Մնացիր հավերժ դիրքապահ Արցախ աշխարհում քեզ վստահված Մարտունի 3-ում

Արթուր Հայրապետյան Նոյեմբեր 01, 2022

ՄԵՐ ԺՊՏԱՑՈՂ ՀՐԵՏԱՆԱՎՈՐ ՀԵՐՈՍԸ՝ ԿՈԼՅԱ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ

 

Մնացիր հավերժ դիրքապահ Արցախ աշխարհում քեզ վստահված Մարտունի 3-ում 

 

…Քեռուս ամենամեծ երազանքը որդի ունենալն էր…Չնայած իր երեք աղջիկներին ՝ մեր քույրերին սիրում ու պատվում էր ինչպես թագուհիների, բայց երկար սպասված որդու լույս աշխարհ գալուց հետո մի ուրի՛շ լույս երևաց նրա աչքերում. «Հորս անունը չի կորչի»,-ասել էր: Զավակի անունն ի սկզբանե որոշել էր. նա կրելու էր մեր պապի անունը: Եվ երազում էր, որ որդին իր տոհմի նախնիների նման արժանապատիվ ու հարգված մարդ դառնա…

 

Ես սովորում էի 10-րդ դասարանում, երբ ծնվեց մեր հրաշք եղբայրը՝ իր հետ մի մեծ լույս բերելով բոլորիս կյանք…Մեր եղբայրը մեծանում էր շատ հետաքրքրասեր: Դեռ փոքրուց սիրում էր ճանաչել ու բացահայտել մարդկանց հոգևոր աշխարհը, անգամ նրանց մասնագիտական բնագավառները…Թեև ինքը վաղ մանկուց որոշել էր ՝ դառնալու է ավտոմեքենաներ վերանորոգող վարպետ: Եվ երբ ինքս արդեն հասցրել էի ավարտել համալսարանը և իմ գործունեությունն էի ծավալում, քեռիս միշտ հարցնում էր, թե ինչի մասին է լինելու իմ հերթական հոդվածը, ի՞նչ նյութի ուսումնասիրությամբ եմ զբաղված, մեր Կոլյան ուշի- ուշով լսում էր մեր զրույց-քննարկումները: Մի օր էլ ժպիտը դեմքին ինձ հարցրեց.

 

-Քուրիկս, դու ե՞րբ ես հասցրել այդքան թեմաներն ուսումնասիրել…Ես ամեն օր քեզ մոտ եմ գալու, որ ինձ պատմես մեր ժողովրդի պատմության, մշակույթի , արվեստագետների, երաժիշտների, գիտնականների մասին…Բոլոր այս մարդիկ էլ ավտոմեքենաներ ունեն…Ես պիտի բոլորի ոլորտներից տեղյակ լինեմ, որ իրենց հետ զրուցելու թեմա ունենամ, երբ կգան ինձ մոտ ՝ իրենց ավտոմեքենան վերանորոգելու…

 

Նա այս ժամանակ ընդամենը 13-14 տարեկան էր: Եղբայրս իր այդ փոքր տարիքում արդեն վստահ էր, որ յուրաքանչյուր մարդ,անկախ իր զբաղմունքից պիտի լինի կրթված: Ու հենց այս սկզբունքով էլ ընտրում էր իր ընկերներին: 

 

Երկու դաժան պատերազմ տեսավ…Ապրիլյան պատերազմի ծանրագույն օրերին, երբ հարցրել էի, թե չի՞ վախենում արդյոք թշնամուց: Նա ինձ տվել էր իր խոհեմությանը շատ բնորոշ պատասխան.

 

-Ինչի՞ց վախենամ…Նրանք պատմություն չունեն, ուրիշի հողի համար են կռվում: Իսկ երբ ես գնամ բանակ, մեր պատմությունը պաշտպանելու համար եմ ծառայելու: 

 

…Մեր ժպտերես ու ընկերասեր Կոլյան ընդունվեց ուսումնարան՝ իր երազած մասնագիտության գծով : Չհասցրեց ավարտել: Պատերազմը չթողեց…  

Մեր հազարավոր եղբայրների նման նա ևս մեր պատմությունը, մշակույթն ու գոյաբանական ընթացքը պաշտպանեց իր կյանքով՝ միանալով անմահների գնդին: 

 

Կոլյա Նիկողոսյանը ծնվել է 2001 թ.-ի ապրիլի 4-ին՝ Արարատի մարզի Ջրաշեն գյուղում: 2007-2016 թթ. սովորել է Սարգիս Քոլոզյանի անվան միջնակարգ դպրոցում: Զուգահեռ սովորել է Երևանի N 14 երաժշտական դպրոցի կլառնետի բաժնում: 2016 թ.-ին միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո՝ 2017 թ.-ին, ուսումը շարունակել է Երևանի N 8 արհեստագործական պետական ուսումնարանում՝ որպես ավտոմեխանիկ-փականագործ: Ուսումնարանը գերազանց ավարտելով՝ 2019 թ.-ի հուլիսի 29-ին զորակոչվել է պարտադիր ժամկետային զինծառայության՝ որպես հրետանավոր:

