Փաշինյանը կարող է դառնալ «Սերժ Սարգսյան»

Արթուր Հայրապետյան Հունվար 15, 2021

Երկու տարի առաջ մտքիս ծայրով անգամ չէր անցնի, որ Նիկոլ Փաշինյանը կփորձի վերարտադրել իր իշխանությունը ճիշտ այնպես, ինչպես որ դա անում էին Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը: Բայց ժամանակները փոխվում են. երկու տարի առաջ նույնիսկ ամենասարսափելի երազում չէի կարող տեսնել, որ մենք կկորցնենք Արցախի 70 տոկոսը, կունենանք հազարավոր զոհեր եւ փախստականներ: Եվ քանի որ այսքանից հետո Փաշինյանն իրեն այդ ամենի համար մեղավոր չի համարում, հրաժարական չի տալիս եւ չի հեռանում քաղաքականությունից, դա ինձ հիմք է տալիս ենթադրելու, որ իշխանություն պահելը նրա համար ամենասկզբունքային խնդիրն է: Եկեք հակիրճ հիշեցնենք, թե երբ է հնարավոր իշխանության վերարտադրությունը.

1/ կիրառվում է վարչական ռեսուրսը,

2/ ոստիկանությունը, ԱԱԾ-ն, ՀՔԾ-ն, Քննչական ծառայությունը, դատախազությունը պետության առաջին դեմքի գրպանում են եւ ենթարկվում են նրա քաղաքական հրահանգներին (վերջերս վարչապետն իր դժգոհությունն է հայտնել, որ դատարանները նրա գրպանում չեն, բայց դա մոտակա ամիսներին «կշտկվի»),

3/ օլիգարխիան իր միջոցներով ծառայում է իշխանությանը,

4/ խորհրդարանական մեծամասնությունն՝ ուղեղն անջատած, կատարում է պետության ղեկավարի քմահաճույքները, «իմքայլական» պատգամավորների սրընթաց «շմայսացումը» կարելի է դիտարկել որպես դրա ուղեկցող էֆեկտ: Այդ ամենը կար «Սերժի վախտ» եւ կա հիմա՝ ինչ էլ ասեն իշխանության քարոզիչները: Այդ ամենն ինձ թույլ է տալիս կարծելու, որ եթե Փաշինյանը մնա վարչապետի պաշտոնում եւ այդ պայմաններում անցկացվեն արտահերթ ընտրություններ, ապա ներկայիս վարչապետը քաղաքական իմաստով կդառնա «Սերժ Սարգսյան» կամ «Ռոբերտ Քոչարյան»: Այս՝ անիմաստ եւ զուտ ձեւական ընտրությունների դեպքում, իհարկե, կգտնվեն գրպանային «ընդդիմադիր» կուսակցություններ, որոնց առաջնորդները չեն դիմանա գայթակղությանը՝ ունենալու խորհրդարանում 10 կամ 20 պատգամավոր եւ հանդես գալ այդ ներկայացման մեջ ստատիստի դերում՝ «Իմ քայլի» «կայուն մեծամասնության» պայմաններում: Հայաստանում իշխանությունը երբեք ընտրությունների միջոցով չի փոխվել: 1998 թվականին կազմակերպվեց պալատական հեղաշրջում, եւ դրան հաջորդած ընտրությունները պարզապես ամրագրեցին արդեն դե ֆակտո տեղի ունեցած իշխանափոխությունը: 2018-ին Հայաստանում տեղի ունեցավ հեղափոխություն, եւ նույն թվականի դեկտեմբերի 9-ի ընտրությունները զուտ տեխնիկական միջոցառում էր, որն ամրագրեց արդեն իսկ իշխանության եկած Փաշինյանի իշխանությունը: Այս փորձից դատելով՝ կարելի է եզրակացնել, որ ներկայիս վարչապետը իշխանությունից կհեռանա երկու դեպքում.

1/ ուժայինները նրան կդավաճանեն եւ իշխանության կգան հեղաշրջման միջոցով,

2/ ֆեյսբուքում, իսկ այնուհետեւ փողոցում կհայտնվի Նիկոլ- 2-ը, որը ատելություն կբորբոքի Նիկոլ-1-ի հանդեպ, փողոցում կհայտնվեն հարյուր հազարավոր մարդիկ՝ այնպես որ Նիկոլ-1-ը ստիպված կլինի հրաժարական տալ: Այդ երկու սցենարներն ինձ համար պակաս ընդունելի են, քան ներկայիս status quo-ի պահպանումը, որովհետեւ

ա/ ապակայունացնելու են առանց այդ էլ վտանգավոր իրավիճակը,

բ/ սկզբունքորեն ոչ մի բան չեն փոխելու պետական ինստիտուտների առումով, ինչպես ոչինչ չփոխեց Սերժ Սարգսյանին Փաշինյանով փոխարինելը: Այնպես որ, եթե Փաշինյանն է անցկացնելու արտահերթ ընտրությունները, ավելի լավ կլինի, որ դրանք ընդհանրապես չլինեն՝ պետք չէ մարդկանց իզուր տեղը գրգռել:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Կիսվել