Փաշինյանն ավելի շուտ հենց ինքն իր հոգեզավակն է, քանի որ իր սահմանափակ անսահմանության մեջ կա միայն մեկ կենդանի օրգանիզմ և այդ մեկն ինքն է

Արթուր Հայրապետյան Մարտ 14, 2021

Լևոն Տեր-Պետրոսյանի և Նիկոլ Փաշինյանի մասին «Նիկոլ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանի հոգեզավակն է»։ Սա թերևս վերջին շրջանում ամենից հաճախ հանդիպող մտքերից մեկն է։ Փորձենք հասկանալ, իսկապես այդպե՞ս է, թե գործ ունենք քարոզչական հերթական բութ հնարքի հետ։ Նախագահ Տեր-Պետրոսյանի հոգեզավակը լինելու համար անհրաժեշտ է երկու պարտադիր նախապայման․ ա/Լինել նրա թիմակիցը բ/Լինել նրա գաղափարակիցը։ Եթե որպես փաստարկ հիմք ենք ընդունում առաջին կետը, ապա իսկապես Նիկոլ Փաշինյանը կարող է լինել Տեր-Պետրոսյանի հոգեզավակը, քանի որ ժամանակին՝ 2008 թ․-ին, եղել է նրա թիմակիցը։ Բայց այդ դեպքում առաջին նախագահի հոգեզավակներն են նաև Վազգեն Մանուկյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Վազգեն Սարգսյանը և բազմաթիվ այլ մարդիկ։ Նրանք բոլորը տարբեր ժամանակաշրջաններում Տեր-Պետրոսյանի հետ եղել են միևնույն թիմում։ Եթե շարժվում ենք վերոհիշյալ տրամաբանությամբ, ապա արդար չէ միայն պատերազմում ջախջախված Փաշինյանին տերպետրոսյանական հոգևոր ժառանգականություն վերագրել։ Բայց մի՞թե ակնհայտ չէ, որ մոտեցումն այս ոչ միայն անհեթեթ է, այլ նաև զավեշտալի։ Պարզ չէ՞, որ ինչպես Նիկոլը, այնպես էլ մյուս գործիչները ինչ-որ փուլում եղել են Տեր-Պետրոսյանի հետ նույն թիմում կամ էլ համագործակցել են, իսկ հետո ամենքը գնացել իր ճանապարհով։ Եթե ա տարբերակն անհեթեթ է, ապա փորձենք հասկանալ որքանով է բովանդակային բ կետը։ Արդյոք Լևոն Տեր-Պետրոսյանն ու Նիկոլ Փաշինյանը գաղափարակիցնե՞ր են, թե՛, ոչ։ Իմ համոզմամբ բոլոր այս տարիներին այս երկուսը ընդամենը մեկ գաղափարական ընդհանրություն են ունեցել, որն է՝ 2008 թ․-ին իշխանափոխության անհրաժեշտությունը։ Սա է, ուրիշ հատման կետ պարզապես չի նշմարվում։

ա/Տեր-Պետրոսյանը ազատական գաղափարախոսության կրող է, իսկ Փաշինյանը մերժում է «իզմերը» (Այս իմաստով Փաշինյանն ավելի շատ նման է Ռոբերտ Քոչարյանին, որի կագախոսն էր՝ իմ կուսակցությունը իմ ժողովուրդն է):

բ/Տեր-Պետրոսյանը ունի քաղաքական համոզմունքների ամուր համակարգ, որոնք տարիների ընթացքում չեն փոփոխվել, իսկ Նիկոլ Փաշինյանը քաղաքական իմաստով օպորտունիստ է, այսինքն՝ զուրկ է համոզմունքներից և սկզբունքներից, շարժվում է պահի թելադրանքով։ գ/Տեր-Պետրոսյանը հակապոպուլիստ է, դա ապացուցվել է բազմիցս, երբ նա հանուն գաղափարի զոհաբերել է իր վարկանիշը, իսկ Նիկոլ Փաշինյանն ընդհակառակը՝ ծայրահեղ պոպուլիստ է, իսկ վերջին տարիներին նրա միակ զբաղմունքը վարկանիշափրկությունն է։

