ՊՎԾ պետի նորանշանակ տեղակալի ու նրա կնոջ ունեցվածքը. ՀԵՏՔ

Արթուր Հայրապետյան Մարտ 06, 2021

ՊՎԾ պետի նորանշանակ տեղակալի ու նրա կնոջ ունեցվածքը

Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ Արա Եղոյանի կենսագրական տվյալների համաձայն՝ պետական համակարգում նա աշխատում է 1999թ.-ից: Տեւական ժամանակ պետական պաշտոն զբաղեցրած Եղոյանը զգալի դրամական միջոցներ եւ գույք ունի։ Արա Եղոյանը Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնում նշանակվել է վարչապետի 2021թ. փետրվարի 4-ի որոշմամբ: Մինչ այդ նա աշխատել է Պետական եկամուտների կոմիտեում՝ զբաղեցնելով օպերատիվ հետախուզության վարչության Սյունիքի բաժնի պետի, դրանից առաջ՝ Եղեգնաձորի, Էրեբունու բաժինների պետերի և այլ պաշտոններ: Արա Եղոյանը 2021թ. մարտի 4-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել պաշտոնական պարտականությունները ստանձնելու կամ դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և շահերի հայտարարագիր: Հայտարարագրի համաձայն՝ Արա Եղոյանը համատեղ սեփականության իրավունքով ունի 4 միավոր անշարժ գույք՝ առանձնատուն և հողամաս Երևանի Նոր Նորք վարչական շրջանում, բնակարան և ավտոտնակ՝ Արաբկիրում: 2019-2020թթ.-ին Եղոյանը գնել է երկու ավտոմեքենա՝ 2015թ. արտադրության HONDA և 2007թ. արտադրության TOYOTA: Ինչ վերաբերում է ֆինանսական միջոցներին, պետական պաշտոնյան ունի 5 հազար 500 դոլարի չափով ավանդ: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ իր բանկային հաշվին ունեցել է մոտ 2000 դոլար և 28 հազար դրամ: Արա Եղոյանը նախընտրում է գումարը կանխիկ պահել: Փետրվարի 5-ի դրությամբ ունեցել է 25 մլն դրամ, 40 հազար դոլար և 25 հազար եվրո կանխիկ գումար: 2021թ. պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ Եղոյանի եկամուտը եղել է 1 մլն 815 հազար դրամ, որը ստացել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ից: 2019թ. փետրվարի 15-ի դրությամբ, երբ Արա Եղոյանը թողնում էր ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության Սյունիքի բաժնի պետի պաշտոնը, ըստ հայտարարագրի, ունեցել է 3 անշարժ գույք՝ առանձնատուն, բնակարան և ավտոտնակ: Իսկ դրամական միջոցները կազմել են 33 մլն դրամ, 51 հազար դոլար և 25 հազար եվրո: Նշված օրվա դրությամբ ստացել էր 7 մլն 625 դրամ եկամուտ, որից միայն 6 մլն 797 հազար դրամը մեկուկես ամսվա աշխատավարձն է եղել: Համեմատության համար նշենք, որ Ա. Եղոյանը 2018թ. տարեկան հայտարարագիրը ներկայացնելիս որևէ գույք չէր հայտարարագրել: Իսկ նշված տարվա վերջում ունեցել էր 28 մլն դրամ, 50 հազար դոլար և 25 հազար եվրո: Եկամուտները կազմել էին մոտ 9 մլն դրամ և 1440 դոլար: 2017թ.-ին Ա. Եղոյանը զբաղեցրել է ՊԵԿ ներքին անվտանգության վարչության զորահավաքային նախապատրաստության և քաղաքացիական պաշտպանության բաժնի պետի պաշտոնը: Այդ ժամանակ հայտարարագրել էր 32 մլն դրամ, 50 հազար դոլար և 25 հազար եվրո: Եկամուտը կազմել էր 27 մլն 455 հազար դրամ, որից 21 մլն դրամը` ստացված փոխառություն:

 

https://hetq.am/hy/article/128286

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024