Մեռնելը` խրախուսող ստրկամտության չափը անչափ

Արթուր Հայրապետյան Հոկտեմբեր 31, 2021

Երեք տարի է մեր երկրում շունը տիրոջը չի ճանաչում։ Սկզբում, թե թողեք թող աշխատեն, հետո թողնելուց հետո հասկացանք, որ անուղղելի են, միտումնավոր երկիրը տանում են կործանման, հիմա էլ, թե փրկում են ապագայի մասին հույսեր տվող, ապագայի մասին պուպուշ բաների հավատացողներին։ Ամեն օր իրար հակասող որոշումներ են ընդունում, ու ամեն օր մահեր են, որ գրանցում են, ու առանց խղճի խայթ զգալու, թվեր են հրապարակում ու հպարտանում, բայց այստեղ մեղավորը ոչ թե իշխանություններն են, որ բոլոր ոլորտներում ձախողել են իրենց ապաշնորհ քաղաքականություն վարելով, իրենց անպատասխանատվությամբ, այլ մեղավորը մեռնողն է, թող չվարկվեր ու չմեռներ։ 

Մի օր շուտ արթնանում ու հայտնում են, որ պետք է արագ դիմակ կրենք, որ փրկենք կյանքեր, մյուս օրն ասում են, թե բոլորը՝ բացի մեզանից. մյուս օրն ասում են՝ պատվաստվեք, հաջորդ օրը պարզվում է՝ նրանց մեծ մասը դեռ պատվաստված չէ, որովհետեւ սպասում են մոդեռնային։ 

Երբ անհետեւողականության դեմ դիմադրություն չկա, ինչ մտքերով անցնում է անում են։ Մարդիկ կան, որ թեստ են հանձնել, փողերը առել են ու մինչեւ հիմա թեստի պատասխանը չեն ստացել։ Մեղավորը ոչ թե թեստի պատասխանը չուղարկողն է, այլ նա ով վճարել է թեստի համար ու պատասխանը չի ստացել ու կրկին գնացել է կրկնակի վճարել, որ գոնե այս անգամ թեստի պատասխանը ստանա, որ իրեն գործից չհեռացնեն։ Ու ամեն տեղ փող լվալու մեխանիզմ է աշխատում։ Այս իշխանությունների վրա է մնում ցանկացած մեկի մահը, թե պատերազմի ժամանակ, եւ թե համաճարակի, որովհետեւ երկու պատերազմների ժամանակ էլ այս իշխանությունները ամեն ինչ արել են, որ ոչ թե կանխեն պատերազմը, այլ հակառակը։ 

Պոլիկլինիկաներում կարող ես ժամերով հերթ կանգնել, ու հետո պարզվի, որ պատվաստանյութը վերջացել է, ի՞նչ պետք է անի քաղաքացին: Քաղաքացին քոռուփոշման պետք է հեռանա, ու սպասի։ Ու կրկին քաղաքացին է մեղավոր, ոչ թե պատվաստման գործընթացի համակարգողը։ Դե նախորդներն էլ կան` ներկա են։ Ով էլ չլինի մեղավոր` նախորդները` վկա։ 

Ինչպես որ Սյունիքում է։ Էրդողանն ու Ալիեւը Ֆիզուլիում օդանավակայան են բացում, մերոնք ջանասիրաբար ասֆալտ են փռում, ու հետն էլ հայտարարում են, թե այդ ասֆալտը տանելու են մինչեւ Նախիջեւան: 

Դա դեռ մի կողմ։ Մեր եղած, արած-դրած ճանապարհները տալիս ենք թշնամուն, մենք մեր փողով նոր ճանապարհ ենք կառուցում, որ ճանապարհ ունենանք.. մեր մարտունակ բանակի հերն անիծեցին, հիմա թե` բանակ պետք է ստեղծենք։ Ու ամենը` օդ։ 

Այս ազգադավերը Հայաստանը դարձել են ամոթի ու ստրկամտության օրրան, որտեղ քաղաքացին այլեւս ոչ թե հպարտանալու, այլ ամաչելու բան ունի, եթե մի գրամ խելք ունի։ Այս ամենը շատ մեղմ եմ ասում, որովհետեւ` մեղմ, թե կոպիտ, այլեւս ոչ ոքի չի հետաքրքրում, թե ինչ է կատարվում իր շուրջը, կարեւորը չոռը դեռ իրեն չի կպել։

 

Արթուր Հայրապետյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024