Սեւ ու սպիտակի 50 երանգները

Արթուր Հայրապետյան Մայիս 01, 2021

Փչացած պլաստինկաներ ենք լսելու

 

Այս շաբաթ ուրվագծվեցին խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի բևեռները: Ճիշտն ասած, ոչ ընտրությունները կցանկանայինք ընտրություններ համարել, ոչ էլ քաղաքական ուժերին՝ քաղաքական: Եթե քաղաքական դաշտը բաժանենք երկու մասի՝ նախկիններ և ներկաներ, ապա հիմնական ասելիքը քարոզարշավում լինելու է հետևյալը. նախկիններն ասելու են, որ կապիտուլյանտն ու հողատուն պիտի գնա, ներկաներն էլ հակադարձեն, որ թույլ չենք տալու նախկին թալանչիների վերադարձը: Վերջ, այսքանով սահմանափակվելու է քաղաքականությունը:

 

Հետաքրքիր էր, որ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից հետո նախկինները, Վազգեն Մանուկյանին առաջ բրդելով, փորձում էին Փաշինյանին հեռացնել, բացառում էին որևէ ընտրություն, բայց հետո հերթով հայտարարեցին ընտրություններին մասնակցելու պատրաստակամության մասին: Թեպետ եղան ուժեր և գործիչներ, որոնք այդպես էլ չընդունեցին ընտրություններին մասնակցելու գործընթացը՝ համարելով, որ միայն մասնակցությունն արդեն իսկ լեգիտիմացնում է Փաշինյանին, կամ պարզապես մասնակից ուժերը նրա գծած խաղի կանոններով են մասնակցելու: Հատկապես խոր հիասթափություն է հայտնել Միքայել Մինասյանը, ընդ որում, հենց այն օրը, երբ Արթուր Վանեցյանն ու Սերժ Սարգսյանը հայտարարեցին դաշինք կազմելու մասին:

 

Էլ ո՞ւմ հետ էիր շաշկի խաղում

 

Շատ հետաքրքիր բաներ է ասել. որ Նիկոլին վճարում էին և վճարում են բոլորը. գործարարներն ու կուսակցությունները, որոնք անցել են նրա կողմը 2018 թվականին: Ավելին, չի էլ թաքցրել, որ մինչև հեղափոխությունը ինքն էլ է Փաշինյանին գումար վճարել, ինչի համար շատ է փոշմանել: Դե որ այդքանն ասել ես, մինչև վերջ ասա, տեսնենք էլ ում ես վճարել, ում ես հովանավորել, ում ես շեֆություն արել և, իհարկե, թե ովքեր են եղել քո պրոյեկտները: Մեզ թվում է, թե իր հիասթափության մեծ մասը հենց այդ պրոյեկտների մասով է. չասենք, ում նկատի ունենք, բոլորդ էլ հասկանում եք, Միքայելը սարքել, դզել, սնել, կերակրել է, ու հիմա իր պրոյեկտները իր տակից փախան Նիկոլի քովը: Ինչ արած, էդ թող դաս լինի իրեն: Թող իմանա, որ արհեստական սարքած ուժերը երբեք չեն կարող վստահելի լինել. թե՛ սարքողների, թե՛ հանրության համար:

 

Բա ինչի՞ ես նոր ասում

 

Սերժ Սարգսյանն էլ, իմիջիայլոց, մի քիչ խոսեց Նիկոլի և 2018-ի մասին: Հարցրել էին «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի» արտահայտության մասին, թե ի վերջո դա ինչ էր նշանակում, և Սերժ Սարգսյանն առաջին անգամ նոր բացատրություն է տվել. «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, երբ ասում էր, որ ամեն գնով, կրկնում եմ, ամեն գնով պետք է հասնի իշխանության: Ես սխալվեցի` կարծելով, որ նրա համար թանկ է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու կյանք: Ես գնացի նրա հետ հանդիպելու «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում: Իմ գործընկերներից շատերն ասում էին, որ պետք չէ գնալ նրա հետ հանդիպման, բայց ես կարիք ունեի անձնապես համոզվելու՝ իրո՞ք այս մարդը կարմիր գիծ ունի, թե՞ չունի: Եվ ես շատ կարճ րոպեների ընթացքում, կարճ ժամանակում համոզվեցի, որ, այո, նա ճիշտ է` նա պատրաստ է գնալ մինչև վերջ»:

 

Ախր չի ասել Սերժ Սարգսյանը նման բան: Որ Նիկոլը կարմիր գծեր չունի: Հնարավոր է, որ Սերժ Սարգսյանն այդպես մտածել է, բացառված չէ, որ այդ արտահայտության իրական իմաստը դա է եղել, բայց զգուշացնող, ահազանգող որևէ տողատակ, ենթատեքստ իր հրաժարականի տեքստում չկար: 

 

Հիշեցնենք այդ հատվածը. «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի։ Ստեղծված իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մեկին ես չեմ գնա։ Դա իմը չէ։ Ես թողնում եմ երկրի ղեկավարի, Հայաստանի վարչապետի պաշտոնը։

 

Փողոցի շարժումն իմ պաշտոնավարման դեմ է։ Ես կատարում եմ ձեր պահանջը: Այսքանն է: Այստեղ որտե՞ղ է երևում, որ նա զգուշացրել է Նիկոլի իրական էության մասին: Այ, որ ասած լիներ, հիմա քաղաքական մարգարեների շարքում իր պատվավոր տեղը կունենար: 

 

Մեզ թվում է, թե դեռ շատ մանրամասներ ու իրողություններ ենք իմանալու: Միշիկն էլ է դեռ բաներ ասելու, Սերժ Սարգսյանն էլ: Ի դեպ, վերջինս նաև նշել էր, որ 2018թ. հեղափոխության թիկունքում բավական լուրջ ուժեր կային, որոնց ինքը ի զորու չէր դիմագրավել: Մեզ էլ է հետաքրքիր, թե այդ որ ուժերն են եղել: 

 

Հ.Գ. Ինչպես նկատեցիք, Քոչարյանի մասին բառ չենք գրել: Ինքը հիմա հայտնի «Պարծենկոտ գորտի» դերի մեջ է մտել, օրումեջ պատմում է իր հերոսական անցյալի, ներկայի և ապագայի մասին: Թող պատմի, պրծնի, նոր կանդրադառնանք: 

 

«Չորրորդ իշխանություն», թիվ 16, 2021

Կիսվել