Գալստյանը ծանր մարտերում թշնամուն դիմադրեց 32 օր և անմահացավ

Արթուր Հայրապետյան Հոկտեմբեր 31, 2022

ՋՐԱԿԱՆԻ ԱՐԾԻՎԸ՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՐՄԵՆԻ ԳԱԼՍՏՅԱՆ

 

…Երևանի Շենգավիթ վարչական շրջանի բակերից մեկում՝ Շիրակի փ. հ. 68 շենքի դիմաց տեղադրված է խաչքար…Երբ անցնելիս լինեք այս փողոցով, ձեր փոքրիկների ձեռքը բռնած, պատմեք եկող սերնդին, որ այստեղ՝ այս բակում է ապրել Արցախյան երրորդ պատերազմում անմահացած հերոսներից մեկը՝ Հովհաննես Արմենի Գալստյանը: Ասեք նրանց, որ այս բակում էր ապրում մի լուսավոր տղա, ով իր մասնագիտական ուղին, երազանքները մի կողմն դնելով՝ գերադասեց նախ իր պարտքը տալ Հայրենիքին, ապա ուսումը շարունակել պարտադիր ժամկետային զինծառայությունից հետո: Սակայն սկսվել էր պատերազմը… Հովհաննես Գալստյանը ծանր մարտերում թշնամուն դիմադրեց 32 օր և անմահացավ 2020 թվականի հոկտեմբերի 30-ին: Իսկ պատերազմի ամբողջ ընթացքում ծնողներին ասում էր.

 

-Ամեն ինչ լավ է լինելու, մեզ համար մի անհանգստացեք…

Միայն հետո՝ շատ ուշ էին ծնողներն իմանալու, որ որդին եղել է հատուկջոկատային:Կռվել է ամենաթեժ կետերում, ոչնչից չէր վախենում: Ասում էր.

- Մենք մեր ընկերների վրեժը պիտի լուծենք…

 

Ծնվել է 2000 թվականի հոկտեմբերի 9-ին՝Երևանում՝ Արմեն Գալստյանի և Նաիրա Մանուկյանի հիմնած գեղեցիկ և ամուր ընտանիքում: Ծնողների երկրորդ որդին էր, տան կրտսերը…Մայրը՝ տիկին Նաիրան պատմում է, որ Հովհաննեսը դեռ վաղ մանկուց է աչքի ընկել իր պայծառ բնավորությամբ: Իր շուրջը տոն ստեղծող տղան բոլորի ուրախությունն էր, ում դեմքից ժպիտը երբեք չէր իջնում: 

 

2006թ -ին Հովհաննես Գալստյանը հաճախել է Երևանի Սոս Հովսեփյանի անվան 115 անվան դպրոցը։ Հիմնական կրթություն ստանալուց հետո ուսումը շարունակել է Երևանի Հայ հունական պետական քոլեջ խոհարարական բաժին։

 

2019 թվականի հունվարի 14-ին Հովհաննես Գալստյանը զորակոչվեց բանակ: Ծառայում էր Արցախում՝ Ջրականում: Հետո ծառայակից ընկերները ևս նրան պիտի ճանաչեին որպես ընկերասեր, բոլորին օգնելու պատրաստ զարմանալի մարդու: Եվ իր բարեսրտության ու խելամտության համար շուտով նվաճեց նաև ծառայակից ընկերների ու սպայական կազմի սերն ու հարգանքը։ Ծառայության ընթացքում ցուցաբերել է բարձր մարտական պատրաստվածություն, ինչի վկայությունն են արդեն Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ կատարած օպերատիվ ռազմական գործողությունները։ 

Հովհաննես Գալստյանի խիզախությունը թվում է՝ սահման չուներ…Որքան ամրակուռ ոգի պիտի ունենար 19 տարեկան զինվորը, որ թշնամու սանձազերծած պատերազմի առաջին իսկ օրը անցներ հատուկ նշանակության ջոկատի շարքերը և հայտնվեր կռվի ամենաթեժ կետերում: Մինչդեռ Հովհաննեսն իր մասնագիտությամբ կարող էր ծառայել նաև թիկունքում: Բայց դա իր համար չէր: Նա սկզբից մինչև վերջ նախընտրեց լինել կրակի առաջին գծում՝ ընկերների կողքին: Մասնակցել է NYUZGAR կոչվող տանկային KSH I կրակային դիրքի պաշտպանությանը՝ հետմղելով թշնամու հարձակումները։

 

2020 թվականի հոկտեմբերի 3-ն էր: Հովհաննես Գալստյանն իր ծառայակից ընկերների հետ ընկնելով շրջափակման մեջ՝ նույնիսկ այդ իրավիճակում կարողանում է ոչնչացնել թշնամու կենդանի ուժին և ընկերների հետ դուրս գալ շրջափակումից: Նույնիսկ այսպիսի պահերի, երբ կյանքի ու մահվան սահմանագծին հերոսը հասցնում էր զրուցել ծնողների հետ, դարձյալ կրկնում էր իր խոսքերը.

