Պոպուլիզմ, թե՞

Արթուր Հայրապետյան Մայիս 19, 2021

«Ոչինչ չի արվում երկրի սահմաններն ամրացնելու ուղղությամբ։ Եթե դու ունես սահման, պետք է պաշտպանես քո՛ զինված ուժերով։ Դրա համար պետք է հասկանալ՝ որտե՞ղ են քո դիրքերը։ Այս ընթացքում մեր զինված ուժերին պետք էր հնարավորություն տալ համապատասխան խտությամբ զորք տեղակայել այդ սահմանին»։

 

Հայտարարությունը հնչել է առողջապահության ոլորտի աշխատակիցների հետ Ռոբերտ Քոչարյանի հանդիպման ժամանակ:

 

«ՉԻ». Այն, որ գործող իշխանությունը թերացել է նոր սահմանների կահավորման գործում, աներկբա է:

 

Բայց Քոչարյանը համապատասխան խտությամբ զորք տեղակայելու մասին խոսելու իրավունք չունի: Իր անփառունակ կառավարման ընթացքում Հայաստանից արտագաղթել է մի քանի հարյուր հազար մարդ: Իր ձախողված կառավարման ընթացքում ժողովրդագրական պատկերը կտրուկ վատթարացել է: Պատահական չէ, որ ամենաքիչ ծնունդներն արձանագրվել են 2001-2003 թվականներին: Հենց այդ տարիներին ծնվածները այսօր պետք է համապատասխան խտությամբ տեղակայվեին սահմանին:

 

Իր կառավարման սկզբում սահմանին զինվորները կանգնում էին 20-30 մետր իրարից հեռու, ապրիլյան պատերազմի ժամանակ այդ հեռավորությունը դարձավ 200-300 մետր: Հիմա սահմանի երկարությունը ավելացել է մոտ 500 կիլոմետրով, ինչպե՞ս կարող են ամբողջ խտությամբ կանգնել:

 

Սա կամ պարզ պոպուլիզմ է, կամ էլ Քոչարյանը բացարձակ չի տիրապետում Հայաստանի այսօրվա իրական թվերին ու ռեսուրսներին: Թեպետ Քոչարյանի դեպքում երկուսն էլ իրար հետ կարող է լինել:

Կիսվել