Պահանջում ենք ոստիկանապետի հրաժարականը

Արթուր Հայրապետյան Հոկտեմբեր 02, 2022

Կարդում եմ` ՀՀ ոստիկանապետի դուստրը հարսանիքին ստացած գումարով Երեւանում բնակարան է գնել։ Սա դեռ մի կողմ։ Բայց որ շատերը փշաքաղվել են այս լուրով, օօօօ~, ինչպիսի՞ ոռնոց, կասեր Շիլլերը։ Մեկնաբանություններն եմ կարդում ու լալկվում։ Մեկը գրել է` այ չուզողներ, լավ ա արել։ Մյուսը` հալալ քրտինք ա, թող վայելեն...... եւ այս մեկնաբանություն գրողները հիմնականում նրանք են, որոնք որդի կորցրած սեւազգեստ մայրերին վատաբանում, անիծում, մեղադրում են։ Ու այս ամենի ֆոնին մեկը չկա ասի` էս ցավագար իրականության մեջ, էս կյանքի ու մահվան, զոհերի կյանքի հաշվին ձեզ թույլ եք տալիս ճոխ հարսանիքներ եք անում, մի հատ էլ այնքան փող եք բռնում, որ Երեւանում տո՞ւն եք առնում.... ու չեք ամաչո՞ւմ, որ դրա մասին մամուլը գրում է։ 

Հանկարծ չասեք, որ կյանքը շարունակվում է։ Կյանքը չի կարող շարունակվել, երբ ամեն օր մեր զինվորների կյանքի հաշվին ապրում եք, ու նրանց ծնողները անտարբերության մատնված.... հետն էլ ծեծի ենթարկվում կարմիր բերետավորներին անմիջական հրաման տվող հայկազների կողմից։ Կյանքը չի կարող շարունակվել, երբ ամեն օր զոհեր, ու անվերջանալի թվացող ցավ, սահմռկեցուցիչ տեսարաններ, ու դրան զուգահեռ ճոխ հարսանիքներ։ Երբ փողոցում ոտք, ձեռք, աչք կորցրած տղաներ կան, որ դուրս են գալիս դիմացդ ու դու ոչինչ չունես ասելու նրանց, անտուն ու անտեր մարդիկ, որոնց տները խլեցիք ու թշնամուն նվիրեցիք։ Գոնե թաքուն էլ չեք անում ձեր խնջույքները, որովհետեւ թքած ունեք, թե ինչ է կատարվում մեր երկրում։ Ձեր երկրում չգիտեմ։ Ի՞նչ ձեռք ու ոտք ունեք, որ ժխշում եք, ու ցնծում։ Ու՞մ որդու կյանքի հաշվին եք ձեր կյանքը շարունակում, ու հանգիստ քնում։ 

Լավ զգացի՞ր քեզ ոստիկանապետ կոչված, որ սեպտեմբերի 21-ին զոհված զինծառայողների ծնողներին մեր սրբավայրից քարշ տվեցին, հեռացրեցին իրենց որդիների շիրիմներից հայկազակերպ արարածներն ու դու քո սենյակում նստած բավականությո՞ւն ստացար։ Հաճույքով երեւի նայում էիր, չէ՞, թե ինչպես են սգավոր ծնողներին քարշ տալիս հայկազները, պարգեւավճար էլ տված կլինես։ Եթե ոչ, ապա որեւէ քայլ չձեռնարկեցիր հակառակը ապացուցելու համար։ 

Ու քանի դեռ հայկազները համակարգում են, որտեղ հայկազը իր աշխատած բոլոր տարիներին աչքի է ընկել միմիայն ՀՀ քաղաքացիներին ծեծելու ու խոշտանգելու, ասֆալտին փռելու, քաղաքացու վրա շիշ նետելու, սեռական բնույթի հայհոյախառն մառամթերքով հպարտանալու փողոցային պահվածքով, ու դու համաձայնել ու ընդունել ես հայկազների կատարած բռնի ու ապօրինի աշխատանքը, դու էլ քո ոստիկանապետի աթոռով հանդերձ պետք է հեռանաս.....

Պահանջում եմ ոստիկանապետի հրաժարականը։

Իսկ լրագրողին խոշտանգելն ու իրավապաշտպանին բռնի ուժով, սեռական բնույթի հայհոյանքներով քարշ տալը բաժին համարեցիք տղամարդկությո՞ւն։ Թե՞ հայկազների դուրս տված սեռական բնույթի հայհոյանքները սրտիդ նստել են։ Քեզ եմ հարցնում ոստիկանապետ կոչված։ 

Եթե ձեզ թվում է մոռացվեց ու գնաց հայկազների անմիջական հրամանով կատարած խուլիգանությունները, սխալվում եք։ Մինչեւ վերջ գնալու ենք, որ հայկազները, որ չարիք են մեր հասարակության մեջ պատժվեն։

Ու եթե ձեզ թվաց, որ մեզ վախեցրեցիք ու լռեցրեցիք, չարաչար սխալվում եք։ Ու թող որ հայկազներին հանկարծ փորձեն արդարացնել, ես ժամանակից առաջ բան չեմ ասում։ 

 

Հ.Գ. Դուք հասկանո՞ւմ եք, ոստիկանապետը մեր հարկերի հաշվին հարսանիք անի, զոհերի արյան հաշվին ապրի, հայկազներին բթի, որ քաղաքացուն ավելի լավ ու ջիգյարով խոշտանգի, հետն էլ, թե հարսանիքին եկած փողերով տուն եմ առել։ 

Ստացվում է, որ մենք վճարում ենք այս արատավոր բարքերը խրախուսելու համա՞ր։

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024