Փաշինյանը՝ ֆուտբոլային տերմինով ասած, խաղից դուրս վիճակում է

Արթուր Հայրապետյան Ապրիլ 12, 2021

Ջնջում, գրում են

Այս շաբաթն անցավ լարվածության նշանաբանով: Օրը սկսվում է, բացում ես լրահոսը. լարված իրավիճակ ՊՆ շենքի մոտ, լարված իրավիճակ Գյումրիում, լարված իրավիճակ Կառավարության շենքի մոտ, այս մայրուղում, այն գյուղում: Ամենավատը, իհարկե, «Էրեբունի» օդանավակայանի մոտ ստեղծված լարված իրավիճակն էր: Պատկերացնում ենք այն ծնողների վիճակը, որոնք գնացել էին այնտեղ՝ դիմավորելու Բաքվից ինքնաթիռով վերադարձող իրենց գերի զավակներին, ինչպես հայտարարել էին Հայաստանի իշխանությունները:

Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը մամուլում հաստատեց, որ գերիներ են վերադառնում, հետո իր էջում ստատուս գրեց այդ մասին, իսկ հետո ջնջեց: Ջնջեց ոչ միայն իր ստատուսը, այլ նաև ծնողների հույսերը:  Ու սկսվեց մի կաշ-կալամաշ: Ծնողների վրդովմունքը հասկանալի էր. մարդիկ գնում են զավակներին դիմավորելու, ինքնաթիռը դատարկ է գալիս: Դա գիտե՞ք ինչ է. ոնց որ երկրորդ անգամ զավակիդ կորցնես: Իսկ իշխանությունները չեն հասկանում, թե ինչ անասելի ցավ ու տառապանք են պատճառել ծնողներին: Կարող էին ոչինչ չասել, սպասեին, ինքնաթիռը գար, համոզվեին, որ զինվորներ են վերադարձել, հետո սրտների ուզածի չափ իրենց գովեին, իրար լայքեին ու սրտիկեին: Մի ամբողջ իշխանություն՝ իր կառույցներով, ԱԱԾ-ով, խորհրդականներով, դիվանագետներով, չգիտի՝ գերիներ վերադառնո՞ւմ են, թե՞ ոչ: Ոչ, սխալ էր ասում դասականը. սա խենթանոց չի, սա մանկապարտեզ է: Դե հիմա, որքան ուզում եք ասեք՝ Ադրբեջանը սենց արեց, նենց արեց, պատանդ է պահում, չկատարեց պայմանավորվածությունը, վերջին պահին փոշմանեց, դրանից ծնողների վիշտը չի ամոքվելու: Խաղից դուրս վիճակում ենք Բա որ իշխանության որոշ համախոհներ տարածում են, թե սրանով Ալիևը ապտակ հասցրեց Պուտինին: Իբր Պուտինը Ալիևի հետ պայմանավորվել էր, որ գերիներին վերադարձնի, Ալիևն էլ խոստումը դրժեց ու խայտառակեց Պուտինին: Յանի Պուտինին թասիբի են գցում: Ահա այսպիսի մանկամիտ մոտեցում: Կամ ասում են՝ Ալիևը Պուտինի հետ պայմանավորվել էր, էն էլ Էրդողանը զանգեց Ալիևին, ասաց՝ նայի հա, ոչ մի գերի բաց չթողնես, ես Պուտինի հետ էդ հարցերով կզբաղվեմ, մի քիչ բազար անեմ: Ուշադրություն դարձրեք, որ այս ամենի մեջ Նիկոլ Փաշինյան չկա: Ալիևը կչափալախի Պուտինին, Պուտինը քացով կխփի Էրդողանին, Էրդողանը «աբառոտկա» կֆռա, այս ամենն առանց Հայաստանի ղեկավարի:

Սա ցույց է տալիս Նիկոլ Փաշինյանի կարգավիճակը միջազգային հարաբերություններում: Մենք դրսից եկող ինֆոներով պետք է ջոկենք, թե մեզ ինչ է սպասվում, ինչ են որոշել դրսում: Իսկ Նիկոլ Փաշինյանը՝ ֆուտբոլային տերմինով ասած, խաղից դուրս վիճակում է: Հենց ուզում է որևէ քայլ անի, ասում են՝ հոպ, գիծը անցար, խաղից դուրս ես: Մի հատ խոսք կա. հարսի համապատասխան տեղով փեսին լավություն է անում: Մենք այդ վիճակում ենք. մեր հաշվին մեզ լավություն են անում, կամ չեն անում, ցավոք սրտի, այս անգամ լավություն չարեցին: Երևի այն պատճառով, որ դրա դիմաց հաշիվ են ուզում: Մուրադովին էլ «պադստավկա» արեցին. Դե, Մուրադովի պատմությունն այս մանկապարտեզի հաջորդ սերիան էր: Բացառված չէ, որ իսկապես ի սկզբանե եղել է պայմանավորվածություն, որ Ադրբեջանը մի խումբ գերիներ է վերադարձնելու:

Բացառված չէ, որ հենց այդ նպատակով էր գեներալ Մուրադովը գնացել Բաքու, բայց հետո ինչ է եղել, մարդ է վատացել, թե ոնց, բայց գերիներին վերադարձնելու հարցը չի լուծվել, և Մուրադովը եկել է Երևան: Եկավ, ասացին՝ բա, ինչո՞ւ գերիներ չկան, բա իշխանությունը նրանց վերադարձի անոնսը տվել էր, պատասխանեց, որ հայ պաշտոնյաները թյուրիմացության մեջ են գցում բնակչությանը, ու դա կեղծ պրովոկացիա էր: Մի վրա տվեցին Մուրադովին, թե բա՝ իրեն Բաքվում ապտակել են, փուքը մեր վրա է թափում: Ոչ ոք չասաց, որ էս մարդուն Հայաստանի իշխանությունները «պադստավկա» են արել:

Այսինքն՝ հայտարարել էին, որ գերիներ են գալիս Երևան, պարզվել է՝ այդպիսի բան չկա, դրանով ռուս գեներալին խիստ անհարմար դրության մեջ են դրել, որովհետև ստացվում է, որ Մուրադովի մեղքով է, որ գերիներ հետ չեն եկել:

Մի հատ ծալապակաս իրավապաշտպան էլ գրել էր, թե սրանով Մուրադովը մուռ հանեց ՀՀ ԳՇ պետ Արտակ Դավթյանից, որ նրա հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի դրոշը թարս էր դրվել: Ծը, երևի դասականն այնուամենայնիվ ճիշտ էր. սա մանկապարտեզ էլ չի, սա խենթանոց է:

«Չորրորդ իշխանություն», թիվ 14, 2021

Կիսվել