Բոլոր կանայք սեւ հագնող էին

Արթուր Հայրապետյան Հուլիս 19, 2021

ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ՀՈՒԼԻՍԻ 16-Ը

կամ

ՍՈՒՐԻԿԸ ՄԵՌԱՎ՝ ՉԱՂ ԿՆՈՋ ԿԱՐՈՏ

Լուսանկարի բոլոր կանայք սևեր հագնող էին։ Սեդա տատս ամուսնուն՝ Սուրիկ պապիս, 39 տարեկանում էր կորցրել ու այրիացել։ Տեգոր կինը՝ Լիդան, 53-ում, մյուս տեգոր կնոջ՝ Նարգիզի ամուսինը՝ Պավլեն, լուսանկարը անելիս՝ 2005-ին, մի տարվա մահացած էր, իսկ նրանց աննման տալը՝ Սուլթանը, վշտի ծով էր։ 3 եղբայրների ու փեսայի անտանելի կորստի հետ մեկտեղ նաև Ղումաշ դստեր մահն էր սգում ամբողջ կյանքում։ 

«Վարդումյան Լիդան ձե՞ր տատիկն է»,- մեկ տարի առաջ հենց այս օրը խոսափողից այն կողմ հարցրեց բժիշկը։ Ես, անզորությունից ու հարցի ողբերգական շարունակությունը տրամաբանելով, «այո» պատասխանեցի։ Կյանքում առաջին անգամ էր, որ մարդու մահվան լուրն առաջինն ինձ էին հայտնում, ու ստիպված էի նրա զավակներին անձամբ փոխանցել սիրելի Լիդա տատիկի մահվան բոթը։ «Սևակ ջան, էս ինչ անտանելի ցավ ա, բայց ապրեն, բժիշկ ընկերներդ, շատ հոգատար են»,- մահվանից րոպեներ առաջ էր հետս խոսել 3 տասնյակից ավելի ուսանողների պահած, ամուսնացրած ու կյանք ճանապարհած ամենամեծ Վարդումյանը։ Ինչո՞ւ ամենամեծ, որովհետև թե՛ իր օրիորդական, թե՛ ամուսնու ազգանունը Վարդումյան էր, ու ընտանեկան բոլոր առիթ-միջոցառումների ժամանակ «ամենամեծ Վարդումյան» տիտղոսը Լիդա տատն իրեն էր վերագրում։ 

1979 թ-ի նույն օրը՝ հուլիսի 16-ին, ավտովթարից մահացել է նաև 43-ամյա Սուրիկ պապս։ «Սևլաչակ եղար, ա՛յ որդի»,- 39-ամյա արդեն լուսահոգի տատիս մայրը՝ Հերիք բաբոն, այսպես է հասկացրել, որ կյանքի կեսն էլ չկա։ 

Եղբոր՝ Միշայի համար կին Սուրիկ պապս էր գտել ու միջնորդել` ամուսնանան։ Բացի տեգոր կին լինելը` Սեդան ու Լիդան մորաքրոջ աղջիկներ էին, ու երկու եղբայր, փաստորն, նաև «բաջանաղ» էին։ Խորհրդային միության ծաղկուն ժամանակաշրջանում Միշան ու Լիդան Պավլեի ու Նարգիզի հետ որոշում են Սև ծով՝ հանգստի մեկնել։ «Յանի քիչ եք չաղ, գնացեք ավելի տոխլիկացեք ,- եղբայրների փարթամ կանանց դիմելով՝ ասում է պապս ու շարունակում կատակել,- Բա հո նիհար Սեդայի՞ս չեք տանի, որ մի քիչ ջանի գա․․․ Որ ես մեռնեմ, քարիս վրա կգրեք՝ Սուրիկը մեռավ՝ չաղ կնոջ կարոտ»։

Սուրիկ պապիս սիրել ու նրա մասին լսել ենք միայն պատմածով։ Հուլիսի 16-ի ողբերգական վթարից է մահացել Օդեսայում։ 41 տարի անց հենց նույն օրը չարաբաստիկ հիվանդությունից մահացավ օջախի ամենափոքր ու ամենաժրաջան հարսը՝ Լիդան։ Ողբերգական էս օրը լրանում է նաև անչափ սիրելի տատիս՝ Սեդուլյայիս մահվան 

մեկամսյակը, ում մահվան հետ ես ուղղակի չեմ համակերպվում։                                                                          

Ձեր բոլորի հոգուն հանգստություն թող իջնի, իմ պապուտատեր, ամագս թող ձեզ հալալ լինի։ 

Հ․Գ․ Տատ ջան, Ախթալա գնալ չեմ ուզում, խաչբառերդ չգիտեմ՝ ում եմ տալու։ Կատակասեր ջան, հոգատար ջան, բա քյալամի կարմիր-կարմիր թթուն ես հիմա որտե՞ղ փնտրեմ։

 

Սեւակ Վարդումյան 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024