Վերադարձ. Արթուր Հայրապետյան (պատմվածք)

Արթուր Հայրապետյան Մարտ 27, 2021

Արթուր Հայրապետյան / Վերադարձ

Մի ժամանակ, երբ ամեն առավոտ արթնանում էի եկեղեցու զանգերի տակ, այն միտքը, որ պարտավորեցնում էր ինձ` ամենասովորական քրիստոնյայիս, ամեն կիրակի եկեղեցի մտնել, երկու զույգ մոմ վառել, Աստծո ուշադրությանն արժանանալու համար աղոթել… դարձել էր ապրելու սովորույթ, միջոց: Երբ քանդեցին այն ու տեղափոխեցին մեկ ուրիշ վարչական տարածք, հին շինությունը, նոր եվրոշքեղությամբ վերակառուցելու փորձով` ես այդ օրվանից հետո եկեղեցի չմտա ու մոմ չվառեցի… Կորցրեցի հավատս, քրիստոնյա լինելու զգացումը, փոխեցի անունս, ազգանունս, կենսակերպս… Այժմ լրիվ ուրիշ մարդ եմ, ուրիշ աշխարհով, կենցաղով, լեզվով ու հավատով: Եկեղեցին կառուցվեց, բայց ոչ մի հավատացյալ չմտավ` չապաշխարեց Աստծուն…

Երեկ ուշ գիշերը սրտի կաթվածից մեռավ հարևանս: Երանի ես էլ նրա նման դուրս գայի տնից, երեկոյան հայտնեին` մեռավ… Ամենաերջանիկ մահը դա է, որ ոչ տանջվում ես ու ոչ էլ զզվեցնում տնեցիներին, մի վայրկյանում սիրտդ կագնում է ու վերջ, ոչ եղել ես, ոչ կաս, թերևս սարսափելի է մահը` մեռնողի, իսկ ինչ լինում է մնացողին է լինում` ցավ, կարոտ, դատարկություն, սառնություն, անբավարարվածություն… ինքնախաբկանք:

Մեր փողոցի լույսերը հովհարային անջատման առիթով տարել էին մեկ ուրիշ փողոց՝ մի քիչ էլ ուրախացնելու այնտեղի բնակիչներին, հետո, երբ մարդիկ կհասկանային իրար, կտեսնեին, կկերակրեին իրեց սոված երեխաներին, ու դեռ սերիալներ չդիտած իսկույն կպատեր խավարը… Ու ամեն բան կվերջանար սկզբից: Լաչառ կանանց ձայները գնում հասնում էին հարակից փողոց ու նույն արագությամբ ետ գալիս: Տանը նստած արդեն յոթերորդ սրտի զարկերն հանգստացնող դեղահաբն էի կուլ տալիս, սիրտս չէր հանդարտվում ու մտովի պատկերացնում էի ինձ սեղանին հանգիստ պառկած… Ես լսում էի տարիների՝ ինձ բաժին ընկած կյանքի շնչառությունը, որտեղ ես էի ու իմ կենսակերպը, որ թաղել էի հողում` հրեշավոր գլուխս, ու թքած ամեն բանի վրա… Ես աննորմալ եմ` քեզ ի՞նչ, ես` ծակվող, խմող, ծխող, ու աշխարհի հետ հարաբերվելու իմ տարբերակն ունեմ… Ուղեղս անջատել ու ամեն բան խավարի մեջ հանել էի աճուրդի:

«Կառկառ լինեմ, կըռ-կըռ-ամ, ընկնեմ ծառերի տակ, ման գամ` չգտնեմ, վա~յ-վա~յ-վա~յ, բալա ջան», -ասում էր մեռնողի մայրն ու գլուխը բռնած` շարունակում բղավել, շարժվել, խաղալ:

Ի~նչ տաղանդավոր ժողովուրդ ենք, նույնիսկ հոգեհանգստի ժամանակ ունենք գրված, մշակված, մեր գրպանում ամուր պահած մի քանի տողեր, մտքեր, որ պետք է գտնել մեկին, որը իր հնչեղ ձայնով կարտասանի ու կպարտադրի հավաքված մարդկանց ողբալ, ողբալ, բողոքել, պայքարել համընդհանուր ցավի դեմ, չէ՞ որ մարդ է մեռել` երիտասարդ, գեղեցիկ, շնորհալի… «Գնա մեռի, արի սիրեմ»: Այդ տարբերակի արտահայտությունը տեղին է մեր տեսակի մարդու համար, չէ՞ որ «Դլե յաման» սիրող, հիշող ցեղախումբ ենք, որ անընդհատ հիշում ու նվնվում ենք, թե ինչպես է մեզ թշնամին սպանել, կոտորել, մի խոսքով` տանջված ժողովուրդ ենք: Դա` հարևաններին ցույց տալու համար, իսկ մեր ներսում լավ էլ խաբում ենք, լավ էլ սպանում մեզնից թույլին, մեզնից մի քիչ տարբերվող մարդուն… Ցուցամոլ ժողովուրդ ենք… Լավն ենք, ասում են, նմանը չկա, իսկ եզակի լինելը` դա արդեն առաջխաղացում է համարվում համաշխարհային քաղաքակրթության մեջ…

Մայրս վատ կին չէ, բայց տարբեր է, նա էլ է եզակի իր մտքերի մեջ, մեկ-մեկ այնպիսի բաներ եմ լսում նրանից, որ ուզում եմ արագացնել իմ բաժին մահը… Չէ, տեսնես ես այդ ո՞ր պատի ճեղքից եմ դուրս եկել` չեմ հասկանում: Այդքան տարբեր մարդիկ ու այդքան մոտ… Չէ, հաստատ ինչ-որ բան այն չէ: Հաջորդ առավոտ հարևանիս տանը իսկական քաոս էր. վատ խաղարկային ֆիլմի, հնարովի պատմություն, որտեղ սցենարական կուրսեր չանցած սցենարիստը իր անհաջող պատմության մեջ էր ներառել մի ծանր կյանքով ապրող ընտանիքի ու վերջում իր կատարած աշխատանքի վրա երևի մի լավ ծիծաղել… Դե, հայտնի է, նորություն չեմ ասելու, որ մենք լացել սիրող ազգ ենք, սիրում ենք ամեն բան մեծացնել ու այդ մեծության տակ կքել, աղերսել, ներում հայցել: Դուդուկի տակ, այն էլ ուրիշի, երաժշտաասմունքը, այնքան էր այլայլվել, խտացել, որ երբ մոռացվում էին սցենարում գրված բառերը, այնտեղ իսկույն հայտնվում էր բարձրարժեք դերասանական խաղը` ուշագնացությունը… Տարան հարևանիս, ամենաերջանիկ մարդուն, ով առանց ձայնի, աղմուկի գնաց, ետևից հանգիստ ասացի` երանի քեզ…

Այդ գիշեր խնամքով հարդարեցի մորուքս, հագա ճղճղված տաբատս, մազերս լաքապատեցի ու դուրս եկա փողոց: «Գնում եմ հարբելու», - ասացի մորս` դուրս գալուց առաջ:

-Աննորմալ ես, - չդիմացավ մայրս, ասաց իր ամենանվիրական բառն ու ճանապարհեց ինձ` վերջում ավելացնելով, - հանկարծ տուն չգաս այդ տարօրինակ շորերով, խայտառակ չանես ինձ, ընտանիքս:

Դեռ չէի խմել, որ խմած ու մի լավ հարբած լինեի, կծիծաղեի, բայց այս դեպքում լացս եկավ… Տեղ հասա: Ամեն բան բժշկվում, ինքնամաքրվում էր այդ պատերի մեջ, ու հետո ոչինչ չէր մնում, ոչինչ չէիր հիշում… Չէիր մտածում` ում տեսար, ում հետ սեքս արեցիր, լավ սեքս էր, թե ոչինչ, ով էր` տղա, թե` աղջիկ…

