Խորհրդարանական աղետի մեջ ենք

Արթուր Հայրապետյան Օգոստոս 09, 2021

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԱՂԵՏԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

 

Ֆեյսբուքյան լավ բարեկամներիցս մեկն ինձ դիտողություն արեց, որ լիքը լուրջ (չբացված) թեմա կա, իսկ ես վրա-վրա գրում եմ պատգամավորին «Նիկոլով» դիմելու ու ընդհանրապես ոչ ականջահաճո ելույթի համար նկատողություն հայտարարելու, ապա ձայնից զրկելու մասին՝ ծաղրանքով ու հեգնանքով։

 

Լրիվ ընդունում եմ դիտողությունը, որ քննարկման մակարդակն իջեցրել ենք այս մակարդակին։

 

Հետո նստեցի ու սկսեցի մտածել։ Խորհրդարանական պետություն ենք։ Ձևավորվել է նոր խորհրդարան։ Առաջին քառօրյայում ի՞նչ իրադարձություն է տեղի ունեցել, ի՞նչ քննարկում է եղել, որը կարելի է քննարկել ու չիջնել այդ մակարդակին։ Ախր ո՞նց կարող է խորհրդարանական պետությունում սենց աբսուրդ լինել։

 

Ի դեպ խոսքի իրավունքից զրկելն, ինքն իրենով, իրականում, մանր թեմա չի։ Այլ լրջագույն քննարկելիք ու քննադատելիք, ու թերևս մեր սխալն այն է, որ դրան արձագանքում ենք զուտ ռեպլիկներով ու հումորով։ Ինչքան ուզում է ականջահաճո չլինի ելույթը, պատգամավորն ասելիք ունի։ Ինչքան էլ որ չէինք ուզի այդ մարդը պատգամավոր լիներ, ինչքան էլ կարող է դուր չգալ վարչապետին անունով դիմելը, կապիտուլյանտ ասելը, Արցախ այցելելու դուխ չունենալու մեջ մեղադրելը, իշխանությանն այլ կերպ սուր, թեկուզ ոչ բովանդակային քննադատելը, նա պատգամավոր է, խոսք ասելու բարձրագույն իրավունքի կրող։

 

Իրականում մենք հիմա ողբերգության ականատեսն ենք։ Ասել եմ, ու նորից կասեմ. այս խորհրդարանում բոլոր երեք խմբակցություններից կան մարդիկ, ովքեր այլ պայմաններում կարող էին խորհրդարանական լավ գործունեություն ծավալել։ Բայց այս գումարման խորհրդարանը, այնպես ստացվեց, որ լրիվ այլ գործունեությամբ է աչքի ընկնելու. դա ակնհայտ էր մինչ գործունեությունը սկսելը, արդեն պարզ տեսանելի է առաջին քառօրյաից հետո։ 

 

Սա վատագույն խորհրդարանն է, որ երբևէ ունեցել ենք։ Եվ եթե հաշվի առնենք, որ մենք ետպատերազմյան վիճակում ենք, որ մենք ոչ վաղ ժամանակներից դարձել ենք խորհդարանական երկիր, որ մեր պետությանն առաջիկայում լրջագույն փորձություն է սպասվում, ետանկախական ամենադժվար ու վտանգավոր որոշումներից մեկը, կարող ենք արձանագրել, որ մենք խորհրդարանական աղետի մեջ ենք։ Ինչքան էլ որ ոմանք նեղսրտեն, որ պայծառ բաներից խոսելու փոխարեն սենց մռայլ պատկերն եմ ֆիքսում, իրականությունը սա է. այս ողբերգական ու անբովանդակ խորհրդարանը՝ իր բոլոր հետևանքներով։

 

Արտակ Հարությունյան 

Կիսվել