեցին, բախտներս բերեց, որ շեղ էր»,- պատմում է գյումրեցի զինծառայող Լեո Ղազարյանը։ Հենց նույն օրը նրանց տեղափոխում են Ջաբրայիլ (Մեխակավան), որտեղ պատերազմի ընթացքում ամենաթեժ մարտերն են ծավալվել։ «Հոկտեմբերի 4-ն էր՝ մենք մտանք մարտի մեջ։ Մինչև էդ մեր կողքի վաշտն էր առաջնագծին։ Իրանցից կեսը վիրավորվել էին, զոհվել, իսկ ով մնացել էր, տարել էին ընդեղից։ Թշնամին մե դիրքըմ առաջ եկավ, ու կռվելու հերթը մերն էր»,- ասում է Լեոն։ Այդ օրը թշնամին դիրքավորվում է բարձր բլրի վրա, իսկ մեր զինվորները՝ մոտ 100 հոգի, մնում են բլրի ներքևում։ «Էդ օրը կռիվ չեղավ։ Սաղ գիշեր անձրևի տակ կանգնած մնացինք՝ գիտենալով, որ թուրքը դեմներս է ու ամեն վայրկյան կարող է հարձակվի։ Ահավոր գիշեր էր, կյանքիս ամենավատ գիշերը։ Տղեքից մեկը չէր դիմանա, մյուսը նևրոզ կընկնիր։ Ես կմտածեի, որ պտի դիմանամ ու վերջ»։ Անվերջ թվացող գիշերվան հաջորդում է մառախլապատ առավոտը, անսովոր խաղաղ առավոտ, որն ավելի շատ տագնապ է հաղորդում, քան հանգստացնում։ Այդ պահին հայկական բանակի համազգեստով երեք հոգի մոտենում են իրենց։ «Մենք հարցրինք՝ հա՞յ եք, չպատասխանեցին, էլի հարցրինք, էլի լռեցին։ Վերջին անգամ հարցրինք, ասինք՝ եթե չպատասխանեք, կկրակնեք։ Ու էդ խոսքի վրա մեր տանկը տրաքցրին։ Էդ պահից սկսվավ կռիվը։ Մեր դեմը սիրիացիներն էին եկել։ Կասկաները հանեցինք, անունները գրած էին․․․ մինչև հմի կհիշեմ։ Գրպանների մեջ ներարկիչներ կային։ Իրանք չէին մեռնի, ինչքան կխփեինք, անջատված գուկային վրեքս, ցավ չէին զգա։ Մենակ ուղեղից բդի խփեինք, որ անջատվեին, չգային առաջ»,- հիշում է Լեոն։ Այդ ժամանակ իմանում են, որ ընկել են շրջափակման մեջ։ 100 հոգու վրա հարձակվում է 300 հոգանոց թշնամական զորք։ 2 ժամ ընթանում են համառ մարտեր, թշնամին ոչ մի կերպ չի կարողանում առաջ գալ։ «3 զոհ ու լիքը վիրավոր տվեցինք էդ մարտի ժամանակ։ Իրանք տեսան, որ չեն կրնա առաջ գան, օգնություն կանչեցին, ու 4 տանկ, մոտ 300 հոգի էլի եկան մեր վրա»,- պատմում է նա։ Այդ պահին Լեոյին թվացել է, թե մահն անցավ իր աչքի առաջով։ «Գրեցի ընկերոջս՝ Արմանին, ըսեցի, որ էս մասին մենակ իրան կըսեմ ու հեչ մարդու չըսե հանկարծ։ Ըսեցի, որ շրջափակման մեջ եմ ու դժվար էլ դուրս գանք ընդեղից, ըսեցի՝ տնեցոնց ուշադիր կեղնիս, սաղին լավ կնայես։ Էդ ժամանակ ընկերուհուս հետ կռված էի, խնդրեցի՝ իրան էլ տեսնի ու փոխանցե, որ ես իրան շատ կսիրեմ»,- վերապրելով պահի հուսահատությունը՝ պատմում է նա։ Ասում է՝ գրեթե բոլորը գրպաններում փամփուշտ են պահել, որ գերի ընկնելու դեպքում իրենք իրենց սպանեն։ «Ես էդ պահին կմտածեի՝ իմ մեջ ըդքան ուժ կգտնի՞մ, որ ընձի սպանեմ»,- հիշում է Լեոն։ Այդ ժամանակ հայտնվում է մի նոր զորք, որի վրա սկսում են կրակ բացել, բայց արագ դադարեցնում են, որովհետև պարզվում է՝ մեր հատուկ ջոկատայիններն են, ովքեր, ճեղքելով թշնամու շրջափակումը, փրկություն էին բերել նրանց։ Բարձրաձայն հաշվում է, թե քանի անգամ է փրկվել մահից։ Մի անգամ էլ, երբ «Ուրալի» հետևում կանգնած հաց ստանալիս է եղել, «Ուրալը» պայթեցրել են, այդ ալիքից շպրտվել է հետ։ Նայելով աչքերիս՝ ասում է՝ էլի ողջ մնացի։ Լեո Ղազարյանը եղել է գումարտակի ՀՄՄ-1-ի (հետեւակային մարտական մեքենա) ավագ օպերատոր, սակայն ոչ մի անգամ չի կարողացել ՀՄՄ-ով մարտեր վարել, քանի որ առաջին իսկ օրերից այն շարքից դուրս է եկել։ Ասում է՝ ադրբեջանցիների տարածած տեսանյութում է տեսել, թե ինչպես են պայթեցնում իր ՀՄՄ-ն։ Մարտերում կռվել է որպես հրաձիգ։ Քանի որ իր մասնագիտությունը չէր, մի փոքր դժվար է եղել։ Բայց կատակում է, որ իրեն օգնել են նաև կռիվ խաղերից սովորած հնարքները։ Ասում է՝ կռվելիս մտածել է, որ եթե մի թիզ հող տան, թշնամին ավելի առաջ է գալու ու հասնելու է անգամ իր տուն։ «Ես կմտածեի, որ տունս ու ընտանիքիս կպաշտպանեմ, որ եթե հմի ես մե քայլըմ թողնիմ առաջ գան, հետո իմ տուն գուկան»,- նշում է նա։ Պատմելով՝ Լեոն հասնում է հոկտեմբերի 15-ի իրադարձություններին ու հայացքը հառում վերև։ Այդ ամսաթիվը դաջել է նաեւ իր մարմնի վրա։ Դիրքերում են։ Լեոյի ոտքն արնահոսում է, նստում է վտանգավոր տեղում՝ ձորի վերևում՝ հետ ընկնելով զորքից։ «Էդ ժամանակ ամենամոտ ընկերներս՝ Էդոն ու Տիկոն եկան, ըսեցին՝ արի օգնենք երթանք ձոր՝ զորքին հասնիս։ Ես էլ ըսեցի՝ չէ, դուք գնացեք, ես գուկամ»,- հիշում է նա։ Այդ ժամանակ թշնամին ռմբակոծում է, ալիքի հարվածից ընկնում է ու վիրավոր ոտքը սալջարդ է ստանում։ Այդ ոտքով 15կմ քայլել է՝ ընթացքում հասցնելով վիրավորների օգնել։ «Մե կերպըմ հասա զորքին, տեսա, որ զորքի կեսը չկա։ Կեսը կորած են, մե մասը՝ զոհված։ Բարձր կգոռայի ընկերներիս անունները, արձագանք չկար, չէի հանգստանա, կգոռայի՝ Էդո՜, Տիկո՜…։ Հետո եկան ըսեցին, որ երկուսն էլ զոհվել են։ Չէի հավատա, տեղիցս չէի հելնի, լաց կեղնեի... Էդոս ու Տիկոս․․․ »,- արցունքները չզսպելով՝ պատմում է նա։ Հիշում է իրենց ընկերությունը, թե ինչպես են մի անգամ համառ մարտերից հետո ընկերներով գրկախառնվել։ «Էդ օրը ըմբես փաթթվանք իրար, էնքան ուրախ էինք, որ ողջ ենք մնացել։ Համ էլ Էդոս ընկերուհի ունիր, էդ աղջիկը մե օրըմ գնացել Էդոյի մամայի հետ էր ծանոթացել, էնքան ուրախացել էինք, ի՜նչ ուրախ էինք էդ օրը․․․ 

ՀԵՏՔ

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024