Հրաշք է, երբ հետո կարող ես հանդիպել նրան, ում հետ ինչ ասես, որ չես արել մի անբողջ գիշեր, ու չիմանաս, չճանաչես… Պետք է սեքս անել ու մոռանալ, չերազել, չտանջվել, չսիրել, մի խոսքով չգայթակղվել… Որովհետև գիտակցում ես, որ ամեն բան անցողիկ է: Կարծում եմ ծնողներիս պետք չէ խայտառակել, ինչպես մայրս հրաժեշտից առաջ ասաց: Մի կերպ ծառերից, պատերից բռնած հասա, որ բռնեմ մուգ, սև ապակիներով ֆիրմա մեքենան` շարժիչը միացավ ու ես հանգիստ ցած ընկա, մտածեցի երթուղային է. «Այ ***, խմել ես, ընկել… Կորցրել ես ծակդ»: Խմած չեմ, չէ, հարբած էլ… Մի լավ լվացք եմ արել… Գլուխս հազիվ էի ուսերիս վրա պահում:

Արթնացա ծառի տակ` կանաչի վրա: Մերոնք չէին էլ զանգել որպիսությունս հարցնելու: Բջջայինս խելոք պառկել էր կողքիս, ձայն չէր հանել, անջատվել էր: Կանաչների մեջ պառկած նայում էի ինձանից մի քիչ հեռու պառկած շներին` ըստ էության նրանք էլ էին նախորդ օրը լվացք արել: Երկինքը կապույտ էր, իսկ մարդիկ` անգույն, անտարբեր: Տեղիցս վեր թռա… Աչքերս կկոցելով հիշեցի տանս տեղը… Հիշեցի` մայրս ասել էր այդ տարօրինակ շորերով տուն չմտնես: Տեղ հասա: Մուտքի մոտ հազիվ ոտքի վրա կանգնած, հանեցի շորերս, ներս մտա լրիվ մերկ: «Քո տիրոջ հերն եմ անիծել… Յիբիոմատի տղեն գիժ ա», - ձեռքերը դողացնելով` ասաց հայրս, մտավ հյուրասենյակ, դուռը փակեց երեսիս… Կանգնել, մնացել էի կանգնած: Մինչև մորս հայտնվելը, մտա լողասենյակ: Մայրս չդիմացավ, դուռը ոտքով բացեց, ներս մտավ, աչքն ընկավ թևերիս.

- Վա~յ, էդ արդեն թևերիդ տակն էլ ես, հա՞, թրաշում: Ես քո տղա ասողի…

Ի՞նչ իմանար մայրս, որ թևերի տակ մաքրելը ոչ մի կապ չունի աննորմալության, հիվանդության, նամանավանդ տղա լինելու կասկածի հետ, ընդամենը մաքրություն է ու վերջ… Շարունակեց.

- Չէ, դու գիժ ես. գժանոց կգցեմ, կպրծնենք, - իր վերջնական խոսքով ամփոփեց միտքը, էլ չլսեցի նրան: Ոչինչ չէր կարող ինձ զարմացնել, հուզել կամ սիրտս մեղավորել:

Ես արդեն կորցրել էի ամոթի, կարեկցանքի, մեղքի, նույնիսկ ռոմանտիզմի զգացումը… Արդեն դասական երաժշտությունն էլ չէր կարող փարատել միօրինակ գլխիս լիքը դատարկությունը: Այդ ամենից հետո ինձ մնում էր միայն զարմանքից քար կտրել: Հայրս երբեք չէր սափրել թևերի տակը, նրա համար նունիսկ ամեն օր լողանալն ու սափրվելն էր ոչ տղամարդկային, այդ պատճառով էլ հասկանում էի թե մորս, թե առավել ևս` հորս: Ամբողջ ցերեկը քնեցի, արթնացա գիշերը ժամը երկուսն անց քառասունմեկ: Բերանս չորացել էր, ջուր խմեցի, պառկեցի: Քնիս մեջ գլուխս բռնել էի, որ չպայթեր, ցավից բարձրաձայն տնքում էի: Մերոնք հիմա կմտածեն` սեյակում մենակ չեմ, դե իմ նման աննորմալից ամեն ինչ սպասելի էր: Ատամներս շրըխկալով, մեկը մյուսի ետևից փշրվեցին, լեզուս, բերանումս ազատ տեղաշարժվելով, չորացել, կախվել էր: Առավոտյան դեռ չէի հասցրել արթնանալ, երեք սպիտակ խալաթավորներ բռնեցին թևերիցս, ոտքերս մի լավ կապկպեցին, գցեցին մեքենան, տարան: Ես հրաժեշտ տվեցի բոլոր իմ նման մարդկանց, տանը, կյանքին… Վերջնականապես հեռացա: Երանի մեռնեի, իմ հետևից էլ մայրս կասմունքեր, հետո կազատվեր վերջնականապես ինձանից, այսպես հանգիստ չէր, կարող է` անբուժելի էր իմ հիվանդությունը, որ զարմացրել էր ավանդապահ ծնողներիս:

