Փաշինյանը հայտարարեց. «Ցավոք, մեզ չի հաջողվել լուծել ռազմագերիների հարցը»։ «Ցավոք»-ը բացատրություն չի, մեկնաբանություն չի, հարցի պատասխան չի

Արթուր Հայրապետյան Հունվար 15, 2021

Եթե ես ընդդիմադիր քաղաքական մեկնաբան լինեի, ապա հունվարի 11-ի մոսկովյան եռակողմ հանդիպումից ու այդ մասին հայտարարություններից հետո կգրեի, թե իշխանություններն արդեն ամբողջությամբ ծախել են Արցախը՝ Հայաստանի մի մասն էլ հետը։ Այդ ամենը կհամեմեի Նիկոլ Փաշինյանի հասցեին պիտակներով, մի քիչ «աղուբիբար», «սոխուկանաչի» կավելացնեի, եւ խնդրեմ՝ վերլուծությունը պատրաստ է։ Լիքը մարդկանց սրտեր կհովանային, ես էլ հերոս-հերոս կսկսեի գլուխ գովել, որ իբրեւ հեռատես քաղաքական վերլուծաբան էդ վաղուց գուշակել էի եւ անգամ գուշակել էի, որ Փաշինյանն ընդունակ չէ նույնիսկ գերիների հարցը լուծելու, էլ ո՞ւր մնաց անվտանգության հարցեր լուծի… Դե, շարունակությունը գիտեք։ Եթե ես իշխանամետ քաղաքական մեկնաբան լինեի, ապա հունվարի 11-ի մոսկովյան եռակողմ հանդիպումից ու այդ մասին հայտարարություններից հետո կգրեի, թե մենք մեծ հաղթանակ գրանցեցինք տնտեսական հարցերում՝ կոմունիակացիները կբացվեն, Հայաստանը երկաթուղով կկապվի Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի հետ, կաշխուժանա առեւտուրը։ Երկիրը կսկսի բարգավաճել ու ծաղկել եւ այդ ամենը մեր առաջնորդի եւ իր սիրելի գործընկեր Վլադիմիր Վլադիմիրովիչի գործուն մասնկացությամբ։ Իսկ գերիների հարցը ընկեր Պուտինի անմիջական ղեկավարությամբ մենք դեռ… Դե, շարունակությունը գիտեք։ Բայց ես ընդհանրապես քաղաքական մեկնաբան չեմ, անգամ՝ չեզոք մեկնաբան չեմ եւ միշտ նախանձել եմ քաղաքական մեկնաբաններին, որոնք դեմքին խելացի արտահայտություն տալով, ծխախոտի ծուխը խիստ մտահոգ ներս քաշելով՝ կարող են բացատրել, թե Պուտինի փողկապի գույնը ինչ է հուշում այս բանակցությունների ընթացքի ու արդյունքի մասին։ Շարունակությունը կարեւոր չէ։ Կարեւորը՝ Պուտինի փողկապի գույնի աննկատելի երանգները տեսնելով՝ «ճիշտ» եզրակացության հանգելն է։ Ես ընդամենը Հայաստանի Հանրապետության սովորական քաղաքացի եմ, որն այդ հանդիպման եւ ընդհանրապես երկրի անվտանգությանը վերաբերող մի քանի անմեղ հարց ունի։ Եվ քանի որ իմ մասնագիտությունը՝ լրագրությունը, հենց հարց տալու արվեստն է (թեպետ շատ լրագրողներ սա մոռացել են), փորձել եմ ձեւակերպել կոնկրետ հարցեր։ Ցավոք (կամ գուցե՝ բարեբախտաբար) ես հեռուստատեսային հաղորդաշար չեմ վարում, որ Փաշինյանին հրավիրեմ հարցազրույցի։ Կարող էի, իհարկե, «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի ընձեռած հնարավորություններից օգտվելով, գրավոր հարցում ուղարկել կառավարություն։ Բայց դե թղթաբանության առանձնապես զահլա չունեմ, ուստի ուզում եմ այդ խիստ անմեղ հարցերը տալ այսպես՝ հրապարակային։ Մարդ ես, մեկ էլ տեսար կարդացող եղավ։ Նախ՝ հունվարի 11-ի բանակցություններից հետո վարչապետ Փաշինյանը հայտարարեց. «Ցավոք, մեզ չի հաջողվել լուծել ռազմագերիների հարցը»։ «Ցավոք»-ը բացատրություն չի, մեկնաբանություն չի, հարցի պատասխան չի։ Ուստի իմ առաջին հարցն է. Ինչո՞ւ չհաջողվեց լուծել այդ խնդիրը, որը Դուք, Մոսկվա մեկնելուց