Փաշինյանը լիուլի օգտվեց ընձեռված հնարավորությունից

Արթուր Հայրապետյան Մայիս 24, 2021

Այս հոդվածի շարժառիթը վերջին երկու-երեք օրերին հայկական մամուլում և առցանց տիրույթում հանդիպող դատողությունն է, թե ընտրությունները ֆարս են, թե ընտրական գործընթացին մասնակցող ուժերը Նիկոլ Փաշինյանի խաղն են խաղում, թե վարչապետի ժպ-ն ֆռռացնում է բոլորին: Լավ, ասենք, այս պնդումներն ունեն ճշմարտության որոշ տարրեր: Իսկապես, վիրավոր, պարտված երկրում ընտրությունները էքստրեմալ են, իսկապես Նիկոլ Փաշինյանի՝ պաշտոնից չհեռանալու փաստը կասկածի տակ է դնում այս միջոցառման լեգիտիմությունը: Ճիշտ է նաև այն, որ վերարտադրվելու դեպքում պատուհասը ևս 5 տարի իշխելու իրավունք կստանա: Սակայն ի՞նչ այլընտրանք են առաջարկում ընտրությունները ֆարս համարողները: Միանգամից պատասխանենք՝ ոչ մի: 

 

Պատերազմից անմիջապես հետո իշխանությանը համարժեք պատուհաս մի «շարժում» ստեղծվեց, որի գործունեությունն ամրապնդեց Ն. Փաշինյանի դիրքերը: Եվ սրանց հիմնական սխալը ոչ թե անիմաստ, պաթոսախեղդ հռետորաբանությունն էր, նախկին իշխանավորների՝ որպես ընդդիմություն հանդես գալու անկարողությունը, կազմակերպված ցույցերի մասնակիցների քչությունը կամ սխալ առաջնորդ ընտրելը, այլ բոլորովին ուրիշ բան:

 

1. Այսպես կոչված Հայրենիքի փրկության շարժումը ձայնակցեց Նիկոլ Փաշինյանին՝ պարտության պատճառը կապելով դավաճանության հետ:

 

2. Շեշտը դրեց «հող հանձնելու» վրա, ոչ թե պատերազմ սանձազերծելու:

 

3. Շարժման հիմնական շարժիչ ուժը ՀՅԴ-ն էր, որ երբեք, ոչ մի գնով դուրս չի եկել հայդատականության իր շրջանակներից, երբեք, ոչ մի գնով չի հրաժարվել ֆիդայականությունից: ՀՅԴ-ն իր այս գաղափարախոսությամբ միշտ հակադրվել է պետականությանը, արհամարհել պետական ինստիտուտների դերը՝ հենց դրանով ջուր լցնելով Ն. Փաշինյանի ջրաղացին:

 

Ն. Փաշինյանը լիուլի օգտվեց ընձեռված հնարավորություններից, փակեց պատերազմից անմիջապես հետո առաջացած տրամաբանական դիկուսը, որ վերաբերում էր հենց պատերազմի սանձազերծմանը, օգտագործելով նախկինների վերադարձի «բոբոն»՝ ժամանակ շահեց՝ դիրքերն ամրապնդելու համար: 

 

Թեպետ հասկանում ենք ընտրությունները ֆարս համարող մարդկանց անհանգստությունը, պետք է նշենք, որ այդ միջոցառման այլընտրանքը չունենք: Եթե ընտրությունները չեղարկվեն կամ հետաձգվեն, Հայաստանը կմնա ժամանակավոր պաշտոնակատարների հույսին, այսինքն՝ նույնիսկ վատ իշխանություն չի ունենա: Ն. Փաշինյանը հնարավորություն կստանա շարունակելու իր անպատասխանատու պաշտոնավարումը՝ որպես արդարացում ունենալով պաշտոնի ժամանակավորությունը:

 

Ուստի, ընտրությունների հետաձգումը կամ չեղարկումը կխորացնի անիշխանության, անգործունակության, երկրի ինքնիշխանության անկման առանց այդ էլ աղետալի մակարդակը: Իսկ այսպիսի հարցադրումները, որոնցից օգտվում են վարկանիշ չունեցող քաղաքական ուժերը, օր.՝ ԼՀԿ-ն, պատուհաս իշխանության համար խուսանավելու հնարավորություններ են ստեղծում:

 

Զարուհի Գաբրիելյան

 

Չորրորդ իշխանություն

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024