Օգոստոսի 15-ին՝ Վահագն Դավթյանի ծննդյան օրը, ժամը 12։00-ին, այց բանաստեղծի շիրիմին

Արթուր Հայրապետյան Օգոստոս 15, 2022

Օգոստոսի 15-ին՝ Վահագն Դավթյանի ծննդյան օրը, ժամը 12։00-ին, մեծանուն գրողի և ազգային-մշակութային գործչի 100-ամյակի միջոցառումների շրջանակներում տեղի կունենա այց բանաստեղծի շիրիմին՝ Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

———

Մահվանից երկու ամիս առաջ էր․․․ Անսպասելի հանդիպեցի Վահագն Դավթյանին․․․ անակնկալի եկա, անճանաչելիորեն փոխված էր, գունատ, այլակերպված: Առանց բառ ասելու, ծոցագրպանից հանեց մի ծալված թուղթ ու տվեց ինձ, որի վրա հետեւյալ տողերն էին.

,,Գալիս եմ, մայրիկ,

Քո տաք գիրկը բաց,

ինձ սեղմիր կրծքիդ

Ու գնանք մեր տուն,

ես շատ եմ հոգնած,

շատ եմ տառասպած

Անձն իմ տրտում է, կարեվեր տրտում...,,

/8.11.95թ./":

Մինչ ես ընթերցում էի, նա ոչ այս, ոչ այն, ասաց.

- Գնում եմ Հին Արաբկիր:

Ձայնն այնքան ինքնավստահ հնչեց, որ ցնցվեցի ,նայեցի դեմքին.Դավթյանին ես երբեք այդքան այլակերպված չէի տեսել: Ամբողջ մարմնով դողում էր, դեմքը մագաղաթի գույն ուներ, աչքերը , հայացքը մշուշված, ավելի ճիշտ` հեռուներին էր հառած: Այնուամենայնիվ, ձայնն այնքան ինքնավստահ էր, որ մի պահ ինձ թվաց, թե իսկապես զբոսաշրջիկների հերթական խմբով Արեւմտահայաստան շրջագայության է ուղևորվում: Ակամա կարկամեցի.

-Բա Դուք ասում էիք.- որ եթե նույնիսկ հնարավորություն էլ լինի, չե՛ք գնա․․․ Ձեր բառերն են , չէ՞...

Նա չպատասխանեց, ոչինչ չբացատրեց և մի թախծոտ հայացքով նայեց ինձ ու ասաց․

- Ո՛չ մեկը, դու՛ էլ չես հասկանում ցավս...

Առանց հրաժեշտ տալու հեռացավ...:

 

... Երկու ամիս հետո Դավթյանը հրաժեշտ տվեց երկրային կյանքին․․․

————————

ԵՐԲ ԵՍ ՀԵՌԱՆԱՄ

Երբ ես հեռանամ, կտանեմ ինձ հետ միայն ցավն իմ կույր,

Եվ տենդն այս վայրի, որից անընդհատ շուրթերս են ճաքել,

Իսկ մնացյալը, որ խիղճ է արդար ու սիրտ է մաքուր,

Կուզեի այնպես ես ձեզ կտակել:

 

Կտակել դողն այն, որով պատանու մատներն են դողում,

Երբ նա ուզում է աղջկա կրծքի կոճակը քանդել,

Հրեղեն շողն այն, որ թրթռում է մի կաթիլ ցողում

Եվ այդ կաթիլը դարձնում կանթեղ:

 

Եվ այն սուրբ ձյունը , որ անհայտության հեռու ոլորտից

Մանուշակների հրաշքն ու հասկի ոսկին է բերում,

ԵՎ այն հնչյունը, որ ծնվում ինչ-որ հեռու կարոտից

ՈՒ հավքի փոխված ճախրում վերևում:

 

Եվ բարդիները՝ կանաչ հավատի ցոլցլուն մոմեր,

Եվ գետակները, որ ցող են ցանում մանկանց ոտքերին,

Մասրենիները, որ բոցերն իրենց երկնքին ձոնել,

Շիկնանք են տալիս առավոտներին:

 

Եվ քարափները, որոնց կապուտակ քարանձավներում

Բնակեցրել են իմ երազների կախարդ մոգերին,

Եվ խաչքարերը, որ ասես լուսե խիղճ են ու ներում

ՈՒ միշտ խոսել են ինձ հետ ոգևին…

 

Եվ իմ տունը հին, իմ տունը խլված…Երբ արդարության

Ձեռքը բաց անի ճամփաներն այն փակ, ախ, եղեք բարի,

Գնացեք, գտեք մամռած թախիծը դարավոր այդ տան

ՈՒ սիրտս դրեք սեմի սուրբ քարին…

ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ

 

Սիլվա Յուզբաշյանի Ֆբ էջից 

 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024