Ո՞վ պետք է լինի այդ հավատաքննիչը

Արթուր Հայրապետյան Հունիս 16, 2021

Ընդունենք, որ Փաշինյանին ձայն կտա 300 հազար մարդ, Քոչարյանին՝ 250 հազար մարդ (կամ հակառակը՝ ինձ համար էական տարբերություն չկա), մնացած բոլոր քաղաքական ուժերին 2-3 տասնյակ հազար մարդ: Արդյո՞ք դա կնշանակի, որ այն, ինչ մենք հասկանում ենք «հայ ժողովուրդ» ասելով, հենց այդ 300 հազարն են, իսկ այլ ձեւով քվեարկածները, չքվեարկածները, ինչպես նաեւ 7 միլիոն հայությունը ժողովուրդ չե՞ն: Քվեարկողների մեծամասնությունն, այո, իրավունք ունի ձեւավորել իշխանություն, բայց, կարծում եմ, չի կարող սեփականաշնորհել «ժողովուրդ» անունը: Բայց, ենթադրենք, իմ կարծիքը սխալ է, եւ «ժողովուրդը» հենց այդ 300 հազարն են: Տեխնիկապես ինչպե՞ս է իրականացվելու «թրի տակով անցնելու» քննությունը: Ենթադրում եմ, որ այդ 300 կամ 500 հազարն ամեն օր չեն կարող վճիռներ կայացնել՝ «ա՛յ դու, հարգարժան պրոֆեսոր, մեր թրի տակով անցել ես, իսկ դու, սրբազան հայր, չես անցել»: Հետեւաբար, ժողովուրդը պետք է ինչ-որ մեկին կամ ինչ-որ մի խմբի պատվիրակի այդ «թեսթը» անցկացնելու: Ո՞վ պետք է լինի այդ «հավատաքննիչը»՝ ԱԱԾ՞-ն, ԿԳՄՍՆ՞-ն, խորհրդարանական քննիչ հանձնաժողո՞վը, գուցե վարչապետն անձա՞մբ պետք է ամեն մեկի գործը քննի (ուրիշ էլ ի՞նչ կարեւոր գործ ունի): Կամ՝ գուցե «թրի տակով» անցկացնելու պարտականությունը դնենք որեւէ իշխանամետ հ/կ-ի վրա. կարծում եմ, դրա տակ հնարավոր կլինի լավ դրամաշնորհ ստանալ: Կամ, վերջապես, կա եւս մի հնարավորություն. հատուկ կառույց ստեղծել` օրինակ, «Մուրճի, պողպատի եւ հեղափոխական զտման» նախարարություն:

Արամ Աբրահամյան

Կիսվել