առաջ, համարում էիք ամենաառաջնահերթը։ Այ, այդ «ինչո՞ւ» — ի պատասխանը կլինի մեկնաբանություն, բացատրություն։ Երկրորդ՝ իբրեւ այդ հանդիպման արդյունք նշվում է Ադրբեջանի եւ Հայաստանի տարածքներով միջազգային փոխադրումների իրականացումը։ Պարզ է, որ խոսքը Մեղրու տարածքով երկաթուղային եւ ավտոմոբիլային ճանապարհներով Ադրբեջան-Նախիջեւան-Թուրքիա եւ Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան (խոսվում է նաեւ Թուրքիա եւ Իրան) բեռնափոխադրումների մասին է։ Հարց՝ ո՞վ եւ ինչպե՞ս է հայ փոխադրողների համար ապահովելու այդ ուղիների անվտանգությունը Նախիջեւանի եւ Ադրբեջանի տարածքներով։ Եվ ապահովվելո՞ւ է այն, արդյոք։ Սա պատահական չեմ հարցնում։ Որովհետեւ դեռ խորհրդային տարիներին, թեպետ հսկա պետությունը հիմնականում ապահովում էր երկաթուղու եւ ճանապարհների անվտանգությունը, հայերն ու ադրբեջանցիները հանգիստ երթեւեկում ու անգամ այցելում էին իրար, սակայն լինում էին դեպքեր, որ, օրինակ, երբ «Արարատը» հաղթում էր «Նեւթչիին», Նախիջեւանի տարածքով անցնող մեր գնացքները երկու օր քարկոծվում էին։ Ի՞նչ երաշխիք, որ իրավիճակի թեթեւակի սրման դեպքում, կամ երբ Արոնյանը հաղթի Ռաջաբովին, նույն բանը չի կրկնվի։ Երրորդ՝ նույն հարցի հետ կապված. ովքե՞ր են սպասարկելու, ասենք, Մեղրու տարածքով անցնող ապագա երկաթուղին։ Մի կարծեք, թե սա երկրորդական հարց է։ ԽՍՀՄ տարիներին դա սպասարկում էր АЗЖД-ն («Ադրբեջանական երկաթուղի» կազմակերպությունը), եւ երկաթուղին սպասարկող (ռելսերը ստուգող, փայտակոճերը փոխող եւ այլն) ադրբեջանցիները «մոռանում» էին հետ գնալ ու ընտանիքներով հանգրվանում էին Մեղրու տարածքում։ Այդպես նրանք թիթեղաշեն եւ փայտաշեն տների մի ամբողջ թաղամաս էին ստեղծել Ագարակ քաղաքի մուտքի մոտ՝ կայարանամերձ հատվածում ու բազմանում էին։ Չորրորդ՝ ես ծնվել-ապրել-մեծացել եմ հայ-իրանական սահմանային Մեղրի քաղաքում եւ միշտ իմացել եմ, որ ցանկացած միջպետական սահման ունենում է չեզոք գոտի։ Հիմա Ադրբեջանը Գորիս-Կապան ճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում իր պահակակետերը դրել է հենց ճանապարհի եզրին։ Որքանո՞վ է դա միջազգային իրավունքի տեսակետից ընդունելի։ Եվ՝ արդյո՞ք նախատեսվում է ապագայում ճանապարհին հարող որոշակի լայնության տարածք ամբողջությամբ հայտարարել չեզոք գոտի ու հայ-ադրբեջանական սահմանն էլ պատել եռաշերտ փշալարով (ինչպես որ մինչ հիմա խորհրդային իներցիայով պատված է բարեկամ Իրանի հետ սահմանը)՝ դրանով իսկ գոնե ինչ-որ չափով ապահովելով ճանապարհի այդ հատվածների անվտանգությունը։ Եվ վերջապես հինգերորդ. Ի՞նչ կա-չկա Հյուսիս-Հարավ մայրուղուց, դե էն էլի, որ Սյունիքում պիտի թունելներով, կամուրջներով-բանով անցներ՝ շրջանցելով այդ սահմանային վտանգավոր հատվածները: Թե՞ էլ դրա կարիքը չկա, քանի որ «կոմունիկացիաների ապաշրջափակումը» այն հանել է օրակարգից։ Էլի հարցեր կան։ Բայց առայժմ այսքանն էլ բավական է։

 

https://www.aliqmedia.am/2021/01/15/4565/?fbclid=IwAR3ak_9Bn9Tj4juty-9q1olmJjLjtV2oybeH3j4q57wkMG5YgToRS2zTjZA

Մեսրոպ Հարությունյան / aliqmedia.am /

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024