Ինչ փաստաթուղթ է դրված սեղանին

Արթուր Հայրապետյան Հուլիս 28, 2021

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Գեղարքունիքի Սոթք-Վերին Շորժա հատվածում տեղի ունեցող ռազմական բախումները ժամանակային իմաստով համընկնում են Բաքու/Անկարա-Մոսկվա-Երեւան միջնորդական դիվանագիտության հետ, որի մասին շատ քիչ բան է հաղորդվում։ Հայ-ռուսական բարձր մակարդակով որոշ բանակցությունների մասին ոչինչ չի հաղորդվում:

 

Իլհամ Ալիեւը Մոսկվայում ներկայացրել է փաստաթղթի նախնական տարբերակ, որի երեք հիմնական կետերն են.

 

ա) Հայաստանը եւ Ադրբեջանը ճանաչում են միմյանց սահմանները, եւ Արցախից մնացած մասը ստանում է ինչ-որ տեսակի կարգավիճակ (մշակութային ինքնավարություն),

 

բ) Սահմանազատման եւ սահմանագծման գործընթաց է սկսվում, որի կարեւոր պայմաններից մեկը անկլավների հարցն է՝ Վերին Ոսկեպար, Ներքին Ոսկեպար/Բաղանիս Այրում, Խեյրիմլի, Սոֆուլու, Բարխուդարլու, Քյարքի, ինչպես նաեւ Արծվաշեն,

 

գ) Ադրբեջանը ազատ ուղի է ստանում Հայաստանի տարածքով՝ կապվելու Նախիջեւանի եւ Թուրքիայի հետ:

 

Ռուսաստանը համաձայն չէ, մասնավորապես, Արցախի կարգավիճակի ադրբեջանական տարբերակի եւ որեւէ տարբերակի հետ: Մոսկվայի համար այսօր չի կարող լինել Արցախի կարգավիճակի խնդիր, որովհետեւ որեւէ կարգավիճակ նշանակում է ռուսական խաղաղարար առաքելության ավելորդություն չորսուկես տարի անց:

 

Ռուսաստանը եւ Ադրբեջանը/Թուրքիան համաձայն են, որ բանակցություններում եւ առաջիկայում ստորագրվելիք փաստաթղթերում ԵԱՀԿ Մինսկի խումբը, այն է՝ Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան, անելիք չունեն: Դրանով են պայմանավորված Վաշինգտոնի եւ Փարիզի վերջին հայտարարությունները, այդ թվում կապված Արցախի կարգավիճակի հետ:

 

Հայաստանն, անշուշտ, ներգրավված է այս բանակցություններում, սակայն նրա դիրքերը խարխլված են եւ թույլ՝ պայմանավորված 44-օրյա պատերազմում կրած պարտության իրողությամբ:

 

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վերջին ընտրություններում հաղթելու առիթով եւ շատ բաց տեքստով ասել, որ եկել է ցավալի եւ դժվար որոշումներ կայացնելու ժամանակը:

 

Խոսքը Մոսկվայի միջնորդությամբ սպասվող փաստաթղթի նախագծի մասին է, որը կարող է ստորագրվել առաջիկա շաբաթներին եւ ամիսներին: Ադրբեջանը փորձում է Հայաստանից պոկել հնարավոր ամեն ինչ: Դրանով են պայմանավորված վերջին օրերի եւ ժամերի լարվածությունն ու փոխհրաձգությունը սահմանի Գեղարքունիքի հատվածում: Հայաստանի համար, բնական է, կան կարմիր գծեր.

 

ա) Ադրբեջանը պետք է հետ քաշվի Հայաստանի Հանրապետության այն տարածքներից, որոնք մայիսի 12-ից հետո վերցրել է իր վերահսկողության տակ,

 

բ) չի կարող խոսք լինել որեւէ միջանցքի մասին, երբ պայմանագիրը ենթադրում է տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակում,

 

գ) Արցախի կարգավիճակը չպետք է կապ ունենա Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանների փոխադարձ ճանաչման հետ:

 

Ռուսաստանի համար առաջնային է այն, որ Հայաստան-Ադրբեջան ապագա բանակցություններն ընթանան, եւ պայմանագրերը կնքվեն իր հովանու ներքո, ինչպես եղել է կրակի դադարեցումը Արցախյան առաջին (1994, մայիսի 12) եւ երկրորդ պատերազմներից հետո (2020, նոյեմբերի 9/10):

 

Լայնածավալ նոր պատերազմի հավանականությունը փոքր է: Ադրբեջանը փորձում է Հայաստանից պոկել հնարավոր ամեն ինչ: Հայաստանը դիմադրում է, եւ շատ բան կախված է այդ դիմադրության արդյունքներից:

 

 

Թաթուլ Հակոբյան 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024