«Թուրքերի համար Արցախի 75 տոկոսը հրաշքի նման մի բան է»

Արթուր Հայրապետյան Օգոստոս 27, 2021

Հաթերքը եղել է Մարտակերտի շրջանի ամենամեծ գյուղը։ Մինչև 90- ականները ունեցել է 4000 բնակիչ։ 44-օրյա պատերազմից հետո դպրոցական զանգը առաջինը հնչել է հենց Հաթերքում, իսկ առաջին արցախյանի ժամանակ 8 ամիս գյուղը եղել է գերության մեջ։

 

Ստեփանակետից ճանապարհ ենք ընկնում դեպի պատմական Հաթերք։ Հաթերքն իշխանանիստ քաղաք է եղել։ Մովսես Խորենացին երկար ժամանակ ապրել է Հաթերքում, Մխիթար Գոշը «Դատաստանագիրքն» այստեղ է ավարտին հասցրել։ Գյուղի աղբյուրը նրա անունով էլ կոչվում է՝ Գոշաղբյուր։ 

 

Ստեփանակետից Հաթերք ճանապարհը շատ է երկարել՝ երեք ժամ տևում։ Գյուղ մտնող ճանապարհից մի քանի կմ հեռու, Քարվաճառ տանող հատվածում կանգնած են ռուս խաղապահները։ Նրանցից այն կողմ ճանապարհն արդեն փակ է։

 

44 -օրյա պատերազմից հետո դպրոցական զանգը՝ առաջինը հնչեց հենց Հաթերքում։ Այստեղ շատ լավ գիտեն ինչ է հայրենազրկումը ու հայենիքի կորուստը։ Առաջին պատերազմի ժամանակ 8 ամիս գյուղը եղել է գերության մեջ։

 

Հաթերքից դուրս գալիս տիկին Կարինեի որդին վեց օրական էր․ «Հաթերքից մինչև Դրնբոն գնացինք, գետը ձիով ենք անցել, 28 տարի հետո նորից նույն պատմությունը։ Այս անգամ արդեն թոռիս էի գրկել ու փախնում։ Իսկ տղաներս մի օր դուրս չեկան գյուղից»։

 

Կարինեի երեք տղաները կռվել են առաջնագծում, իսկ պատերազմից հետո գյուղ վերադարձող առաջին ընտանիքներից են եղել։ Վերադարձել են մինչև նոյեբերի 23-ը, Քարվաճառով, այն ճանապարհով, որն այժմ փակ է։

 

 

«Իմ տղաները չեն ուզում գյուղից դուրս գալ, ասում են, որ մեր հողը մենք պետք է պահենք, ու ոչ մի տեղ չունենք գնալու։ էլ կռվի ժամանակ չէի ուզում դուրս գալ, ուղղակի թոռս էր փոքր։ Ես չեմ պատկերացնում, որ Ղարաբաղը թուրքի ձեռին ա, որ Շուշին մերը չի, իմ հարսը Հադրութից ա, Հադրութը չկա»։

 

Զրույցի ընթացքում դրսից մեքենանների ձայներ են լսվում։ Գյուղում փողոցներ են ասֆալտապատվում։ Գյուղապետ Վարդան Գրիգորյան․ «Գյուղի գումարտակ տանող ճանապարհն է, մեր գյուղի համար մեծ նշանակություն ունի այս ճանապարհը։ Ամբողջ գյուղը կապում է իրար հետ։ Մոտ օրերս կսկսվեն ասֆատապատման այլ աշխատանքներ՝ դպրոցից դեպի Զագլիկ ու գումարտակի հատված»։

 

1993-ին, երբ հա­թերք­ցի­նե­րը վերադարձել են գյուղ, տնե­րի 80 տո­կոսը գտել են ա­վեր­ված ու քա­նդված։ Դրանց մի մասը այսօր են վերանորոգվում։ Գյուղում ազատ տներ շատ կան, սեփականատերերը պատրաստ են դրանք տրամադրել տեղահանված մարդկանց։

 

Համայնքի ղեկավար Վարդան Գրիգորյանն ասում է․ «Կապ ենք հաստատում, պայմանավորվում 2 կամ 3 տարով պայմանագիր կնքում, առանց վարձին։ Հետո կամ կառնեն այդ տունը, կամ էլ մարդիկ, որ 30 տարի այստեղ չեն ու ոչ մի պատերազմի չեն մասնակցել, տնազուրկ չճանաչվեն։ Մենք իսկզբանե որոշել ենք, որ վարձի մասին խոսք լինել չի կարող, հաշվում ենք, որ մենք ենք մնացել առանց տուն»։

 

Առաջին պատերազմի տարիներին Վարդան Գրիգորյանը դպրոցահասակ երեխա էր։ Հայրը՝ «Մար­տա­կան խաչ» 2-րդ աս­տի­ճա­նի շքան­շա­նա­կիր Բար­մեն Գրի­գո­րյա­նը զոհվել է Հաթերքի շր­ջա­նն ա­զա­տագր­ելիս։ Գրիգորյանն ասում է՝ չէին պատկերացնում, որ պատերազմ է սկսվում, հետո զգացել են պատերազմի «համն ու հոտը»։ 

 

 

Հիմա հաթերքցիները գյուղ են վերադարձել, բայց ապագան չեն պատկերացնում․

 

«Ժողովուրդի համար անհասկանալի է կարգավիճակը՝ ի՞նչ է լինելու։ Խնդիր է դրված՝ երեխայի համար տուն կառուցե՞ն, թե՞ չէ։ Երիտասարդությունը դրսով է հետաքրքրված, ինչը ցավալի է, պատճառաբանում են, որ ապագա չեն տեսնում։ Այդ թունելի վերջում լույսը չի երևում»։

 

Հարթերքցիները պարտության հետ չեն համակերպվում, գյուղի ջոկատը՝ առաջին օրվանից կռվել է Հաթերքի պաշտպանության համար։

 

«Գյուղի կանանցից մինչև ահելները՝ բոլորը կանգնած են եղել գյուղի համար։ Մեր երիտասարդները մեկ սմ հող չեն տվել ամբողջ ընթացքում անսասան պահել են դիրքերը։ Մեր գումարտակը 33 կմ հատվածում 6 զոհ է տվել, իսկ թուրքերի զոհերի թիվը 500-ն անցնում էր։ Ու դա եղել է թուրքերի ամենապատրաստված ջոկատը։ Այս հատվածում սարեր պետք է բարձրանային։ Ժամանակին թուրքերը 7 շրջան էին ուզում կարգավիճակի դիմաց, հիմա 9 շրջան վերցրել են, չգիտեմ՝ ոնց ասեմ, բայց վիճակը ավելի վատ է»։

 

«Թուրքերի համար Արցախի 75 տոկոսը հրաշքի նման մի բան է»,-զրույցը եզրափակում է Հաթերքի համայնքապետը։

Արմինե Գեւորգյան Radiolur

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024