Ես ամբողջ երեկոյի ընթացքում նայում ու նայում էի պատերազմին ու զարմանում, որ նա անպատմելի ու աննկարագրելի գեղեցիկ դեմքեր ունի

Աննա Անտոնյան Հունվար 23, 2024

Այդ օրը պատերազմին շատ մոտ էի նստել: Իմ ու պատերազմի արանքում մի փոքրիկ արահետիկ էր, որով աթոռներին քսվելով անցնում-դառնում էին ուշացած հյուրերն ու իրար ողջունել ցանկացողները: 

Պատերազմը այդքան մոտ երբևէ չէի պատկերացրել ու ստացվեց այնպես, որ այդ օրը մեկ սեղան հեռավորությունից ես տեսա նրան,,,

Հետո պատերազմը շարժվում էր,,, իրեն մոտիկացող ջերմություն ու կարեկցանք արտահայտող դեմքերին պատասխանում էր ժպիտով, հարգանքով ու երախտագիտությամբ: Ես մնացած ամեն ինչ թողած արդեն սկսել էի միայն պատերազմի կողմը նայել ու զարմանքով նկատել, որ նա դեմքեր ունի: Եվ ի՜նչ դեմքեր,,, Ես հասցրել էի այսպիսի ոչ երկրային դեմքեր տեսնել սառը քարերի վրա՝ հրեշտակաբլուրում, ուր հաճախ էի եկեղեցու փոխարեն գնում՝ մաքրվելու: Հիմա հենց կողքիս՝ մի սեղան հեռավորությունից տեսնում էի արդեն երկրային դեմքեր, որոնցից յուրաքանչյուրի վրա էր նստած պատերազմը,,, ահա, թե որտեղ էի տեսել պատերազմը,,, մի սեղան այն կողմ պատերազմը: 

Հետո պարզվեց, որ անուններ ունի նաև,,, Կամո, Արթուր, Դավիթ,,, 

Ամեն ինչ խառնվել էր գլխումս ու սրտումս: Մի սեղան այն կողմ Կամոն էր նստած, որ դեռ ու դեռ երկար պատերազմ պիտի բուրեր: Դավիթն էր ու Արթուրը, Հրաչն էր ու Գոռը, Արմանն էր ու Նորայրը, Գարիկն էր ու Կարենը,,,

Ես ամբողջ երեկոյի ընթացքում նայում ու նայում էի պատերազմին ու զարմանում, որ նա անպատմելի ու աննկարագրելի գեղեցիկ դեմքեր ունի այս սեղանի շուրջ ու սառը քարերի վրա,,,

 

Ես պատերազմի մասին չեմ գրելու,,, դրա իրավունքն էլ ես չունեմ էրեխեք ջան: Ես հեռու եմ եղել,,, բայց պատերազմը մինչև այսօր իր ուսերին կրող ընկերոջս՝ Մամիկոն Խուրշուդյանի մասին ուզում եմ ամեն օր պատմել: Այս բոլոր տղաներին նրա միջոցով եմ տեսել 2021 թվականին Ռոյալ Երևան ռեստորանում մրցանակաբաշխության ժամանակ: Նրանք, մոտ 40 հոգի էին, շատ ծանր վիրավորում ստացած զինվորներ, որ կռվել էին 44 օրյա դժողքի օրերին: Նրանք հիմա էլ Մամիկոնի շուրջն են, կամ Մամիկոնն է նրանց, բոլոր 40 տղաների շուրջը: 

Հիմա շատ քիչ ժամանակ ունենք որևէ ձևով աջակցելու և օգնելու այս տղաներին, որոնց հոգսերով ապրում է Մամիկոնը: Նա հիմա այստեղ է, Լոս Անջելեսում շատ կարճ ժամանակով: Չէ, ոչինչ առանց հատուցման պետք չէ ժողովուրդ ջան: Գիրք ունեն վաճառքի, որում պատմում են իրենց մասին: Գիրք ձեռք բերեք և հովանավորած կլինեք մեր հրաշքով ողջ մնացած զինվորներին: Գրքում կան նրանց նկարներն ու պատմությունները:

 Խնդրում եմ Լոսի իմ սիրելի ընկերներ: Ամեն գնով աջակցենք այս գործին: Թե որտեղի՞ց, հարցրեք ինձ՝ վաղը կգրեմ շնորահանդեսի տեղերն ու ժամը: 

Խնդրում եմ այս կերպ շնորհակալություն հայտնենք ճակատագրին ու Աստծուն՝ այս երկրում անպատերազմ ու ապահով կյանքի համար, որ տրվել է մեր երեխաներին:

 Խնդրում եմ անտարբեր չլինել:

Նունե Փեներջյանը Մամիկոն Խուրշուդյանի "Հայրենների" մասին 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024