Հոգեբուժարանում ինձ ամբողջ օրը քնեցնում էին: Տարբեր հիվանդությունների դեմ բուժումներ էին անում, ներարկումներ ու այդպիսի հետաքրքիր պատմություններով էլ անցնում էր կյանքս: Ես ամբողջ օրը կայֆի տակ էի` հարբելուց, ծակվելուց ավելի լավ, հիշարժան… Արթնանում էի բարձր տրամադրությամբ, հաճելի պատկերներով շրջապատված: Աչքերիս առաջ մարդիկ էին հայտվում, մերկ աղջիկներ, որ նստում էին կողքիս, ու ես հանդարտ ձեռքս երկարացնում` տեղավորում էի նրանց մեջ: Նրանք առանց ավելորդությունների տնքում էին, այնքան լավ էին տնքում, որ սիրեցի նրանց տնքոցը… Հետո անհետանում էին պատկերներն, ու ես հայտնվում էի իսկական գժի դերում:

Կատարյալ ազատություն չկա, այդպես ամեն դեպքում ասում են եկեղեցականները, այժմ ես ազատ էի ու կատարյալ, չէ՞ որ այնպես, ինչպես մարդ զգում է, դա է մարդու իսկական վիճակը: Ես ուրիշ հիվանդ էի… Դեղերի ազդեցության տակ շարունակվում էր կյանքը… Կայֆ էր, ինչպես երբեք: Բուժքույրը, որ ամեն ժամ այցելում էր ինձ, հասկանում էր, որ ես գիժ չեմ: Երբեմն բժշկի նշանակած դեղերը չէր ներարկում… Ես գրքեր էի խնդրում նրանից, նա գրախանութից ինձ համար գրքեր էր գնում. Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը»,

Մարկեսի «Վերհիշելով իմ տխուր պոռիկներին», Ռ.Հովսեփյանի «Ծիրանի ծառերի տակ» վեպը… Չափազանց բարձր ճաշակ ուներ, լիքը գլուխ: Մետաքսի նման նուրբ էր, ազնիվ, մետաքսի պես պարզ ու եզակի իր տեսակի մեջ: Խորը գեղագետ էր, ոչ բուժաշխատողին հատուկ աշխարհ, մինչդեռ մարդու հոգու հետ գործ ունեցող անձնավորությունը պետք է, որ լիներ աչքի պես պարզ, աչքի պես բարդ, ինչպես Թումանյանը կասեր: Ավարտեցի «Փոքրիկ իշխանը», երկու գիշեր անդրաշխարհիկ հարթության վրա օրորվում էի` տվայտվում… Ամեն բան երկնային էր ու հեքիաթային: Հերթական առավոտը գիժ էր… Մեկ արև կար ու տաքություն, մեկ մռայլ էր ու ցուրտ: Բուժքույրը սենյակ մտավ այն ժամանակ, երբ ես ուզում էի մեկին, ում կսիրեի, ում մեջ կտեսնեի նրան, ով լույս ու քնքշություն կտար առանց երկմտելու` անմնացորդ… Ես կարող էի, ինքս ինձ ուտում էի ու չէի հասկանում` ինչ է կատարվում ինձ հետ, այժմ առանց պատճառի կհամբուրեի նրա կոպերն ու պարանոցը, կհոտոտեի` շուրթերն ու երկարածամը: Բուժքույրը նայում էր ինձ ու չէր ճանաչում, կարմրել էի, մեծացել էր գլուխս, աչքերիս մեջ արթնացել էր տղամարդը: Վեր թռա տեղիցս, փակեցի ներսից դուռն ու գրկեցի նրան, ծալեցի թևերը… Ուժով տիրեցի: Ցելկա էր: Նայում էի նրան ու չէի հասկանում, պատկերները արժեզրկվել էին աչքերիս մեջ: Այժմ այն աղջիկը չէր, որին ես գիտեի: Ահա թե ինչ տարբերություն կնոջ ու աղջկա միջև… Նույնիսկ աղջկա ձայնն ու ժպիտն է ուրիշ, մաշկի հոտը, որը նման է մանկան, ուզում ես գրկել, հոտոտել գլուխը, անենազգայուն ու ամենանուրբ գլխամաշկը… Նա աչքիս ավելի բարձրացավ, ավելի ու ավելի կապվեցի նրա հոգու նուրբ աշխարհին… Նողկանք, արհամարհանք, ատելություն կար նրա աչքերի անկյուններում: Ես, մեղքը ուսերիս առած, պետք է ապրեի… Չէի կարող, անկեղծ` չէի ուզում: Անշշուկ հարթության եղանակներից թաքնված, աշխարհից հեռու չէի կարող լինել: Ինքնակամ հանձեցի ինձ ոստիկանությանը, գոնե այդպես ինձ պատժեի, թեև բարձրյալին է տրված որոշելու մարդու գնահատականն ու պատիժը, իսկ նրան հասնելու համար պետք է արժանանալ նրա վերաբերմունքին, ուշադրությանը:

