Ինչքան շատ պղտորումներ ու խճճվածքներ, վաղը այնքան դժվար կլինի

Արթուր Հայրապետյան Հուլիս 08, 2022

#Դու_պետք_է_ուժեղ_լինես

#Մի_սպանեք_մարդուն

 

Ինչքան շատ պղտորումներ ու խճճվածք, վաղն այնքան դժվար կլինի։ 

Մարդն ինձ գլխով է պետք` առողջ... 

Մարդն էլ տերեւի պես է։ Երբ հույսը կորցրած մարդ ես տեսնում, անհասկանալի է, թե ուր է գնում' չապրած տարիներն ապրելու փոխարեն, մի օր ընկնում է ու ամենահասարակ դեղնած տերևի նման վերջանում: Մարդն անսխալական չէ, բայց հաճախակի սխալներ գործելն ու մեղքի տակ ընկնել, անունն էլ պատահականություն դնելն անընդունելի է. չկա մի բան, որ մարդուց կախված չլինի: Չի կարելի կրկնել նույն սխալը երկու անգամ: Երկրորդ անգամ դա ոչ թե սխալ է, այլ՝ ընտրություն: Թեև չեմ սիրում «Չի կարելի» -ների շարքը, բայց այս դեպքում կարծում եմ «Չի կարելին» մեջ ընկավ, որ փրկի ասելիքս, տեղ հասցնի։ Երբեմն մարդիկ մեր օրերում ոչ թե ապաշխարում են, այլ գնում սատանայի ետևից, որովհետև հեռացել են Աստծուց, հավատից ու Նրան ուրիշ տեղ են փնտրում։

Հողը հիշողություն ունի, խոսքը ասելուց առաջ մտածել է սիրում, որովհետև լեզվի կծածը չի բուժվում, այն քաղցկեղի նման մի բան է... քայքայում է քեզ... 

Հայն ինձ ողջ և առողջ է պետք, մարդն ինձ գլխով է պետք, եթե մարդու գլուխը կտրես, էլ ինչի նման կլինի։ Մի' սպանեք մարդուն...

 

Պապս մեռնելուց առաջ ասում էր' "որ մեռնեմ, հետս մի բուռ ազնվություն ու մի բուռ ճշմարտություն կդնեք, որ առնեմ, տանեմ, այն աշխարհում ընկերություն անեմ ազնվության հետ, ճշմարտությունն էլ պահեմ վերջում մեզ դատելու համար...": Մինչդեռ այս անամոթ կյանքում ոչ ազնվությունն իր տեղը ճանաչեց, ոչ էլ ճշմարտությունն իր գործը արեց... Քանի, քանի հոգի ազնվության, ճշմարտության համար գլուխը հողին դրեցին, քանիսը հոգեպես խեղվեցին... Ի՞նչ գտան, ոչի'նչ, գնացին խառնվեցին հարյուր տարվա մեռելներին: Ո՞վ է ասել, որ դատավորները պետք է քննեն, թե ով ինչ հանցանք է գործել և ըստ այդմ մարդու ճակատագիր որոշեն։ Մարդն ազատ բնություն ունի, ում հետ կուզի ընկերություն կանի, ում կուզի կսիրի, գարունը բացվելուն պես կգնա ու բողբոջներն ափի մեջ կառնի, կհոտոտի, քնելուց առաջ կամ կաղոթի կամ էլ դուրս կգա տնից, որ մեկին մի բաժակ ջուր հասցնի... Աստված է մեր դատավորը, որ տեսնում ու լուռ հետևում է, հետո կես լուրջ, կես կատակ հոգի տալիս, հոգու հետ խաղում...

 

Մի՞թե հիմա վերջին ժամանակը չէ մարդու մեջ արթնացնելու ազնիվ ընդվզումի զգացում ամեն տեսակի անարդարության, ապօրինության դեմ… Հաճախ ենք շեղվում. մի շեղվեք ձեր նպատակից, գործեք նույնիսկ անկարելին, եթե անհրաժեշտ է։ Փողոցում բոլորը միակերպ հագնված, բոլորը նույն քաղաքակիրթ ժպիտը դեմքներին, քաղքենիության փոշու տակ ծածկված, բոլորը նույն բառապաշարով ու վարքագծով, կարծես ինչ-որ արտադրամասի կողմից թողարկված միադեմ, միակերպ, միանշանակորեն նենգամիտ… ձևապաշտների ժամանակն է արմատավորվում կարծես… Մեր շուրջ վխտում են արդեն նման մարդիկ: Սա այն մեղքն է, երբ մարդը նմանակում է իր նման մարդուն` գրողը` գրողին, նկարիչը` նկարչին, քաղաքական գործիչը` քաղաքական գործչին… Մեր օրերում այդ գործընթացը շատ է շատացել: Ինչքան շատ պղտորումներ ու խճճվածքներ, վաղը այնքան դժվար կլինի: Այժմ մենք ապրում ենք կանգնած այդ արհեստածին, օր-օրի մեր գլխին դժվարություններ, խնդիրներ հորինելով ու հետո շարունակում ենք դժվարությունները մեկիկ-մեկիկ հաղթահարել… ինչ-որ սկսել ենք սիրել դժվարությունների տակ կքած ապրելը…

Հաճախ մենք մեր վարակիչ հիվանդությամբ վարակում ենք ժամանակն ու գալիս է մի պահ, որ ուզում ենք ձերբազատվել այս խառնիխուռն ժամանակի, հիվանդ գոյությունից, մինչդեռ չենք գիտակցում, որ մենք մեր ձեռքով վարակել ենք ժամանակն ու այժմ ժամանակը, հիվանդ է՝ տկար...

Դու պետք է ուժեղ լինես: Հակառակը լինել չի կարող... Մարդը մեզ առողջ է պետք...

 

Արթուր Հայրապետյան 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024