ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ. «Ազգային սնապարծություն և ազգային արժանապատվություն»

Արթուր Հայրապետյան Հունվար 24, 2021

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ. «Ազգային սնապարծություն և ազգային արժանապատվություն»

1966 թվականի նոյեմբերին, ճիշտ հիսուն տարի առաջ, Հայաստանի գրողների միության համագումարում Պարույր Սևակի ելույթն ուղղակի ցնցեց հանրությանը: Առանց վարանելու այն կարելի է համարել արժեհամակարգային հարցադրումների խտացում, որոնց պատասխանները դեռ երկար են որոնվելու: 1966թ. դեկտեմբերի 16-ին Պարույր Սևակի ելույթը հրապարակվեց «Գրական թերթում», որը հախուռն բանավեճերի, կարծիքների բախումների առիթ տվեց: «ՀԱՅԵՐ» Համահայկական Մեդիահարթակը հրապարակում է «Գրական թերթում» տպագրված հոդվածը՝ ակնկալելով, որ մեր ընթերցողները կշարունակեն 50 տարի առաջ սկսված բանավեճը՝ միտված Հայաստանի Հանրապետության ապագային: «Ազգային սնապարծությո՞ւն, թե՞...» «…խոսելու եմ մեկ արմատական հարցի մասին, որ ունի երկու բուն` ազգային սնապարծություն և ազգային արժանապատվություն, որոնք առերևույթ կարծես կապ չունեն գրականության հետ, բայց ըստ էության գրականության ծնողներն են: Սնապարծությո՞ւնը... Թույլ տվեք հիշեցնեմ մի շատ իմաստուն խոսք. «Ազգը չի կարող կործանվել այլ կերպ, բացի ինքնասպանությունից»: Այս խոսքի իրավացիությունը (աշխարհիս բոլոր ազգերից ավելի) հաստատում է մեր ազգը` իր ահռելի պատմությամբ: Նունիսկ 1915-ի ազգասպանության աննախադեպ փաստը եկավ նույնը հաստատելու. 1915-21 թվականներին կարծես երկինք ու գետին խոսքը մեկ էին արել կործանելու մեր անմեղ-մեղավոր ազգը: Բայց չկարողացան, որովհետև չուզեցինք: Իսկ ինքնասպանությո՞ւնը... Ազգային ինքնասպանության զանազան ձևեր կան, և դրանց մեջ ամենադյուրինը, ըստ իս, իմ ասած սնապարծությունն է, որ նման է տաք ջրով լեցուն լողարանի մեջ սեփական երակը կտրելուն: Այն սնապարծությունը, որի հակառակ երեսը (թույլ տվեք երկու օտար բառ օգտագործել) արխայինություն-դինջությունն է: Մենք քամիներ շատ ենք տեսել և եթե ցայսօր գոյատևում ենք, ապա շնորհիվ լոկ այն բանի, որ քամիները թռցրել են մեր գլխարկը, բայց ոչ գլուխը: Սնամեջ ու հավակնոտ, պոռոտ ու պռատ գլուխգովանությունը, քաջնազարային դինջության և արխայինության հետ հանդիպելիս` առաջացնում են մի քամի (ո՛չ, այս անգամ հո՜ղմ), որ այլևս գլխարկ չի թռցնում, այլ գլուխ: Մենք շատ ենք խոսում և պիտի խոսենք կարմիր, իսկ այժմ առավել ևս սպիտակ ջարդից, որին ենթակա է մեր ժողովուրդը: Այս սպիտակ ջարդի լավագույն օգնականը հենց սնապարծությունն է, այն հինգերորդ շարասյունը, հենց գործում է մեր իսկ ներսում, իբրև արխայինություն-դինջություն: Մեր նոր պատմագրության առաջին մեծը` Միքայել Չամչյանը, իր եռահատոր «Հայոց պատմությամբ» ահագին գործ է արել մեր ժողովրդի արթնացման և զարթոնքի հեռավոր տարիներին,- մեծ մեղք կլինի այս մոռանալը: Բայց Չամչյանի պատմական սկզբունքը հետևյալն էր, քանի որ Նոյյան տապանն իջել է Արարատի գագաթին, ուրեմն Հայաստանն է արդի մարդկության օրրանը: Քանի որ (ըստ նույն Սուրբ գրոց վկայության) Ադամ-Եվայի երբեմնի դրախտը գտնվում էր Տիգրիս և Եփրատ գետերի միջև, ուրեմն Հայաստանն է «Երկիր դրախտավայրը»: Քանի որ... Այս «քանի-որ» -ների համար կարելի է և պետք է ներել հայր Չամչյանին, բայց պետք է թշնամաբար նայել բոլոր նրանց, ովքեր այսօր էլ դատում են մոտավորապես նույն ձևով. «Մենք որ կայինք. Այսինչ ժողովուրդը դեռ միսն աղել չգիտեր...»: «Մենք որ Պլատոն էինք թարգմանում` նրանք ապրում էին ծառերի վրա...»: «Իսկ հապա մեր Այսինչ, մեր Այնինչը, մեր Էսը, մեր Էնը»: Ահռելին այն է, որ այսպես դատողների մեծամասնությունը բնավ էլ չգիտի ո՛չ մեր Այսինչը, ո՛չ Այնինչը, ո՛չ Էսը, ո՛չ Էնը. նա պարզապես կրկնում է անուններ: Իսկ ամոթալին էլ այն է, որ նա ոչ միայն չգիտի, այլ նաև եթե նրան ասես, թե մեր մոտավոր ու հեռավոր հարևաններին էլ ունեցել են այդ ամենը կամ այդ ամենից շատ ավելին, չի՛ հավատա կամ քեզ կհամարի, ինչպես հիմա ասում են` «շուռ տված հայ»: Հայրենասիրության այս տեսակը մի փափուկ բարձ է, որ լցված է ոչ թե աղվամազով, այլ քնաբեր հաշիշով, և դա այն ժամանակ, երբ մեր շուրջ գնում է մրցություն, եթե ոչ պայքար: Եվ դա ա՛յն ժամանակ, երբ ո՛չ Նոյյան տապան, ո՛չ էլ Նարեկացի ունեցող, երեկվա իսկապես անգիր ու անգիրք ազգերը մեր աչքերի առջև ստեղծում են այնպիսի գրական երկեր, որ ունենում են համամիութենական (ու համաշխարհային) հնչեղություն և ստիպում մեզ թարգմանել դրանք: Պլատոնին և Արիստոտելին 6-րդ դարում թարգմանած ազգի փուչ հայրենասերը չպիտի՞ մտածի նաև այս նորօրյա թարգմանությունների մասին: Ահա այս հարցն է, որ պիտի մտահոգի և մտատանջի մեզ` հայ գրականության մշակներիս, և ա՛յս բարձունքից մենք նայենք մեր գրական բոլոր լուրջ և անլուրջ վեճերին:

 

https://thearmenians.am/hy/blog/paruyr-sevak-azgayn-snaparcutyun-ev-azgayin-

Կիսվել