դ/Տեր-Պետրոսյանը խաղաղության և հաշտության ջատագով է, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ պատերազմի հրձիգ, ծավալապաշտության, ոչմիթիզականության, հայդատականության գաղափարական ամենասուր դրսևորումը մեր իրականության մեջ։ Ավելորդ չի նշել, որ այս իմաստով նա ավելի շատ դաշնակցության հոգեզավակն է։

ե/Քաղաքական իմաստով Տեր-Պետրոսյանը պոզիտիվիստ է, այսինքն, նրա համար որոշումների կայացման և առհասարակ քաղաքական գործունեության առաջնային շարժիչ ուժը մեզ շրջապատող իրողությունների, փաստերի, հանգամանքների հաշվի առնումն է։ Կոպիտ ձևակերպմամբ առաջին նախագահը երբեք քայլ չի անում, եթե ձեռքի տակ չունի էմպիրիկ, ապացուցողական տվյալներ (Տեր-Պետրոսյանին պոզիտիվիստ բնորոշումն առաջին անգամ տվել է քաղաքագետ Արման Գրիգորյանը) Իսկ Նիկոլ Փաշինյանի քաղաքական գոյության շարժիչ ուժը իռացիոնալ ինտուիցիան է, այսինքն, նա ոչ թե քայլում է օբյեկտիվ իրականության պարտադրած խաղի կանոններով, այլ գործում է առանց տրամաբանական շղթայի, հրաշքի սպասումով։ Պատահական չէ, որ նա առանց քաղաքական և ռազմական հաշվարկի զորքերին առաջնորդում էր «Սարդարապատի»՝ հաշվի չառնելով ռազմաճակատում և ռազմական գործողություններում ստեղծված իրավիճակն ու իր հնարավորությունները։ Այսինքն, Նիկոլ Փաշինյանը պետությունը կառավարում է իռացիոնալ ինտուիցիայի միջոցով, որը հակաինտելկտուալ մոտեցում է, քանի որ որոշումների կայացման և քաղաքականության մշակման գործում կենտրոնական դեր է զբաղեցնում ոչ թե բանականությունը, այլ՝ զգացմունքները։ Կոպիտ ձևակերպմամբ նա ոչ թե մտածում է, այլ զգում է՝ որպես անտեսանելի և անապացուցելի ճշմարտությունների կրող։ Այս իմաստով նա հակահամակարգ է։

զ/Տեր-Պետրոսյանի համար իշխանությունը միջոց է, իսկ Փաշինյանի համար՝ նպատակ։ Պատահական չէ, որ առաջին իսկ վտանգի դեպքում նախագահը ժամանակին հրաժարական տվեց, իսկ Փաշինյանը ոչ միայն սոսնձվել է իր աթոռին, այլ նաև պատրաստվում է շարունակել պաշտոնավարումը՝ թքած ունենալով Հայաստանի ապագայի վրա։

է/Տեր-Պետրոսյանն իր ողջ գիտակցական կյանքում պայքարել է օջախապետության և ֆիդայականության դեմ, առաջնային պլան մղելով կանոնակարգված պետության գաղափարը, իսկ Փաշինյանի համար պետությունը օջախ է, իսկ ինքն այդ օջախի տիրակալը։ Այդտեղ տիրապետող է քաոսը և կարգի բացակայությունը։

Շարքը կարելի է անվերջ շարունակել, բայց կարծում եմ, որ այսքանն էլ բավական է հասկանալու համար, որ գաղափարական իմաստով երկու գործիչները իրար հետ ընդհանրապես կապ և նույնիսկ նմանություն էլ չունեն։ Նիկոլ Փաշինյանն ավելի շուտ հենց ինքն իր հոգեզավակն է, քանի որ իր սահմանափակ անսահմանության մեջ կա միայն մեկ կենդանի օրգանիզմ և այդ մեկն ինքն է։

ԿԱՐՊԻՍ ՓԱՇՈՅԱՆ 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024