«Խելագարի համառությամբ Նիկոլ Փաշինյանը, անտեսելով ադրբեջանաթուրքական ջարդարար մեքենան՝ մերժեց արժանապատիվ խաղաղության հնարավորությունը 2019, 2020թթ․, նաեւ պատերազմի առաջին օրերին

Արթուր Հայրապետյան Մայիս 16, 2021

«Վերջերս գրագողություն եղավ․ «Արժանապատիվ խաղաղություն» եզրույթը ոնց որ ուզում են գողանալ։ Ոչինչ, թալանում մասնագիտացված են, իրենց մոտ դա լավ է ստացվում»,-«Հայ ազգային կոնգրեսի» համագումարում այսօր հայտարարեց կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը։ Նա նշեց․ «Այն, ինչ ունենք այսօր, ազգային ողբերգություն է։ Ժանտախտի մեջ իշխանության համար կռիվ տվող զարհուրելի խաղաքական վերնախավ։ Պետությունը մահացու սպառնալիքների առաջ է, եւ պետության թուլացումը հրավիրում է արտաքին ագրեսիա։ Մեր պետության թուլացման ավելի վառ ապացույց, քան այս օրերին է կատարվում, հնարավոր չէ գնել։ 250 ադրբեջանցիներ զբոսնելով կարող են գրավել ՀՀ տարածքը, իսկ ՀՀ իշխանությունն այդպես էլ չկարողացավ «ֆեյսբուքից» դուրս գալ, դիմադրել ագրեսորի գործողություններին։ Պարզվեց, որ ոչ միայն տեղում սահմանապահներ ու բանակ չունենք, այլեւ առաջին կուրսեցու գրագիտություն, որպեսզի պատշաճ դիվանագիտական ընթացակարգով դիմեին ՀԱՊԿ-ին եւ ՌԴ-ին։ Ինչո՞ւ այսպես եղավ, ինչո՞ւ ոսկերչական արտաքին քաղաքականությամբ ձեռքբերված փայլուն հաղթանակների բարձունքից գլորվեցինք պետության քայքայման այսօրվա ճահիճը։ Քանի դեռ հարցի պատասխանը չենք գտել, պետությունը հեռանկար չի ունենալու»։ Լեւոն Զուրաբյանի խոսքով․ «Պատասխանը պարզ է։ Ղարաբաղյան շարժումը եւ դրա կողմից ստեղծված իշխանությունը հաղթեց, որովհետեւ ի սկզբանե որդեգրել էր քաղաքական ճիշտ արժեհամակարգ՝ սեփական ուժերի ապավինում, ազգային շահերի այնպիսի ձեւակերպում, որը համահունչ է ժամանակակից աշխարհաքաղաքական պահանջներին։ Պետք է վերջապես գիտակցել՝ պետությունը բռնեց պարտության ճանապարհը, երբ որդեգրեց ոչմիթիզականության արկածախնդրական դիրքորոշումը եւ ուզեց աշխարհից ստանալ ավելին, քան աշխարհը կամենում էր։ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ձեւականորեն բանակցում էին կարգավորման համար, բայց այնպիսի անիրատեսական եւ առավելապաշտական պահանջներ էին ներկայացնում, որոնք չունեին երբեւէ խաղաղ կարգավորման հիմք դառնալու հեռանկար։ Ոչմիթիզականության ճանապարհով հայոց ղեկավարներից ամենահեռուն գնաց Փաշինյանը։ Նա ողջ աշխարհին իր դեմ հանեց բանակցությունները պայթեցնող՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ» հայտարարությամբ, հրաժարվեց ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափով շարունակել եւ որոշեց, որ աշխարհին պարտադրելու է բանակցություններն իր սեփական կետից սկսելու պահանջը եւ անմտորեն կուլ տալով հուլիսյան դեպքերի խայծը՝ արձակեց Ալիեւի ձեռքերը՝ վաղուց պատրաստված ադրբեջանաթուրքական ագրեսիայի սանձազերծման համար։ Կարծում եմ՝ ՔՊ-ի նախընտրական կարգախոսը լավ չեն ձեւակերպել, պետք է լիներ՝ «ապագա կար»։ Եթե Նիկոլ Փաշինյանը գոնե մի քիչ խելամիտ լիներ եւ թեկուզ ուշացմամբ ընդուներ 2019թ․-ին ՄԽ առաջարկած խաղաղ կարգավորման պլանը, ըստ որի հայկական հողմը պետք է վերադարձներ միայն հինգ շրջանը՝ թողնելով Լաչինի եւ Քարվաճառի, Արցախի կարգավիճակի ճշտումը ապագա սերունդներին․․․»։ Լեւոն Զուրաբյանի բնորոշմամբ․ «Խելագարի համառությամբ Նիկոլ Փաշինյանը, անտեսելով ադրբեջանաթուրքական ջարդարար մեքենան՝ մերժեց արժանապատիվ խաղաղության հնարավորությունը 2019, 2020թթ․, նաեւ պատերազմի առաջին օրերին։ Այնպես որ, ինչքան էլ փորձի արդարանալ, չի ստացվելու։ Պարտության գլխավոր պատասխանատուն, մեղավորն ու ճարտարապետը Նիկոլ Փաշինյանն է՝ հայկական Էլչիբեյը։ Միաժամանակ, հեռու եմ մեղքը բացառապես Փաշինյանի վրա բարդելուց։ Նա ինչ-որ առումով զոհ է ոչմիթիզականությանը։ Հուշեք՝ քանի՞ քաղաքական ուժ կա Հայաստանում, որը զգուշացրել է պատերազմի վտանգի մասին, խոսել փոխզիջմամբ հակամարտության կարգավորման մասին։ Եղել է այդպիսի մեկ ուժ եւ այդ մեկ ուժն այսօր այս դահլիճում է։ Մնացած բոլոր ուժերը լծված էին ոչմիթիզականության գործին, եւ Փաշինյանն այդ համազգային անմտության արգասիքն է»։

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2021/05/16/1191369/

 

© 1998 - 2021 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Կիսվել