Խնդիրն ավելի արմատական է՝ մենք պետություն կունենա՞նք, թե՞ ոչ

Արթուր Հայրապետյան Հունվար 21, 2021

Հավանաբար, եկել է ժամանակը օբյեկտիվորեն եւ առանց ավելորդ հույզերի գնահատելու, թե ինչպես է ստացվել, որ պետական կառավարմանը բացարձակապես անընդունակ, ձախողված եւ անհաշվելի կորուստների համար պատասխանատու Հայաստանի իշխանությունը շարունակում է վայելել մեր քաղաքացիների որոշակի մասի վստահությունը: (Թե որ մասն է դա, դժվարանում եմ ասել, եւ Նիկոլ Փաշինյանի վարչապետ մնալու պարագայում անցկացվելիք արտահերթ ընտրությունները, ցավոք, օբյեկտիվ պատկեր չեն տա):

 

Մեր այդ համաքաղաքացիներին ես կբաժանեի երեք տեսակի:

 

1/ 2018 թվականի հեղափոխությունը, որն այսօրվա պետական կրոնն է, դարձել է նաեւ որոշակի մարդկանց անձնական կրոնը: Փաստերը եւ նոր գիտելիքների ձեռք բերումն այդ մարդկանց չեն հետաքրքրում՝ կա հավատ, կա վստահություն: Եթե մենք ժամանակի մեքենայի միջոցով կարողանայինք գնալ Հին Եգիպտոս եւ սկսեինք պատմել հարաբերականության տեսության եւ քվանտային ֆիզիկայի մասին, եգիպտացիները մեզ չէին հասկանա, որովհետեւ նրանք վստահ էին փարավոնների աստվածային բնույթի մեջ եւ հավատում էին կոկորդիլոսի տեսքով աստվածներին: «Եկավ փրկիչ Նիկոլը, կերտեց Նոր Հայաստանը, բայց, ցավոք, ոչ բոլոր թալանչիներից կարողացավ խլել իրենց հարստությունները, եւ դրա համար մենք պարտվեցինք պատերազմում»՝ դա կրոն է, որն ունի օբյեկտիվ հիմքեր (տես՝ 3-րդ կետը), բայց որը չի ընդունում դրան հակասող որեւէ տեղեկություն:

 

2/ Մարդկանց մեկ այլ խումբ գիտակցական մակարդակով գիտի, որ Հայաստանին պատուհասած աղետի մեղավորը Փաշինյանն է, բայց, քանի որ 2018 թվականին իրենք մեծ ոգեւորությամբ ձայն են տվել նրան, գուցե նաեւ կանգնել են թմբուկի մոտ եւ «հո՛ւ» են գոռացել, նրանց համար հոգեբանորեն դժվար է հրաժարվել այդ հեղափոխական ռոմանտիկայից՝ ընդունելով իրենց պատասխանատվության չափը. այդ մարդիկ պարտության համար արդարացումներ են փնտրում՝ այս կամ այն չափով տուրք տալով առաջին կետում նկարագրված առասպելաբանությանը:

 

3/ Վերջապես, Հայաստանում կան գործարար շրջանակներ, որոնք թեեւ չեն հարստացել այս 2,5 տարում, բայց նրանց կյանքը զգալիորեն ավելի հանգիստ է դարձել: Բանն այն է, որ նախորդ իշխանությունների ժամանակ իրենց մոտ օրումեջ գալիս էին հարկային, մաքսային եւ այլ կեղեքիչներ, որոնք պահանջում էին իրենց հետ կիսվել՝ բարձր եւ անօրինական եկամուտ ստանալու դիմաց: Հիմա չկա ոչ այդ բարձր եկամուտը, ոչ էլ կեղեքիչները, եւ դա գործարարների մի մասին բավարարում է: Նրանք (եւ նրանց վարձու աշխատողներից շատերը) շատ լավ տեղյակ են ներկայիս իշխանության ապաշնորհության եւ կործանիչ ձախողումների մասին: Բայց այդ գիտակցությունը «գերակշռվում է» վախով, որ իշխանափոխությունից հետո կվերականգնվի տնտեսական այն ռեժիմը, որը, բացի ամեն ինչից, նվաստացուցիչ էր նրանց համար:

 

Ամբողջ հարցն այն է, որ խնդիրը սխալ է ձեւակերպված՝ կա՛մ երկիրը կործանած տհաս դիլետանտներ, կա՛մ թալանչիներ: Խնդիրն ավելի արմատական է՝ մենք պետություն կունենա՞նք, թե՞ ոչ: Ինքնասիրահարված տհասներով՝ ոչ:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024