Նիկոլը և նրա ջոկատը

Արթուր Հայրապետյան Հունվար 25, 2021

Նիկոլը և նրա ջոկատը


ԽԵԼՔԻՑ ՊԱՏՈՒՀԱՍ

2020-ի սեպտեմբերի 27-ից առաջ էլ պարզ էր, որ գլխավորի մասին չենք խոսում, անգամ չենք մտածում: 2020-ի նոյեմբերի 9-ից հետո թվաց՝ վերջապես կարողանալու ենք տարբերել կարևորն անկարևորից: 
Բայց հատուկենտ հոդվածներից և հարցազրույցներից այն կողմ չանցանք:
 

ԳԱՎԱՌԱՄՏՈՒԹՅՈՒՆ

 

Իշխանությանն ու նրա հավատարիմ ընդդիմությանը հաջողվեց խեղել ազգային, քաղաքական օրակարգը, վերադառնալ ցածրակարգ, գավառական այն խոսույթին, որ բնորոշ է պետականազուրկ ցեղերին:

Դրա հիմնական բաղադրիչներն արտահայտված են հետևյալ հակադրամիասնությամբ՝ դավաճան-հերոս, որից բխում է հողատու-հողապահը: Անկեղծ ասած՝ այսպիսի հակադրությունները կարող են բնական լինել պատերազմական իրավիճակներում, բայց սատանան, ինչպես միշտ մանրուքների մեջ է, որովհետև հայկական իրականության մեջ հերոսությունը կամ դավաճանությունը բնութագրվում է հայդատականության (ոչմիթիզականության) տեսանկյունից: Այսինքն՝ դուրս չենք գալիս 100 տարի առաջվա գաղափարական ճիրաններից՝ մահ կամ ազատությունից, որով արդեն 1900-ականներին երկիր էինք կորցրել: 1991 թվականից անկախ պետություն ունենք, 1992 թվականից՝ կանոնավոր բանակ, բայց մեր քաղաքական ուժերը (դաշնակցության գլխավորությամբ) դեռ ֆիդայական ջոկատների հույսով են կռիվ գնում: Ուրեմն Արցախի պաշտպանության բանակը, ՀՀ բանակը՝ հեչ, կարևորը կուսակցական ջոկատներն են: Պետության դերը երկրորդական դարձնելու ավելի լավ օրինակ չեք գտնի: 

ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ ՖՈՆԻՆ

Այսպիսի պետականակործան մտածողության արդյունք էր վարչապետի՝ կամավորական ջոկատներ կազմելու խայտառակ կոչը պատերազմի օրերին, որին հետևեց շատ ավելի խայտառակ մի գործընթաց. մեր կուսակցությունները ջոկատներ էին կազմում կուսակցապետերի գլխավորությամբ և գովազդվում ողբերգության ֆոնին: Հետո սկսեցին մրցել, թե ով որտեղ է հերոս եղել՝ մյուսներին մեղադրելով դավաճանության մեջ: Եվ բնավ զարմանալի չէ, որ ս.թ. հունվարի 20-ին ԱԺ-ում ԲՀԿ-ական պատգամավորի՝ դավաճանության մեղադրանք ներկայացնող ելույթ-հարցին վարչապետը պատասխանում է հետևյալ արտահայտությամբ. «Մի անգամ առիթ ունեցել էիք խոսել դավաճանության մասին, ես պարզ հարց տվեցի՝ հեռուստաընկերություններով թմբկահարվող կամավորական ջոկատը, որը ձեր կուսակցությունը ստեղծեց, ի վերջո, տեղ հասա՞վ, թե չհասավ, մարտական գործողություններին մասնակցե՞ց, թե ոչ: Ո՛չ: Այդպես էլ մնաց հեռուստատեսային գովազդ ու ռեպորտաժ: Ունեք հիմնավորումներ, բացե՛ք այդ հիմնավորումները»: 

Ուրեմն եթե ԲՀԿ-ի, Վանեցյանի կամ մյուս կուսակցությունների ջոկատները տեղ հասնեին ու դուխով կռվեին, մենք կխուսափեինք խայտառակ պարտությունից: Եվ ոչինչ, որ ԳՇ պետը պատերազմից առաջ զեկուցել էր բանակի իրական վիճակի մասին, ոչինչ, որ պատերազմի 4-րդ օրն արդեն նա զգուշացրել էր, որ դիմադրելու ռեսուրս չունենք, ոչինչ: Ն. Փաշինյանի հույսը կամավորական ջոկատների դուխն էր: Սա՛ է երկրի ղեկավարի ասածը, սա՛ է սպեկուլյացիան: Իսկ թե պետության ղեկավարը ինչպես տապալեց բանակցությունները, ինչպես փախավ հարցի լուծման խաղաղ ճանապարհից, սա կարծես ոչ ոքի չի հետաքրքրում: Սա լուրջ, պետություն ունեցող ազգին կարող էր հուզել, բայց ոչ մեզ: 

ՇՈՒՇԻԻ ՎԵՐՔԸ

Նույնն է նաև Շուշիի վերքը: Շուշին հայկական չէ, որովհետև այնտեղ պետք է վերադառնային ադրբեջանցիները, որոնք քաղաքի բնակչության 90 տոկոսն էին: Իսկ որ Շուշին միևնույն է մնալու էր հայկական վերահսկողության տակ, և դեռ հայտնի չէ՝ այդ պայմանով ադրբեջանցիների ո՞ր տոկոսը կվերադառնար, սա էլ չենք ասում: Որովհետև սրա համար էլ պետք էր հարգել պետականության գաղափարը:

ԱՌԱՆՑ ՊԵՏՈՒԹՅԱՆ

Ի՞նչ խնդիր են այսօր լուծում մեր քաղաքական ուժերը՝ իշխանությա՞ն, թե՞ պետության: Առանց պետության իշխանությունն ընդամենը նվեր է լինելու աշխարհաքաղաքական որևէ կենտրոնից: Եվ այդ քստմնելի նվերից չեն խորշելու: Չեն խորշել և չեն խորշելու օտարի խամաճիկը լինելուց, որովհետև այդպես ավելի հարմար կլինի. պատասխանատվությունը կգցեն օտար տերերի վրա, հանգիստ կապրեն: Խամաճիկի վիճակում ենք: Եվ սա միայն պարտության հետևանքը չէ: Սա մեր պետական մտածողության բացակայության արդյունքն է: 1998 թվականից հետո անխնա մսխեցին պետության ներուժը, արժեզրկեցին պետական իշխանության գաղափարը, և ահա արդյունքը՝ պարտություն: Ու հիմա էլ սեփական մեղքը խոստովանելու փոխարեն զբաղված են էժանագին թատրոն բեմադրելով՝ խամաճիկների թատրոն:

Զարուհի Գաբրիելյան

Հ.Գ. Ստիպված ենք կրկնել՝ գլխավոր խնդիրը մնում է հետևյալը՝ պատերա՞զմ, թե՞ խաղաղություն: Խնդիրը լուծված չէ: Մեր փոխարեն չեն լուծելու:

«Չորրորդ իշխանություն», թիվ 3, 2021

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024