Ծառայության ընթացքում իրեն դրսևորել է որպես բանիմաց ու կարգապահ զինվոր, վայելել ծառայակից ընկերների սերն ու հարգանքը: Զինվորական առօրյա ծառայության ու պարտականության կատարման ընթացքում դրսևորել է բարձր գիտելիքներ ու միշտ գտնվել է առաջամարտիկների շարքում՝ իր դրական հատկանիշներով օրինակ ծառայելով ընկերներին: Ակտիվ մասնակցություն է ունեցել մարտական առաջադրանքների կատարմանը՝ իրենց պատասխանատվության տակ գտնվող հատվածի մարտական հերթապահության գործողություններում:

 

Կոլյա Պարույրի Նիկողոսյանը իր հայրենիքի պաշտպանության գործում դրսևորել է անձնազոհ նվիրվածություն և ցուցաբերել է բարձր արդյունքներ՝ մարտական հերթապահությունում, որի համար պարգևատրվել է գերատեսչական պատվոգրով: Նվիրված լինելով իր զինվորական երդմանը՝ մասնակցել է 2020 թ.-ի սեպտեմբերի 27-ից թուրք-ադրբեջանական տանդեմի սանձազերծած լայնամասշտաբ՝ 44-օրյա պատերազմին: Առաջին օրից՝ Արցախի Մարտունի 3 հատվածում կռվել է հերոսաբար՝ չզիջելով թշնամուն ոչ մի դիրք:

 

Պատերազմի դաշտից, երբ հասցնում էր խոսել ծնողների հետ , միայն մի բառ էր ասում.

 

-Ինձ համար մի անհանգստացեք, ես իմ ախպերների կողքին եմ…Ծիտ ենք խփում, մեր ընկերների ու հերոսների վրեժն ենք լուծում…

Եվ այս խոսքերն ասում էր ծիծաղելով, ասես , իր զինտեխիկային որպես մանկական խաղալիքի վերաբերվելով… 

 

Կոլյա Պարույրի Նիկողսյանը 33 օր դիմադրեց …Մարտական գործողություններից մեկի ժամանակ ԱԹՍ –ն հարվածեց Կոլյային ու իր ծառայակից ընկերներին… Նոյեմբերի 1-ին հերոսաբար զոհվեց Կոլյա Նիկողոսյանը: Նրա հետ անմահացան ծառայակից ընկերները, որոնց կողքից երբեք չէր հեռանում, օգնում էր բոլորին, որ դժվարին ու պատասխանատու պահերին մենակ չլինեն մարտական առաջադրանքները կատարելիս: Կոլյա Նիկողոսյանի հետ նույն դիրքում ծառայած կամավորները հետո վկայելու էին, թե ինչ ծանր մարտեր է մղել 19-ամյա հրետանավորը: Նա կարողացել է թափանցել թշնամու թիկունքը ու արդեն թշնամու կողմից բռնազավթած տարածքից դուրս բերել զինտեխնիկան՝ ասելով.

 

-Մեր զինտեխնիկան է, ինչու՞ պիտի թողնենք թշնամուն: 

 

Փոխարինելով վիրավոր ընկերոջը միաժամանակ կռվել է երկու հրետանիով: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով հերոս հրետանավոր Կոլյա Նիկողոսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն», <<Մարտական Խաչ>> երկրորդ աստիճանի մեդալներով...

 

Հերոս հրետանավորը հանգչում է հայրենի գյուղում՝ Ջրաշենում: 

 

… Դու էլ հերոսացար, մեր ժպտացող հրետանավոր եղբայր: «Արցախպրեսի» արած այս լուսանկարը քեզ համար դարձավ վերջինը: Մարտական վերջին առաջադրանքից ընդամենը մի քանի օր առաջ քեզ համացանցում տեսան բոլորը՝ զինվոր ընկերներիդ հետ միասին: Դու չիմացար՝ ինչպես էին մարդիկ գրում ու խոսում ձեր մասին...Իսկ բազմաթիվ անծանոթ մարդիկ այդ չարաբաստիկ 40 օրերի ընթացքում օգնում էին, որ գտնենք քեզ...

 

Պատերազմի հերոսն ինձ համար քո ու մեր մյուս լուսավոր տղաների պատկերն ունի, որ չհասցրեցիք կյանքում ասել ձեր խոսքը: Իսկ դուք ծնվել էիք, որ 21-րդ դարը մերը դարձնեիք, որովհետև ուրիշ էր ձեր տեսակը, ուրիշ էր ձեր ոգին ու հայրենիքի մասին ընկալումները: Ուրիշ էր իմ քեռու որդին՝ իմ շնորհաշատ, ժպտացող հրետանավոր եղբայրը՝ 19-ամյա Կոլյա Նիկողոսյանը, որ լույսի պես հայտնվեց մեր կյանքում ու լույսի պես էլ մնալու է մեր մեջ...

 

Ամեն օրվա լուսաբացի հետ ձեզանից յուրաքանչյուրի թողած վերքը կրկին նորոգվում է, եղբայրս, և այդ ցավը ոչ միայն չի սպիանում, այլև ավելի է սաստկանում: Բայց մենք շարունակում ենք մեր գոյությունը: Ու ամեն մտորում ձեզանից յուրաքանչյուրի մասին դառնում է ուղեղի մորմոք, սրտի հիվանդություն: Ի՞նչ ենք պարտք մնացել ձեզ ու հերթի կանգնած վաղվա սերնդին: Ինչպե՞ս պիտի կառուցենք այն արժանապատիվ երկիրը, որ մեր այսօրվա լինելությունը մի քիչ արդարացված լինի… 

 

ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024