Զավեն Բոյաջյան. Սրտով եւ ոչ թե կոկորդով

Արթուր Հայրապետյան Մայիս 23, 2021

Զավեն Բոյաջյան. Սրտով եւ ոչ թե կոկորդով

Զավեն Բոյաջյանը Ֆեյսբուքում գրել է.

 

«50-ականների վերջին, որ խունացած կինոժապավենի նման վաղուց են պարուրվել «ռետրոյի» շղարշով, համեստության ավելցուկից բնավ չտառապող ոմն լրագրող փորձել է փառքին հետամուտ Շառլ Ազնավուրին դեմ անել պատին. «Դուք կարծում եք, որ նման արտաքինով և ձայնով կարող եք հասնել մեծ հաջողությա՞ն»:

Լամանչեցի տխրակերպ ասպետի դիմաց հայելի բռնած սափրիչի՝ Կառասկոյի «իրատեսությանը» վայել այս հարցին, ուր շրջահայաց խոհեմության ու ինքնասթափման նույն կոչն է արձագանքում ծանր գլաքարի պես, նորընծա շանսոնյեն պատասխանել է. «Ոչ մի ցլամարտիկ չունի այնպիսի արտաքին, որը հիմք տա ենթադրելու, թե նա հիմա գետնելու է կատաղած կենդանուն: Բայց դա մի՞թե խանգարում է ցլին դեմ առ դեմ կանգնել»:

Ավելին՝ ճակատագրական ցլի եղջյուրներից բռնել:

Այս արտառոց ցլամարտիկը հաղթության ուրիշ գրավական ուներ. «Իմ ուժը անշուք արտաքինս է եղել, յուրահատուկ ձայնս, սովորական դեմքս, որի մեջ ուզածդ մարդը կարող է գտնել իրեն»:

Կարելի է հեգնոտ չարախնդությամբ նկատել (ինչպես շատերը 60-ականների նախաշեմին), թե «յուրահատուկ ձայնս» խիստ յուրովի է ասված: Ի վերջո, Ազնավուրը ինքն է հուսաթափ բացականչել «Ձա՛յն, իսկ որտեղի՞ց վերցնել ձայն, երբ ճռռում ես դռան ժանգոտ ծխնիների պես»:

Բայց եթե Ազնավուրի անցած ճանապարհը՝ երեսին փակված դռներից, ծաղրով ու քամահրանքով լի ժպիտներից և դառնությունների ու նվաստացման անվերջանալի շղթայից մինչև «միջազգային շոու բիզնեսի մեծագույն ֆենոմեն» կամ «մեր ժամանակների երգարվեստի ամենաակնառու երևույթ» բարձրագոչ տիտղոսները, ինչ-որ խորհրդանշական իմաստ է պարունակում, դա հավաստումն է անհավատալի այն պարադոքսի, որ երգչի համար ամենակարևորը բոլորովին էլ ձայնը չէ:

1961-ին «Ֆիլմսկի սվետ» հարավսլավական հանդեսը այսպես է ներկայացրել Ազնավուրին. «Նա Ֆրանսիայի ամենասիրված երգիչներից մեկն է, բայց բացարձակ զուրկ է ձայնից»: Բնականաբար անհնար է կոծկել տարակուսանքը. «Իսկ ինչպե՞ս է երգում»:

Ու հետևում է անբացատրելի հանելուկի պարզ պատասխանը. «Սրտով և ոչ թե կոկորդով»:

«Նա սրտով էր ապրում միայն,

Եվ այդ սիրտը աշխարհ էր լայն…»:

Ինչ ասել կուզի, Ազնավուրի երգերից մեկի հերոսին կերպարանագծող այս տողերը հենց իրեն են նույնքան վերաբերում»:

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024