Պատասխանատվությունից թռնողին իշխանություն չեն վստահում

Արթուր Հայրապետյան Հունիս 13, 2021

Եթե մեր պետության գոյությունը մազից կախված չլիներ, կմտածեինք և կպնդեինք, որ այսպիսի ընտրություններին մասնակցելն անբարոյականություն է: Որովհետև

 

1. Իշխանությունն իր ձեռքում վերստին պահելու հայտ է ներկայացնում մի մարդ, որ չունի կառավարիչ լինելու դույզն-ինչ բավարար որակ կամ հմտություն: Այդ մարդը և նրա «քաղաքական» կուսակցությունը երկիրը նետել են պատերազմի, անդառնալի կորուստների հորձանուտը և հիմա խոսում են հաղթանակի մասին: Ո՞ւմ եք հաղթելու: Եվ ընդհանրապես, իրավունք ունե՞ք «հաղթանակ» բառն արտաբերելու:

 

2. Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմակիցները խոսում են պատասխանատվությունից, երբ 3 տարի իշխանություն լինելու ընթացքում միայն մի բանով են զբաղված եղել. «թռել են» պատասխանատվությունից: Ընդ որում, կապ չունի դրա չափը կամ ոլորտը. պատասխանատվություն ասածը իրենց համար չէ: Տեսե՛ք, մեղավոր են բոլորը՝ նախկինները, շա՜տ նախկինները, Աստված, հոգևորականները, զինվորականները, էլիտաները, արտաքին աշխարհն ու հայի բախտը, բայց իրենք՝ ոչ: Թեպետ հենց իրենք, ավելի ճիշտ՝ հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանն է երկիրը տարել պատերազմի, 44 օր ստել, զոհաբերել հազարավոր տղաների կյանքը:

 

3. Այս քարոզարշավն ամենաայլանդակն է ՀՀ պատմության ընթացքում: Այլանդակ է թե՛ հռետորաբանությամբ, թե՛ ապշեցուցիչ անպատասխանատվությամբ: Եվ դարձյալ գլխավոր դերում Ն. Փաշինյանն է, որն այս անգամ էլ փորձում է մտնել Ստալինի կամ Հիտլերի դերի մեջ և գրգռել չունևոր, առանց այդ էլ ստորացված մարդկանց մյուսների դեմ՝ նրանց է՛լ ավելի ստորացնելով: Բայց սա ընդամենը ահաբեկչական հնարք է: Փոքրիկ, բզկտված Հայաստանում հնարավոր չէ սարձազերծել դասակարգային հաշվեհարդար և բռնապետ դառնալ, որովհետև քաղաքացիական բախումները կարձանագրեն երկրի մահը: 

 

4. Լրատվամիջոցները հայտնում են, որ ՔՊ-ականներն արդեն ամրագրել են հունիսի 21- 24 Հանրապետության հրապարակում հանրահավաք անելու իրավունքը: Սա էլ է պրիմիտիվ ահաբեկչություն: Ուրեմն եթե սրանց հաջողվի մեծամասնություն ապահովել ԱԺ-ում, տոնելու են, քեֆ են անելու: Իսկ եթե չհաջողվի, փորձելու են իրենց համակիրներին որպես բութ գործիք օգտագործել հակառակորդների դեմ: 

 

Հիմա ասե՛ք՝ անբարոյականությունն էլ քանի՞ տեսակ է լինում:

 

Բայց որովհետև ՔՊ-ն և Նիկոլ Փաշինյանն անպատասխանատվության, անիշխանության իսկապես աննախադեպ օրինակ են, իսկ ընտրություններն առայժմ իշխանություն ձևավորելու միջոց են, պետք է մասնակցել դրանց և ընտրել ուղեղով, ոչ թե զգացմունքներով:

 

Հետևաբար

 

1. Պետք է բացառել Ն.Փաշինյանի և թիմի ընտրությունը:

 

2. Պետք է բացառել ոչմիթիզականների ընտրությունը, որովհետև սրանք նիկոլականների հետ հավասարապես մեղավոր են աղետի համար:

 

3. Չի կարելի երկրի կառավարումը վստահել նորելուկ, անփորձ ուժի:

 

4. Իշխանության ղեկին պետք է բացառել նրանց գոյությունը, ովքեր ձեզ ծովից ծով կամ վիլսոնյան Հայաստան կխոստանան:

 

Ուստի պետք է ընտրենք այն ուժը, որ ձեզ երբեք չի խաբել: Պետք է վստահել այն առաջնորդին, որի ասածները, թարսի պես, ճիշտ են դուրս եկել: 

 

Թեպետ մարդկայնորեն ափսոսում եմ, որ այս ամենը դարձյալ ջարդվում է Լևոն Տեր-Պետրոսյանի գլխին…

 

Զարուհի Գաբրիելյան

Չորրորդ իշխանություն

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024