Թումանյան «Մոտիկ հարևանը և հեռու բարեկամը»

Արթուր Հայրապետյան Հուլիս 05, 2021

 

 

Թումանյան «Մոտիկ հարևանը և հեռու բարեկամը»

 

Ասում եմ՝ կառավարությունների եւ ժողովուրդների, որովհետեւ դրանք ջոկ-ջոկ բաներ են իմ կարծիքով։ Իմ կարծիքով սուտ է, որ ասում են՝ ամեն մի կառավարություն արժանի է իր ժողովրդին։

 

Ընդհակառակը՝ առհասարակ կառավարությունները արժանի չեն իրենց ժողովուրդներին, և շատ քիչ կառավարություն կարող է լինել, որ [շատից քչից] արժանի լինի իր ժողովրդին և լինի իր ժողովրդի հետ ու նրա ներկայացուցիչը։ Օրինակ էնպես, ինչպես բանաստեղծը։ Բանաստեղծը կարող է էնքան մեծ չլինիլ, որ կարենա ընդգրկել իր ժողովրդի ամբողջությունը կամ արժանի լինի իր ժողովրդին, բայց նա միշտ իր ժողովրդի հետ է։

 

Ասում եմ՝ ժողովրդի, ո՛չ թե ամբոխի։ Որովհետև շատերը ժողովուրդն ու ամբոխը շփոթում են իրար հետ։ 

 

Սրանք իրար հակառակ բաներ են։ Ժողովուրդն իմաստուն է, ամբոխը՝ հիմար։ Ժողովուրդը ծանր է, ամբոխը՝ թեթև։ Ժողովուրդը մեծահոգի ու բարի է, ամբոխը՝ դյուրագրգիռ, վտանգավոր չար։ Ժողովուրդն աշխատանք է սիրում, ամբոխը թալան։

 

Ու սովորաբար կառավարություններից շատերին ամբոխն է պետք, բանաստեղծին՝ ժողովուրդը։

 

Ժողովուրդը խաղաղասեր է, ամբոխը՝ կռվարար։ Եվ ամբոխամիտ ու ամբոխավար մարդիկ երբեմն ամբոխի գլուխն անցնելով, որ մի շատ հեշտ բան է, տիրում են ժողովրդին ու նրան գցում էն տեսակ զանազան կրակների մեջ ու կռիվների մեջ, որ նա չի էլ երազել։ Եվ, իհարկե, միշտ հարևանի հետ։ Կռիվը հարևանի հետ, բարեկամությունը՝ հեռուների։ Մինչդեռ սրան բոլորովին հակառակ ժողովրդական իմաստությունն ասում է.

 

-Մոտիկ հարևանը լավ է, քան հեռու բարեկամը։

 

Մոտիկ հարևաններն ու հեռու բարեկամները

Դեռ ալեկոծության մեջ ենք, և մենք, հայերս դեռ լավ չենք տեսնում ու զգում էն ահռելի աղետը, որին ենթարկվեցինք մեծ պատերազմի սկզբից մինչև էսօր և որը, տարաբախտաբար, դեռ չի վերջացել։

 

1921 թ.

Տես՝ Հովհաննես Թումանյան, Ընտիր երկեր, հատոր երկրորդ

Կիսվել