Սա լուրջ վտանգավոր պրոցես է

Արթուր Հայրապետյան Հունիս 08, 2021

Վարչապետ Փաշինյանի այս երկու օրվա քարոզարշավում ասված տեքստերը (եթե դրանք կարելի է տեքստեր անվանել) ինձ թույլ են տալիս ենթադրել, որ նա որդեգրել է քարոզարշավը ժողովրդական լայն զանգվածների միայն ցածրագո՛ւյն զգացմունքներին ու բնազդներին ուղղելու տակտիկա: Այս պարագայում դրանք են՝ 

 - «դասակարգային հակամարտությունը», երբ սոցիալ-տնտեսական ավելի ցածր շերտի մոտ գրգռում են ավելի բարձր շերտերի հանդեպ թշնամության զգացումը, 

 - «ժողովրդական արդարադատության», իսկ իրականում՝ ժողովրդի անունից ինքնադատաստանի՛ կեղծ սպասելիքները («նախկինների, թալանչիների» հանդեպ, իսկ իրականում՝ իր քաղաքական հակառակորդների հանդեպ),

 - ագրեսիվությունը, երբ լիդերի ելույթները, կոչերը, խոսքն ու ժեստիկուլյացիան ուղղված են ունկնդիրների մոտ ագրեսիվ զգացումներ առաջացնելուն և կամ դրանք խրախուսելուն, 

 - «տեսարանների սպասումը», երբ լիդերի խոսքն նպատակային կերպով առաջացնում է ինչ-որ սպասվող դաժան հակամարտության, «մենամարտի» տեսարանի սպասելիքներ (իսկ հասարակության լյումպենացված մասը միշտ էլ սիրում է նայել այնպիսի «տեսարաններ», որտեղ էլիտայի ներկայացուցիչներն «իրար են գզում»), և այլն, և այլն: 

Այս ամենը խեղում է ընտրարշավի բուն էությունը՝ դա քաղաքական պայքարից վերածելով մի երևույթի, որը պայմանականորեն կարելի է կոչել մանիպուլյացիաներով ու հոգեբանական ներազդմամբ ունկնդիրների «ամբոխացում»: Սա շատ վտանգավոր պրոցես է:

 

Սարգիս Միքայելյան

Կիսվել