ՌՈՒԲԵՆ ԳԻՆԻ. ՀԱՅԿԱԿԱՆ ՓՆՏՐՏՈՒՔՆԵՐԸ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ

Արթուր Հայրապետյան Փետրվար 14, 2021

ՌՈՒԲԵՆ ԳԻՆԻ. ՀԱՅԿԱԿԱՆ ՓՆՏՐՏՈՒՔՆԵՐԸ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ

Կինոբեմադրիչ, դերասան, հետազոտող եւ գրող Ռուբեն Գինին (Գասպարյան) սկսել է կինոնկարներ նկարել 5 տարեկանից: Նրա առաջին 8 մմ-ոց ֆիլմը ցուցադրվել է Մոսկվայի մանկական կինոփառատոնում: Դպրոցն ավարտելուց առաջ հաճախել է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ: 2002 թվականին ընդունվել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտ (ՎԳԻԿ): Կրտսեր օգնականն է եղել այնպիսի ռուս ռեժիսորների, ինչպիսիք են Նիկիտա Միխալկովը եւ Իգոր Մասլեննիկովը: 2005-ին տեղափոխվել է Չինաստան, որտեղ որպես գեղարվեստական ղեկավար անդամակցել է «Կուիյու արտադրական տուն» միջազգային գովազդային ընկերությանը: Այս ընթացքում նկարահանել է ավելի քան 15 գովազդային հոլովակ այնպիսի միջազգային ընկերությունների համար, ինչպիսիք են «Պանասոնիկը», «Ասահինը», «Մքդոնալդսը», «Շիսեյդոնը», «Հոնդան» եւ «Տոշիբան»: 2010 թվականից Ռուբենը մասնակցել է մի շարք չինական հեռուստասերիալների եւ գեղարվեստական կինոնկարների արտադրությանը: Նա «Նեշընըլ ջեոգրաֆիքի» անկախ լուսանկարիչ է եւ մի շարք գիտական հոդվածների հեղինակ: Ֆիլմերից ենՙ «Սեւ խավիար» (1999), «Ստորին խորքեր »(2003), «Էռնան դյու Սթրուբերգ» (2005), «Համազգային մշակութային ֆորումը» (2008), «Աշխարհի քաղաքներ. Շանհայ» (2008), «Անդին. հայկական ճանապարհորդության տարեգրություններ» (2014): 2016-ին Երեւանում հրատարակել է հոդվածների ժողովածու (ռուսերեն)ՙ հայ-չինական միջնադարյան պատմական աղերսների վերաբերյալ: Վերջերս ՀՀ ԳԱԱ «Բանբեր հայագիտության» գիտական հանդեսում լույս տեսավ Ռուբեն Գինիի «Դոն Պեդրոյիՙ Սահրատի որդու գործը» ռուսերեն ուսումնասիրությունը, որը ներկայացնում է 18-րդ դարում մի հայի նկատմամբ հարուցված գործը Մեքսիկայումՙ այդ երկրի Ազգային արխիվում գտնվող նյութերի հիման վրա...

- Սիրելի՛ Ռուբեն, մեր ընկերությունը սկսվեց հայ-չինական պատմական հարաբերությունների հանդեպ մեր ընդհանուր հետաքրքրության շնորհիվ, ուստի մեր զրույցը սկսենք այդ կետից: Ինչպե՞ս հայտնվեցիր Չինաստանում, ի՞նչ տվեց քեզ Չինաստանը:

- Ասում են, թե Չինաստանում կա երկու տեսակի օտարերկրացի. նրանք, ովքեր եկել էին որոշակի նպատակով, եւ այնպիսիք, որոնք պատահաբար են հայտնվել այնտեղ: Ենթադրում եմ, որ ես պատկանում եմ երկրորդ խմբին: Շատ տարիներ առաջ ես եկա մայրցամաքային Չինաստան կարճամետրաժ գեղարվեստական կինոնկար նկարահանելու համարՙ որպես համալսարանական աշխատանքի մի մաս, եւ Շանհայում հանդիպեցի մի խոշոր առեւտրային ընկերության տնօրենի: Պարոն Յանսանը կարճ զրույց ունեցավ ինձ հետ եւ ինձ հրավիրեց աշխատել իր հետ: Կարծում էի, թե նա կատակում է, քանի որ ես ընդամենը 18 տարեկան էի, բայց պարոն Յանսանը բավական լուրջ էր: Վերադարձա Մոսկվա, եւ մի քանի ամիս անց որոշեցի տեղափոխվել Չինաստան: Այդ ժամանակ Չինաստանում ոչ ոքի չէի ճանաչում, չինարեն չէի խոսում, իմ անգլերենը նույնպես բավականաչափ լավ չէր: Բայց երիտասարդ էի ու համարձակ: Հիմա խոսում եմ չինարեն, բայց վախենում եմ, որ առաջվա պես համարձակ չեմ: Չինաստանն ու չինական մշակույթը ինձ հնարավորություն են տվել հասկանալու Արեւելքի ոգին: Ես մեծացել եմ Շանհայում եւ յուրացրել եմ կյանքի վերաբերյալ ասիական հայացքները: Որպես հայ ես արտահայտում էի իմ հույզերը, զայրույթ կամ դժգոհություն ցուցաբերում ոմանց նկատմամբ, բայց Չինաստանում այս բոլոր արտահայտությունները համարվում են թուլություն: Սկզբում լավ չէի ըմբռնում, բայց տարիների ընթացքում վերջապես կարողացա հասկանալ, թե ինչպես պետք է ճիշտ վարվել այդ հասարակության մեջ: Եվ կարգապահությունը: Չինաստանում կարգապահության բարձր արժեքը ինձ ստիպեց է՛լ ավելի կազմակերպված եւ լուրջ վերաբերվել որոշ բաներիՙ հատկապես աշխատանքի եւ կրթության ոլորտում: Իսկապես շնորհակալ եմ այդ հատկությունների համար, որոնք Չինաստանը սովորեցրել է ինձ:

- Շատերը կցանկանան իմանալ. ինչո՞ւ այս անունըՙ Գինի:

- Չինական մշակույթում անունները հաստատուն չեն: Որոշ մարդիկ իրենց կյանքի ընթացքում մի քանի անգամ փոխում են իրենց անունը: Իմ դեպքում կինոյի կանոններն իրենցը թելադրեցին, երբ չինական հիերոգլիֆները չկարողացան տառադարձել իմ հայկական «Գասպարյան» անունը: Դրա համար պահանջվում էր չորս կամ հինգ չինական գաղափարագիր, երբ չինական անունները սովորաբար օգտագործում են ընդամենը երեքը: Ես ստիպված էի համապատասխանաբար փոխել իմ անունըՙ կարողանալու համար ընդգրկվել չինական կինոարդյունաբերության մեջ: Մարդիկ չպետք է զարմանան, որ չինական որոշ իշխանություններ, անգամ ոստիկանությունը, օտարերկրացիներից պահանջում են չինական անուններ վերցնել: Դա միանգամայն օրինական է: Այդպիսով ծնվեց Ռուբեն Գինին...

Ամբողջական հարցազրույցը՝

https://www.azg.am/AM/2021021312

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024