 

-Ամեն ինչ լավ է լինելու…Կարող է մի քանի օր չկարողանամ զանգել, որովհետև հեռախոսը լիցքավորելու հնարավորություն չունենք…Բայց դուք մի մտածեք, լավ է լինելու…

 

Երբ հերոսամայրը՝ տիկին Նաիրան պատմում է այս ամենը, թվում է աչքիս առաջ հառնում է իր մանկությունից եկող այն լուսավոր տղան՝ մշտապես ժպիտը դեմքին…Թվում է՝ մարտի դաշտից հենց այսպես ժպիտով էլ հորդորել է ընտանիքին, որ չանհանգստանան…Մինչդեռ ինքը ՝ հերոսը շատ լավ գիտեր, թե ինչ փորձությունների միջով է անցնում ինքն ու մի ողջ սերունդ…Մի քանի օրից իր ծննդյան օրն էր՝ հոկտեմբերի 9-ին: Սակայն հերոսը իր ծննդյան 20-ամյակը դիմավորեց ռազմի դաշտում: 2020 թվականի հոկտեմբերի 10-ին մասնակցլով 100HDK I D1 դիվիզյոնի դիտակետի պաշտպանությանը՝ հետ է շպրտել թշնամու հետախուզական- դիվերսիոն խմբին։ 

 

  2020 թվականի հոկտեմբերի 26-ն էր: Հերթական մարտական գործողության ժամանակ հերոսը ևս փայլեց իր ռազմական մտքով՝ դուրս մղելով թշնամու դիվերսիոն խմբին՝ կասեցնելով մեր զինվորների պաշտպանած դիրքերի ուղղությամբ պատրաստվող հերթական գրոհը…Սակայն օրեր անց ՝ 2020-ի հոկտեմբերի 30-ին անմահացավ հերոսը՝ իր կյանքը տալով հանուն Արցախի ու Հայաստանի:  

 

Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար հետմահու պարգևատրվել է Մարտական Ծառայության մեդալով։

 

Ես զրուցել եմ հերոսի մայրիկի՝ տիկին Նաիրայի հետ: 

Եվ նրա մասին ամեն մի պատմություն ավելի ամբողջացնում հերոսի հոգևոր նկարագիրը:  

 

-Տղաս երազանքներ շատ ուներ…Բայց ամեն ինչ այդպես էլ երազանք մնաց: Շատ բարի էր, ժպտերես: Երբեք որևէ բանից չէր կոտրվում: 

Պատերազմի ժամանակ , երբ զանգում էր, ասում էր.

 

-Մամ ջան, սաղ տոչնի ա,մի վախեցիր… Մեր հողը մենք պետք է պահենք։ 

 

Իր ընկերոջ հետ հեռախոսազրույցի ժամանակ մի անգամ ասել էր.

 

-Ընկերներս աչքիս առաջ կոտրվում են… չես պատկերացնի ՝ինչ եմ զգում,երբ որ ամեն մեկը ձեռքիդ մեջ մահանում ա ու դու իրանից վերջին անգամ բառեր ես լսում.

ԵՍ ՉԵՄ ԳԱԼՈՒ, ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ ԳՆԱԼՈՒ ԵՄ …ՀԵՏ ԳԱԼՈՒ ՃԱՄՓԱ ՉՈՒՆԵՄ,ՏՂԵՐՔԻ ՎՐԵԺԸ ՊԻՏԻ ԼՈՒԾԵՄ։

  

Տղաս զորացրվելու էր հունվարի 14-ին: Որոշել էի, որ մեր տանը Ամանորը չենք նշի այնքան ժամանակ , մինչև Հովհաննեսս կզորացրվի ու ներս կմտնի ...Հովհաննեսս չեկավ: Բերեցին: Տղաս որոշեց վերադառնալ հերոսացած : Տղաները սրբացան, իսկ մենք չգիտենք՝ ինչպես ենք ապրում այս հավերժ սպասումի ցավով…

 

