ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՎԱՆ ԸՆԴԱՌԱՋ
....է՜ն երկու լավաշն արեց, որ ես բանաստեղծ դարձա...
1920-ական թվականներն էին, ծնողներս գնացել էին սար` խոտհնձի: Երեխեքս տանն էինք մնացել: Ընկանք մեծ եղբորս` Համոյի հետեւից եւ գնացինք դաշտ` սինձ ուտելու: Մեր տան ճամփին նոր թխվող լավաշի բույր էր տարածվել: Կանգնել-չէինք կարողանում շարժվել: Հացի հոտը արբեցրել էր բոլորիս: Նայում ենք` թոնրատան ծուխը երկինք էր ելել: Հանկարծ նոր թխած լավաշի դարսը թեւին գցած` մի կին դուրս եկավ, պառավ հացթուխն էր: Տեսնելով սովահար փոքրիկներիս կանգնած` իր կողմը նայելիս, երեւի մեզ խղճալով, երկու լավաշ տվեց: Սոված էինք, բայց Համոն չթողեց, որ ուտենք, ասաց` մենք սինձ կուտենք, պահենք մեր հոր ու մոր համար: Չկերանք, պահեցինք մինչեւ հայրս ու մայրս եկան: Լավաշը Համոն ծոցից հանեց, տվեց իրենց:
Ասին` դուք կերե՞լ եք, ասինք` չէ:
Մայրս ու հայրս լաց եղան:
Համոն այս պատմությունն ամեն անգամ պատմելիս` լաց էր լինում, մի օր էլ, արդեն յոթանասուն էր, ասաց` Հասմիկ, էն երկու լավաշն արեց, որ ես բանաստեղծ դարձա...
ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