Շուշիի անկումն արդեն ամեն ինչ ապացուցում է

Արթուր Հայրապետյան Մայիս 10, 2021

Հայոց պատմության խորհրդային շրջանում անկախության մասին մտածողները քիչ էին, բայց հազարավոր հայեր պահանջատեր էին: Պահանջատիրության, հայդատականության հասարակական մթնոլորտը թեժացավ 1965թ.-ից հետո, երբ ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունը ինչ-ինչ նպատակներով մեզ թույլ տվեց հիշել Ցեղասպանության մասին, կորուսյալ հայրենիքի մասին: Հող էինք ուզում, ուզում էինք, որ Խորհրդային Միությունը ետ բերի Արևմտյան Հայաստանը: Նույնն էինք ուզում նաև 1820-ականներին Ռուսաստանից: Այսինքն՝ օտար մի պետություն մեր հողերը պետք է վերադարձներ ու տար մեզ: Կրկնում եմ՝ անկախ պետության մասին քչերն էին մտածում: Այդպես հեշտ էր:

 

Արցախյան պայքարը, սակայն, շարքային պահանջատիրությունից շատ արագ վերաճեց անկախության, պետականության հիմնադիր շարժման: Մասնակի ամնեզիայով տառապողներին հիշեցնեմ, որ 88-89 թթ. Հայաստանի անկախացմանը դեմ էին կոմունիստները և ... դաշնակցականները: Վերջիններս շատ լավ էին հասկանում, որ անկախ պետությունը վտանգելու է իրենց սփյուռքյան անպատասխանատու պահանջատիրությունը: Բայց ի պատիվ հայաստանցիներիս և արցախցիներիս և այն ժամանակվա ՀՀ իշխանության, հատկապես նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ պետք է ասել՝ բանական, արժանապատիվ քայլերով հաղթեցինք Արցախյան առաջին պատերազմում, դիմացանք դարավերջի ծանրագույն աղետներին՝ ԽՍՀՄ կայսրության փլուզմանը, երկրաշարժին, շրջափակմանը: Հընթացս ձևավորվում էին պետականության հիմքերը, հայոց բանակը:

 

Այո՛, երբ 1992 թվականին Շուշին դարձավ հայկական, մենք արդեն կանոնավոր բանակ ունեինք: Եվ Շուշին ոչ թե պարզապես հող էր, այլ պետականության սիմվոլ, հայոց երկրորդ պետության՝ Արցախի ամրոցը:

 

Եվ հիմա անտանելի ցավոտ է հիշողությունը: Երբ ականջներիդ մեջ հնչում են 2020 թ. սեպտեմբերի 27-ի ԱԺ հատուկ նիստի չարագուշակ ելույթները, երբ մտաբերում ես պարտությունից հետո երկրիդ վարչապետի ասածը, թե Շուշին ադրբեջանական էր, որովհետև բնակչության 90 տոկոսը նրանք էին, հասկանում ես, որ պետություն ես կորցնում:

 

Մեր այսպես կոչված իշխանությունը այդպես էլ չհասկացավ և չի հասկանալու, թե ինչ է պետությունը: Սրանք չեն հասկացել և չեն հասկանալու, որ չի կարելի ջնջել իմ և ձեր երեսնամյա պատմությունը և հայտարարել, որ չենք ունեցել պետություն: Սրանք թեթևամտությամբ, պոռոտախոսությամբ, ծայրահեղ անգրագիտությամբ, անգործությամբ տապալեցին ամեն ինչ և, ամենակարևորը, երկիրը գցեցին պատերազմի հորձանուտը՝ կորստյան մատնելով պետականության զգալի բաղադրիչը և հայկական Շուշին:

 

Ինչ են մեզ ասում, ինչ են խոստանալու նախընտրական շրջանում՝ ակնհայտ է: Լսելու ենք նախորդ դարի անպետություն պահանջատիրության երգը, այս անգամ՝ Շուշիի մասին: Իսկ երբ հարց տաք Հայաստանի և Արցախի դեռևս հայկական մնացած մասի անվտանգությունից, աչքերը չռած՝ պատասխանելու են՝ ռուսները մեզ կպաշտպանեն: 

 

Այժմ չափազանց հարմար վիճակ է ստեղծվել դաշնակցականների համար, ազգայնական մարգինալների համար, մի խոսքով՝ բոլոր նրանց համար, ովքեր չհասկացան հայկական պետականության արժեքն ու իմաստը: Նիկոլին իբր ընդդիմանալով, հողատու և դավաճան անվանելով՝ կձայնակցեն նրան: 

 

Բայց խորհրդային շրջանն այլևս չի կրկնվելու, որ հզոր պետության թևի տակ մտած՝ ձեր ազգային լինելն ապացուցեք հայդատական դատարկ առասպելներով: 

 

Ազգի անվտանգությունը, հայկական Արցախի գոյատևումը կախված են մեր պետականության ուժից: Բայց պետականությունը պահելու կարևորագույն միջոցը բանականությունն է: Եթե բանականության դեմ չգործեինք, արցախյան խնդիրը կարգավորած կլինեինք նախորդ դարի 90-ականների վերջին, պահպանած կլինեինք Արցախի Շուշի ամրոցը: Եթե նույնիսկ 2017 թվականի ԱԺ ընտրությունների ժամանակ չծաղրեիք, չանվանարկեիք ՀԱԿ-ի խաղաղության ծրագիրը, կկանխեիք պատերազմն ու պարտությունը և Նիկոլ չէիք ծնի:

 

Խելքներիդ զոռ մի՛ տվեք հակառակն ապացուցելու համար: Չեք կարող: Որովհետև Շուշիի անկումն արդեն ամեն ինչ ապացուցել է:

 

Զարուհի Գաբրիելյան ՉԻ

Կիսվել