Բռնաբարության հոդվածի տակ փակեցին: Կարծում էի էլ չեմ տեսնի բաց երկինքը, լույսն ու խավարը: Բուժքույրը չբողոքեց, հակառակը` հերքեց: Ինձ մի քանի օր հետո բաց թողեցին, գժի թուղթը այս անգամ հիշեցրեց ինձ իմ տեղը: Ես օր օրի կորցնում էի ճնշումս, քաշս, մազերս, տեսողությունս… Գլուխս: Ես կարոտել էի նրան, չկար, թողել էր ամեն բան, գնացել` երկրից, ամոթն ու ցավը իր հետ վերցրել, տարել էր` հեռու, ինձանից, մարդուց, քաղաքից, աչքից: Ուզում էի իմ հոտից, նույն իմ արյան գույնի մարդ գտնել, խոսել, բողոքել, վերջապես մի լավ լաց լինել` վերհիշել ազգությունս, կրոնս, լեզուս ու մեկ էլ ինձ… Չկար, թողել, մոռացել են ինձ: Ես պառկեցի, ձեռքս առա սուրսայր դանակն ու խորը շնչեցի: Ոչ ցավ կար, ոչ էլ անփարատելի ափսոսանք… Ես երջանիկ էի, եղանակն էլ տաք էր, գունավոր, իսկ մարդիկ` լուռ, անտարբեր: Աչքերիս մեջ անիրականալի պատրանքներ կային, որտեղ հանգիստ աշխարհը դեպի լավն ու ճշմարիտն էր տանում մարդուն: Հեռվում կանգնած աշխահը արդեն այն չէր, ես սավառնում էի իմ հորինած հեքիաթի զառանցանքի մեջ… Նախկինում երբեք չեմ զգացել` ինչ բան է ճշմարտությունը: Հանդիպել ինքդ քեզ հետ ու ներում խնդրել… Չդիմադրեցի ճշմարիտ լինելու իմ ազատությանը…

Վախենում էի, մինչդեռ կյանքում առաջին անգամ ճանաչեցի ինքս ինձ` հասկացա, որ ես այդքան էլ ուժեղ ու ազնիվ չեմ եղել, ինչպես որ երբեմն ներկայացել եմ: Արագ-արագ քայլերով գնում էի: Ես անխռով ժպտացի աշխարհին. Հետ նայեցի, փողոցում մեն-մենակ քայլում էր` թեթև, անհանգիստ այն մեկը, ում տեսնելու համար ոչ մի բացատրություն չունեի… Հեռացա… Ութն անց էր քառասուն րոպե: Ամեն բան խաղ էր` անզգամ…

Դատարկության մեջ լղոզված մահը` մեռնում էր ծիծաղից…

…Վերադարձ:

…Ես, խարանեցի իմ մեջ խունացած ստրուկին և կերկերուն գազանին… ու սկսեցի «ՄԵԾ» մտածել:

 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024