Պետական վերահսկողական ծառայությունն ավարտել է ուսումնասիրություններն առողջապահության նախարարությունում

Աննա Անտոնյան Հունվար 15, 2022

Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով Պետական վերահսկողական ծառայությունն ավարտել է ուսումնասիրություններն առողջապահության նախարարությունում և սկանդալային բացթողումներ հայտնաբերել։ Խոսքը վերաբերում է «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության  և սպասարկման ծրագրերի մշտադիտարկման վերաբերյալ» ՊՎԾ ուսումնասիրությանը։

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ ՊՎԾ աշխատակիցները մտել էին Առողջապահության  նախարարի ընկերուհու՝ նրա կողմից նշանակված աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վարդուհի Գրիգորյանի աշխատասենյակ, ուսումնասիրել նրա համակարգիչը եւ տարել  Գրիգորյանի էլեկտրոնային նամակագրությունը: Ստուգումների առիթը եղել են էլեկտրոնային կառավարման «Mulberry» համակարգում կատարված գրառումները, իսկ ավելի ստույգ՝ Պետական առողջապահական գործակալության (ՊԱԳ) պետ Ծաղիկ Վարդանյանի գրառումը:

 
 
Ծ. Վարդանյանը, ըստ տեղեկությունների  «Mulberry» համակարգում գրառում է արել, որտեղ նշել է, որ ինքը չի մասնակցել պետպատվերի բաշխմանը՝ «Բժշկական օգնություն-սպասարկում» հոդվածներով: Փաստորեն, հիվանդանոցներին եւ պոլիկլինիկաներին տրամադրվող գումարների բաշխումն իրականացրել են առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ու նախարարության աշխատակազմի ղեկավար Վարդուհի Գրիգորյանը, որը նախարարի ամենահավատարիմ մարդն է համակարգում:

Այս գրառումն է եղել Գրիգորյանի համակարգիչն ուսումնասիրելու, նրա նամակագրությանը ծանոթանալու հիմքը, քանի որ, ՊԱԳ-ի վրա է, կոպիտ ասած, դրված պետպատվերի բաշխումը: Նա է իրականացնում ծրագրերի բաշխման, վերաբաշխման գործընթացը, որոշում, թե որ հիվանդանոցը եւ պոլիկլինիկան որքան գումար են ստանալու պետբյուջեից, եւ տվյալ հաստատության հետ կնքում ծառայությունների մատուցման պայմանագիր, որը վավերացնում  նախարարության գլխավոր քարտուղարը:

Այս ընթացակարգը խախտվել է: Պետական գումարները բաշխելիս խտրականություն է դրվել բուժհաստատությունների միջեւ: Ըստ հաստատությունների ներկայացրած կատարողականների, փողերը տվել են տարբեր չափերով․ մեկին՝ ներկայացված գերակատարված ծախսի 50 տոկոսի չափով, մյուսին՝ 30: Օրինակ, խոշոր ԲԿ-ները՝ «Արմենիան», «Էրեբունին», «Աստղիկը», ավելի շահեկան վիճակում են հայտնվել, քան, ասենք, մարզային ԲԿ-ները: Հիրավի առյուծի բաժին է ստացել «Արմենիա» ԲԿ-ն՝ Հանրապետական հիվանդանոցը, մոտ 188 մլն դրամ՝ 1 մլրդ 200 մլն դրամից, ինչը քիչ չէ, եթե հաշվենք, որ այս 1,2 մլրդ դրամը 100-120 կազմակերպության միջեւ է բաշխվում, եւ հաշվի առնենք, որ «Արմենիա» ԲԿ-ի գլխավոր տնօրեն Գրիգոր Գրիգորյանն ԱՆ աշխատակազմի ղեկավար Վարդուհի Գրիգորյանի հորեղբայրն է, որ նրա հայրը եւս այդ ԲԿ-ում է աշխատում: Այսինքն՝ նախարարության «շռայլության» մեջ կոռուպցիոն ռիսկն ակնհայտ է, եւ զարմանալի չէ, որ ՊԱԳ պետը հրաժարվել է ստորագրել նման բաշխման նախագիծը: Այս ամենն էլ հաշվի առնելով ՊՎԾ-ն  ուսումնասիրություններ է իրականացրել։

 
Մեզ հայտնի դարձավ, որ ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ Առողջապահության նախարարը Անահիտ Ավանեսյանը հանձնարարություն է տվել ՊԱԳ-ի պետի տեղակալ Գարուշ Այվազյանին, որպեսզի վերջինս կազմի պետական պատվերի շրջանակում վերաբաշխումները։  2020 թվականի փետրվարի 28-ի ԱՆ գլխավոր քարտուղարի 29-Ա հրամանով սահմանվել է ՊԱԳ աշխատակիցների պաշտոնների անձնագրերը, որով սահմանվել են վերջիններիս լիազորությունները, սակայն այդ ոլորտը համակարգող ստորաբաժանման աշխատակիցները որեւէ գործողություն չեն կատարել, իսկ ՊԱԳ պետի տեղակալ Գարուշ Այվազյանը  չունենալով նման լիազորություններ փաստացի համակարգել և կատարել է գումարների բաշխման և վերաբաշխման գործառույթ։ Ըստ ՊՎԾ ուսումնասիրության Այվազյանը ստացված հանձնարարությունը իրականացնելիս շրջանցել է ոչ միայն իր անմիջական ղեկավարին, այլ նաև չի ներգրավել համապատասխան գործառույթները իրականացնող ՊԱԳ բաժնի աշխատակիցներին։

Այս ամենում ներգրաված է նաև Առողջապահության նախկին փոխնախարար, քրեական գործով անցնող Արսեն Դավթյանը։ ՊՎԾ-ն ուսումնասիրության մեջ նշում է, որ առկա են ռիսկեր և ներկայումս իրականացնում է վերաբաշխման գործընթացին մասնակցություն ունեցած անձանց իրական շրջանակը։

Հավելենք, որ այս ուսումնասիրություններն ու արդյունքները մեր տեղեկություններով ներկայացվել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024