Քաղաքակրթական ճգնաժամ

Արթուր Հայրապետյան Հուլիս 02, 2021

Հայաստանում քաղաքակրթական լրջագույն ճգնաժամ է։ Այնպիսի տպավորություն է, թե մենք այդպես էլ չենք մտել 21-րդ դար, մնացել ենք 20-րդ դարում, ու եթե դեգրադացիան շարունակվի նույն տեմպերով՝ կարող ենք անգամ 19-րդ դար վերադառնալ։ Բայց մեզանում այս թեմաներով գերադասում են չխոսել, որովհետև անմիջապես ահավոր աղմուկ է բարձրանում, թե «մեր ժողովրդին բան չասեք», «մենք աշխարհի ամենահին ու խելացի ժողովուրդն ենք», և այլն։ Մինչդեռ խոսքն ամենևին էլ ժողովրդի մտավոր մակարդակի մասին չէ, առավել ևս՝ որ հասարակության մեջ իսկապես խելացի մարդկանց տեսակարար կշռով մենք վստահաբար որևէ այլ ժողովրդի չենք զիջում։ Մեր պրոբլեմն այդ իսկապես խելացի մարդկանց և ընդհանրապես՝ մտքի նկատմամբ հասարակության վերաբերմունքն է։

 

Մեզանում խելացի, տրամաբանված ու մասնագիտորեն հիմնավորված միտքը չի ընկալվում, և վերջ։

Թվում է, թե ամենաբնորոշ օրինակն արցախյան հարցն է։ Ժամանակին խելացի մարդիկ առաջարկում էին փոխզիջումների միջոցով հասնել խնդրի կարգավորման, ընդ որում՝ փաստարկված հիմնավորում էին, թե ինչու է դա միակ ճիշտ ճանապարհը, բայց ողջամտության ձայնն այդպես էլ խլացավ ռազմահայրենասիրական հարայհրոցում, և արդյունքում ունենք այն, ինչ ունենք։ Բայց ճիշտ նույն վիճակն է նաև գրեթե բոլոր մյուս ոլորտներում։ Ասենք՝ մասնագետները 10-15 տարի առաջ իրենց պատռելով փորձում էին բացատրել, որ եթե Արարատյան դաշտի ստորջրյա պաշարները նույն տեմպերով ոչնչացվեն, լրջագույն պրոբլեմներ ենք ունենալու։ Լսող չեղավ։ Անցել է 10-15 տարի, Արարատյան դաշտի գյուղացիները կանգնել են իրենց չորացած դաշտերի մեջ ու շվարած իրար երեսի են նայում՝ էս ո՞նց պատահեց։ Այդ նույն գիտնականները բացատրում էին, որ եթե Սևանի անխնա շահագործումը չդադարեցվի՝ ձուկը վերանալու է, լիճը ճահճանալու է․․․ Հիմա մարդիկ շվարած իրար երեսի են նայում՝ «գյա՛, ձուկըն պրծե՛»։ Ո՞ւմ մտքով կանցներ։ Մասնագետները զգուշացնում էին, չէ՞, որ եթե անտառները վերացնեք՝ աղբյուրները ցամաքելու են։ Բայց լսողն ո՞վ էր։ Անտառը փրթել են ու հիմա ցույցեր են անում, թե հասեք-փրկեք, ջուր չկա։

 

Այնպես չէ, որ մասնագիտական խոսքի, մտավորականության և ընդհանրապես՝ մտքի նկատմամբ հանրության զրո հարգանքն ինքն իրեն է ձևավորվել։ Դա դեռևս խորհրդային ժամանակներից է գալիս։ Բանվորագյուղացիական երկրում հազարավոր ֆիլմեր էին նկարահանվում, որտեղ «ինտելիգենտն» անպայման ակնոցավոր թուլամորթ էր, հաճախ՝ սրիկա, անընդհատ ծաղրուծանակի արժանացող, որը ֆիլմի վերջում կամ բանվորների հետ շփվելով ուղղվում էր և դառնում «իսկական սովետական մարդ», կամ մնում նույն սրիկան ու մեկուսացվում «առողջ հասարակությունից»։ Բայց բանվորագյուղացիական այդ երկիրը 30 տարի առաջ է փլուզվել, ինչո՞ւ մեզանում ոչինչ չի փոխվել։ Ինչո՞ւ է պետության ղեկավարը (ի դեպ՝ թերի բարձրագույն կրթությամբ) գիտնականներին անվանում «սուրճ խմող միմոսներ»՝ լավ իմանալով, որ դա ժողովրդին դուր է գալու։ Դրսում 21-րդ դարն է, հարևան երկրներն արբանյակներ են դուրս բերում տիեզերք, արհեստական բանականության վրա հիմնված տեխնոլոգիաներն են զարգացնում, իսկ մեզանում ուսուցիչների աշխատավարձը 100 դոլարից պակաս է, «սուրճ խմող միմոսներ» հռչակված գիտնականների եկամուտը՝ միջինից 2 անգամ ցածր, «վետերոկներում» խորոված անողների ու ավտոմեքենա լվացողների եկամտից՝ 3 անգամ, վարսավիրների եկամտից՝ 4 անգամ․․․ Հետևանքը՝ վերջերս հրապարակված հետազոտության համաձայն, Հայաստանի տարրական դպրոցների աշակերտների (մինչև 10 տարեկան) մոտ մեկ երրորդը չի կարողանում վարժ կարդալ և կարդացածը հասկանալ։ Ընդ որում՝ Ադրբեջանում վիճակը մեկուկես անգամ ավելի լավ է, քան մեզ մոտ, Վրաստանում՝ երեք անգամ։ Հասկանալի՞ է, թե ինչ աստիճանի է հասել դեգրադացիան ու քաղաքակրթական ճգնաժամը։ Ու զարմանալու պատճառ էլ առանձնապես չկա։ Ինչո՞ւ պիտի ծնողները երեխաներին ստիպեն զբաղվել մի բանով, որի պահանջարկը երկրում գրեթե զրոյական է։ 

 

Նման դեպքերում սովորաբար հարց է առաջանում՝ ինչպե՞ս ենք հաղթահարելու այս ճգնաժամը։ Ներողություն, իսկ ո՞վ ասաց, որ անպայման հաղթահարելու ենք։ Կամ ո՞վ ասաց, որ իշխանություններն իրենց առջև նման խնդիր են դրել։ Կարևորը երջանիկ լինելն է, իսկ երջանիկ լինել կարելի է նաև ոչխար պահելով։ Հետո՞ ինչ, որ «սուրճ խմող միմոսները» հիմա էլ զգուշացնում են, որ ոչխարաբուծության զարգացման դեպքում Հայաստանը մի 15-20 տարի հետո վերածվելու է անապատի։ 

 

Մարկ Նշանյան

Չորրորդ իշխանություն

Կիսվել