Սերը հավատի արտահանությունն է, իսկ հավատը մարդ մնալու կարևորագույն պայմանը

Արթուր Հայրապետյան Հունվար 06, 2021

 

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ

Սերը հավատի արտահանությունն է, իսկ հավատը մարդ մնալու կարևորագույն պայմանը:

Վահրամ Փափազյան

Մաղթանքի խոսք, կամ բարի ցանկանալ մեր նոր սերունդին. նպատակս է այս… Սակայն ի՞նչ բառերով, ո՞րը գործածեմ այն հազարավոր ադամանդակուռ բառերից, որով հարուստ է մեր հին լեզուն, և որոնք խճողվում են այս րոպեիս իմ գրչի ծայրին: Կամ ո՞րը ընտրել այն անհամար ոսկեձույլ կաղապարներից, որոնք կոփել են դարերից ի վեր մեր գրիչները, ձուլելու համար իմ զգացմունքը` այն նորընծա ճյուղի հասցեին, որ վաղվա սաղարթախիտ ծառն է լինելու հնամենի բնին մեր ժողովրդի: Ինչ էլ որ ասեմ, ինչ էլ որ գրեմ, չեմ կարող հնարել ավելին, քան նրանք ունեն… Այն բարիքների բարիքը, որ երիտասարդություն անվանում ենք մենք թեթև սրտով ու հանդարտ անցնում:

Մնում է միայն ցանկանալ մատաղ սերնդին, որ նա հասկանա ու գնահատի այդ անկրկնելի երջանկությունը` երիտասարդությունը, որ իր բաժինն է այսօր, և որը վաղը կլինի միայն մի անցավոր հուշք, և հասկանալուց ու գնահատելուց բացի ըմբռնի և այն պարտականությունը, որ այդ, թեև անցավոր, բայց իր էության մեջ անսգյուտ, ոսկե գեղմը,- կրկնում եմ,- երիտասարդությունը դնում է նրանց այսօր ազազուն, բայց վաղը հսկա, մանուկ ուսերին:

Պարտականությունների պարտականությունը և կշիռ չճանաչող այն ահավոր շեղջակույտը, որ նրանց հայրերը կոփեցին, նախ կատարվածը պահելն է: Պահպանել նրան ամեն վտանգից, եղածից ու լինելիքից, և պահելուց բացի այդ սրբազան ավանդի զարգացման բնական ճանապարհները հարդարել ու պատրաստելն է, որով միայն կլինի նոր սերունդը արժանի ժառանգ իր նախորդներին: Սկսվածը շարունակողը և դեռևս չլրացածը ի կատար ածող այն ստեղծագործ ուժը, նախորդների հոգատար շնչով ստեղծված կայծը, որը այսօր բոց, բայց վաղը հրդեհ դառնալու համար ամեն մի խավար փարատող այն հսկա ջահը, որով նախորդ սերունդը ուզեց լուսավորել և լուսավորեց բոլոր հորիզոնները գալիք մարդկության:

Կարենալ ի կատար ածելու համար այս ահավոր պարտականությունը, որ և երջանկություն է միևնույն ժամանակ, որ նախորդները ժառանգ թողեցին ներկա սերնդին, անհրաժեշտ է նախ առողջություն, պողպատյա ջղեր, հորիզոններ ընդգրկող աչքեր, ժամանակներին խոսող քամի ու որոտ ձայն, ամեն ինչ` կյանք, երջանկություն, սրտի ձայնն անգամ, պատմության կշռին կարենալ նետելու չափ անձնազոհություն, և գաղափարի պաշտամունքը` որպես դավանանք:

Այս բոլորը և մի բան էլ ավելին ցանկանում եմ քեզ, դու ոսկե բողբոջ, ճապուկ կանաչ ճյուղ իմ պապենական խորարմատ ծառի…

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024