Ինչով է վտանգավոր կուռք ունենալը

Արթուր Հայրապետյան Հունվար 14, 2021

«Եթե անգամ դուք բերեիք կառավարության ծրագիր, որտեղ գրված կլիներ մեկ նախադասություն՝ ամեն ինչ շատ-շատ լավ է լինելու, ես վստահելու էի ձեզ ու կողմ էի քվեարկելու»: Այդպիսի մի բան էր ասել հեղափոխական պատգամավորներից մեկը՝ 2019 թվականի փետրվարին: Այսինքն՝ պատգամավորն իր առաջնորդին այնքան էր վստահում, որ նրա համար որեւէ նշանակություն չուներ, թե ինչ ծրագրեր է ներկայացնելու եւ իրականացնելու ապագա կառավարությունը: Եվ դա ոչ միայն տվյալ պահի եւ տվյալ պատգամավորի խնդիրն է: Այդ մտածելակերպը գերիշխում է մեր հասարակական կյանքում արդեն 30 տարի, եւ այդպես են մտածում հարյուր հազարավոր մարդիկ: Նրանք ստեղծում են ինչ-որ մի կուռք, ինչ-որ սուպերհերոս, կամ, եթե նման հատկանիշներ ունեցող մարդու չեն տեսնում, ապա սպասում են նրա գալստյանը. երկու դեպքում էլ կարեւոր չէ, թե ինչ է սուպերհերոսը արել, ինչ է անում եւ ինչ պատրաստվում անել՝ կարեւոր է, որ նրան սիրում են, պաշտում են, վստահում են:

 

Մեր հասարակությունում այժմ այսպիսի վիճակ է. մի մասը շարունակում է պաշտել Նիկոլին (ի հեճուկս նրա խայտառակ ձախողումների, բայց դե սերը, ինչպես գիտեք, կույր է), մի մասը մերժում է Նիկոլին, մի մասն էլ հարցնում է՝ «եթե ոչ Նիկոլը, ապա ո՞վ»: Նշանակություն չունի այս մասերի տոկոսային փոխհարաբերությունը, էականն այն է, որ այդ երեք մոդելներն էլ հիմնված են անձնական վերաբերմունքի վրա, իսկ այդ մոտեցումներով պետական ինստիտուտներ չեն ստեղծվում եւ չեն գործում: Մեր քաղաքացիների մեծ մասը ցանկանում է տեսնել մի հրաշագործի, որն իր բացառիկ պարկեշտության եւ տաղանդի շնորհիվ ապահովելու է նրանց երջանիկ եւ բարեկեցիկ կյանքը: Ինչո՞վ է այդ մոտեցումը վտանգավոր: Երբ ես կուռք եմ ստեղծում, ես դադարում եմ ինքնուրույն մտածելուց եւ կյանքի երեւույթները գնահատելուց, ես գցում եմ իմ ուսերից այդ պատասխանատվությունը: Ի՞նչ կարիք կա այս կամ այն երեւույթի կամ իրադարձության վերաբերյալ սեփական կարծիքը կազմելու, եթե կա առաջնորդ, որին ես վստահում եմ. նա կասի, թե ինչ է պետք մտածել կամ ինչ է պետք անել: Ինչպես իմ կուռքը կասի, այդպես էլ կվարվեմ, որովհետեւ նա միշտ ճիշտ է: Իսկ եթե նման կուռք չկա, իմ մտածելու միակ առարկան պիտի լինի այդ սուպերհերոսի փնտրտուքը: Ինչ խոսք, իսկական պետության իսկական քաղաքացի լինելը ծանր բեռ է, որից հայաստանցիների մեծ մասը ձգտում է խուսափել:

 

Ես, օրինակ, սպասում եմ, որ ներկա իրավիճակի մասին իր խոսքն ասի Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ինձ հետաքրքիր է նրա կարծիքը ոչ այնքան այն մասին, թե ինչ է տեղի ունեցել (այստեղ ինձ համար ամեն ինչ հիմնականում պարզ է), այլ այն մասին, թե ինչ է պետք անել: Հաշվի առնելով, որ Տեր-Պետրոսյանի մոտեցումները ղարաբաղյան հարցին, ըստ իս, ճիշտ դուրս եկան, հետագայի համար էլ նա գուցե ճիշտ ճանապարհ ցույց տա: Բայց «Լեւոնի վկա» ես, միեւնույն է, չեմ դառնա: Այսինքն՝ չեմ համարելու, որ նախկինում նա միշտ ճիշտ է վարվել, եւ այսուհետ էլ նրա ամեն ասածը կամ արածը «հալած յուղի» տեղ չեմ ընդունելու: Չեմ պատրաստվում իմ սեփական ուղեղը որեւէ մեկին հանձնել:

 

Այժմ ասպարեզում Լեւոնի, Ռոբերտի եւ Նիկոլի «վկաներն» են, եւ այդ հանգամանքը, ճիշտն ասած, առանձին լավատեսություն չի ներշնչում:

Արամ Աբրահամյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024