Չէր վախենում ոչնչից: Այնքա՜ն վստահ էր խոսում…Հադրութում նա արդեն մտել էր հատուկջոկատայինների խումբ: Ու դա մենք իմացանք պատահաբար, երբ պատերազմի օրերին հանկարծ կադրեր երևացին հեռուստաէկրանին. Արցախի նախագահն էր զինվորների մասին խոսում, թե ինչպես են մեր տղաները հետ բերել թշնամու գրաված մի քանի դիրք, և ահա պատահական հատուկջոկատայինների շարքերի մեջ նկատեցինք Հովհաննեսին: Տեսանյութը կա, պահպանվել է… 

 

…Մենք ապրում ենք իր նկարներով, անկյունով…Մինչև զոհվելու օրը էրեխուց տեղյակ չենք եղել: Ասել էր՝ կարող է մի քանի օր չզանգեմ, մի վախեցեք: Այնինչ շրջափակման մեջ էին ընկնում, բայց մեզ չէր ասում: 

 

Իր հեռախոսը մնացել էր դիրքերում….Մեծ տղաս պատերազմի ժամանակ գնացել էր ռազմի դաշտ, որ եղբոր կողքին լիներ: 10 օր եղել է դիրքերում, այդ ընթացքում հեռախոսով խոսել է եղբոր հետ: Սակայն Հովհաննեսը չի ցանկացել, որ իր տեղն իմանա: Նա հորդորել էր.

 

_Մենք այստեղ շատ ապահով ենք: Դու գնա տունը, տանը ինձ սպասիր: Դու ինձ այդտեղ` տանն ես պետք, մեր ծնողների կողքին...

 

Նույնիսկ այդ ժամանակ չգիտեինք, որ ծառայության է անցել հատուկ նշանակության ջոկատում:

 

Հերոսի մասին պատմությունները շատ են, որոնք մի օր ներհյուսվելով դառնալու են նրա մասին պատմող մի վիպասք: Եվ ժամանակի մեջ սերունդների համար մարտակոչի նման է հնչելու հերոսի խոսքը, որ բազմիցս ասել էր պատերազմի դաշտից.

 

-ՄԵՐ ԹԻԿՈՒՆՔԻՆ ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆ Է…ՄԵՆՔ ՄԵՐ ՀՈՂՆ ԵՆՔ ՊԱՀՈՒՄ…

 

Իսկ նա Հողը պահեց իր արյունով՝ մեր հազարավոր եղբայրների հետ ընդունելով նահատակության պսակը… Նրա նույնիսկ անմահանալու ժամերն էին խորհրդավոր: Հերոսի մայրը՝ տիկին Նաիրան պատմում է , որ այդ օրը իրենց տարածքում հոսանքազրկում է եղել, անջատվել են նաև իրենց բնակարանի լույսերը…Վառ է մնացել միայն Հովհաննեսի ննջարանի լույսը: Հետո ավագ որդին զանգհարել է, որ հերթական անգամ խոսի եղբոր հետ…Սակայն…Հեռախոսազանգին պատասխանել է մեկ ուրիշ զինվոր և լսափողի մյուս կողմից լսվել են ծանրագույն խոսքերը.

 

-Ախպերս, կներես, մեր Փաշն այլևս մեզ հետ չէ…

Այսպիսի մականունով էին ընկերները դիմում նրան…

 

Արցախյան երրորդ պատերազմում անմահացավ Ջրականի արծիվը՝ Հովհաննես Գալստյանը…Նա մեր բոլոր հերոսների հետ միասին մեզ թողեց մեր պատմության իրավատերը լինելու և պայքարից երբեք և ոչ մի իրավիճակում չնահանջելու դասերը: Եվ երբ զրուցում էի հերոսի մայրիկի՝ տիկին Նաիրայի հետ, անգամ այս անփարատելի վշտի մեջ նա կարողանում էր իր մեջ ուժ գտնել և ասել այս խոսքը, որն այլև մեր գիտակցության մեջ ամրագրված գաղափար պիտի դառնա.

 

-Մեր զինվորները չեն պարտվել… …Նրանք կռվեցին թշնամի պետությունների տանդեմի, նրանց դաշնակից երկրների դեմ… Հայ զինվորի տեսակը պարտվել չգիտի…

 

Խոնարհումս, Հերոսամայր: Այո, հայ զինվորը չի պարտվել: Այդ հայ զինվորի հաղթանակն են ոչնչացրել: Ու մեր երկար տարիների պայքարով պիտի գա այն օրը, որ ունենանք իրենց կյանքը հանուն Արցախի ու Հայաստանի տված ազգային, ուժեղ երկիր…Սա անմահների հրամանն է՝ մեզ բոլորիս: Մեր լինելիության իմաստն ու ճանապարհն է: 

 

ՀԱՍՄԻԿ ՊՈՂՍՅԱՆ

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024