Ոչ անցյալն է մեզ հանգիստ տալիս, ոչ ներկան, ոչ անցյալից պրծում ունենք, ոչ ներկայից, մինչդեռ շարունակում ենք մի տարայի մեջ շուռումուռ գալով փրկվել

Արթուր Հայրապետյան Փետրվար 25, 2021

Երբ չունես կոնկրետ ասելիք, կատարած աշխատանք, միշտ էլ կարելի է էժանագին կերպով շահարկել ցանկացած արժեք ու արժեքավոր բան։ Հողին հանձնել եղածը, որի գինը դեռ մանկության տարիներից չես գիտակցել։ Երանի նրան, ով շատ սեր է ապրել, ունեցել իր մանկությունը, խաղացել իր սիրած ու ցանկացած խաղալիքներով, նպատակներ ունեցել եւ ձգտել հասնել դրանց եւ վերջապես երազանքներ է ունեցել...

Դե, էս ոտաբոբիկ մարդը ոչինչ չի ունեցել. տխեղծ է, ու հիմա ազգովի ենք դրա չունեցածի տակից դուրս գալիս, եւ դա թանկ նստեց բոլորիս վրա։ Մեղավորը մենք չենք, բայց ամենքս մեղավոր ենք յուրովի, որովհետեւ շարունակում ենք հանդուրժել եւ անընդհատ հիշել անցյալը, բա մեղավո՞ր չենք, ի՞նչ ենք։ Ոչ անցյալն է մեզ հանգիստ տալիս, ոչ ներկան, ոչ անցյալից պրծում ունենք, ոչ ներկայից, մինչդեռ շարունակում ենք մի տարայի մեջ շուռումուռ գալով փրկվել։ Իմ հույսը անհատների վրա է, դադարի ու էն չձեւավորված սաղմի, որ անարատ բողբոջ է դառնալու, մտադրությամբ գալու է, որ վեր առնենք, բայց էն մեր երակների արյունը, որ հիմա կանգնել ու սառել է, մեր շալակին է, ու ծանր է բեռը։ Ոչ ոք չի կարող կանգնեցնել ժամանակը, որ չառերեսվենք հողին` խլրտացող սողունների ու երկնքին, որի տերն արքայությունն է։ Երանի ընտրյալներին, որ Աստված շատ սեր է տվել։ Մեր հողի վրա սեր կտա, որ սեր առնի։ Մեր ձեռքերում է փրկությունը, ու փրկվելու ենք, բայց նախ պետք է ազատվել չարից, որ մեզ էլ իր հետ է չարացրել։ Երանի նեղացած լիներ։ Լույս կա.. լույսը բացվելու է։ Հոգոցի փոխված ամպերում արեւը տաքացնելու է մեր անկենդան մարմինները, որ շնչառություն ստանանք ու շատ լույս տանք։ Պինդ ենք։ Դիմացկուն ենք։ Առաջ նայող ենք։ Ցավին շատ ենք տեղ տվող։ Բայց սթափ չենք։ Երանի ազգովի սթափվենք ու որոշենք ապրել։ Հողն է կարեւոր։ Հողը պիտի հարատեւ մնա։ Հողը պիտի սերմ առնի ու պտուղ պիտի տա։ Առողջ պտուղներ, որ մեր ճակատին ներկված արյունը մաքրի։

ԱՐԹՈՒՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ 

Կիսվել